Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր
I. Ռազմավարական մակարդակ
«Բաժանիր և տիրիր». Հայկական հարցի անդամատումը
Հայաստանի Հանրապետության խորհրդարանում դարձյալ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես և անհապաղ ճանաչելու հարցը։ Ցավոք, ինչպես այսքայլի նախաձեռնողները, այնպես էլ հակառակորդները ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի, որի բոլոր հիմնական բաղադրյալները՝ հայ-թուրքական հակամարտությունը, վերջինից սերված նույն ղարաբաղյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը և Ջավախքի հիմնահարցը, ՀՀ քաղաքական վերնախավը շարունակում է գնահատել միմյանցից բոլորովին անջատ։ Համապատասխանաբար, Հայաստանի առջև ծառացած ռազմավարական խնդիրների ընդհանուր պատկերը չի երևում, թուլանում են պետության միջազգային իրավական և դիվանագիտական դիրքերն արտաքին քաղաքականության բոլոր գլխավոր ուղղություններով։ Հետևաբար, արտաքին (ինչպես նաև ներքին) քաղաքականության պետական արդյունավետ ծրագրավորումը, այդ թվում՝ ԼՂՀ ճանաչման նպատակահարմարության առարկայական վերլուծությունը, հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք՝ ինքներս մեզ համար, պարզ և իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունն աշխարհաքաղաքական այն իրավիճակի մեջ, որում գտնվում է Հայաստանը՝ 1991 թ. իր անկախությունը վերահաստատելուց ի վեր։
Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում
Սկսենք նրանից, որ 1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց այլևս ոչ իբրև արևմտահայերի ֆիզիկական փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը 1893-1923 թթ. երեք հիմնական փուլերով՝ 1893-1896, 1909, 1915-1923 թթ., իրականացրած ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային շրջանում հայաթափության ենթարկվեցին նաև Արևելյան Հայաստանի ընդարձակ տարածքները, այդ թվում՝ Նախիջևանն ու հյուսիսային Արցախը։ Այժմ հայ-թուրքական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը չի վերանայվել. այժմ նրա նպատակն է խեղդել հայոց պետությունը սաղմում։ Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել միջնորդավորված կերպով՝ իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, քանի որ ներկայիս միջազգային իրադրությունը, քաղաքական և տնտեսական կարգի արտաքին ու ներքին լուրջ խնդիրները խոչընդոտում են թուրքական ուղղակի ներխուժումը Հայաստան (թեև չեն արգելում Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից տարվող համընդհանուր հոգեբանական պատերազմը և երկարամյա տնտեսական շրջափակումը)։
Continue reading »