«Լույսի» կրթաթոշակ՝ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու համար | Նոր կանոնակարգ

Ապրիլի 1-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) մեկնարկում է 2018-2019 ուս․ տարվա համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։

«Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, նորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերելու ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններում։

«Լույս» հիմնադրամն ստեղծվել է 2009 թվականին, և հիմնադրամի առաքելության հիմքում դրվել է Հայաստանի զարգացման ապահովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում։ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին և տարբեր նախագծերի ու ծրագրերի միջոցով ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործում։
Այսօր «Լույսն» ունի 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից։ Նրանք բոլորն ակտիվ մասնակցություն ունեն դրական փոփոխությունների իրագործմանը թե՛ աշխատավայրերում, թե՛ այն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

2017 թ. հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա «Լույսի» գիտական խորհուրդը որոշում է կայացրել ընդունել կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ. ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգի հիմնական կետերը

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու: «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

Սեղմեք ընդլայնելու համար

Համապատասխանության չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին.

  • Լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,
  • Ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրեր

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույսի» կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու.

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա*
    * Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ:
  • Ասպիրանտուրա*
    * Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Փոխառության/կրթաթոշակի բաշխում

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, որոնք դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին, առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին։

Փոխառության/կրթաթոշակի չափի սահմանում

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով*:
    * Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև 1 տարի ժամանակ:
  • ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, որոնք ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ

  • Կրթաթոշակ կհատկացվի ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:
  • Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

Կրթաթոշակին դիմելու մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղմամբ:

Leave a Reply

Your email address will not be published.