Ցավայի փաստ է, որ Անգլիան և Ռուսաստանը՝ այդ երկու մրցակիցները Հայկական Լեռնաշխարհում, բարյացակամությամբ են վերաբերվել թուրքերի քրդամետ քաղաքականությանը։ Հայերը միշտ ձգտում են ունեցել դեպի Ռուսաստանը, հույս ունենալով, որ այն կօգնի իրենց՝ թոթափելու թուրքերի բռնակալ լուծը։ Հայերի այս ռուսասիրությունը, որն աճել ու զարգացել է դարերի ընթացքում, Անգլիային թվում էր անհամատեղելի՝ Ասիայում ունեցած իր շահերի հետ։ Հենց որ նա վերջնականապես համոզվեց, որ հայերի ռուսական կողմնորոշումն անխուսափելի է, իր օգնությանն ու համակրանքն ուղղեց դեպի քրդերը՝ ի հակադրության հայերի, որոնց դիտում էր որպես Ռուսաստանի դաշնակիցներ և համախոհներ։
Ռուսաստանի դեմ պատվար ստեղծելու նպատակով Քրդստանը քաղաքական օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է անգլիական հյուպատոս Փալգրեյվին։ Ճիշտ է, նրա հետնորդը՝ հյուպատոս Թեյլորը, 1869 թ. մարտի 18–ի իր զեկուցագրում անընդունելի և անիրականալի է համարում Փալգրեյվի առաջարկը, քանի որ քրդերն իրենք էլ համակրում էին Ռուսաստանին։ Այնուհանդերձ, անգլիական գործակալները Հայաստանում շարունակում էին իրենց քրդասեր քաղաքականությանը։ Բավական է ասել, որ էրզրամի հյուպատոսին նրանք կոչում էին «Քրդստանի հյուպատոս»: Թուրքերն էլ իրենց հերթին ջանում էին ջնջել քարտեզներից Արմանիստան անունը՝ փոխարինելով այն Քրդստանով։ Հայերի համար զարմանալի էր տեսնել, թե ինչպես Հայաստանի նկատմամբ թուրքական հայեցակետը հավանություն էր գտնում անգլիացիների շրջանում։ Նրանք ստիպված եղան իրենց պատրիարքի միջոցով բարձրաձայն բողոքել այդպիսի անբարյացակամ քայլի դեմ։
Continue reading »