Անգլերենի առցանց անվճար դասընթաց մարզաբնակ երիտասարդների համար

 

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդների մասնակցելու անգլերենի առցանց ուսուցման անվճար ծրագրի:

Ծրագիրը նախատեսում է երկու առանձին դասընթաց՝ Ընդհանուր անգլերեն սկսնակների համար և Բիզնես անգլերեն։

Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել համապարփակ գիտելիքներ անգլերենից, որի արդյունքում կտիրապետեն աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը և կօգտագործեն այն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց: Դասավանդման ժամանակակից մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների համադրման շնորհիվ ուսուցման գործընթացը կլինի հետաքրքրական, դյուրին, ինչպես նաև կնպաստի հավելյալ հմտությունների ձեռքբերմանը։

Ընդհանուր անգլերեն

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար: Փուլի ավարտին մասնակիցները կունենան Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) սանդղակի  A1 (լեզվի տարրական իմացության) մակարդակի համապատասխան անգլերենի իմացություն: Դասընթացն ունի 24 շաբաթ տևողություն, որը ներառում է շաբաթական երկու առցանց (online) դաս՝ 1.5 ժամ տևողությամբ և ողջ դասընթացի համար չորս լսարանային դաս:

Բիզնես անգլերեն

Նախատեսված է CEFR սանդղակի B1 (ինքնուրույն սովորողի) մակարդակի համապատասխան անգլերենի իմացություն ունեցողների համար: Փուլի ավարտին մասնակիցները կունենան վերը նշված համակարգի սանդղակի B2 (ինքնուրույն սովորողի) մակարդակի համապատասխան` առօրյա որակյալ տիրապետողի անգլերենի իմացություն: Դասընթացն ունի 24 շաբաթ տևողություն, որը ներառում է շաբաթական երկու առցանց (online) դաս՝ 1.5 ժամ տևողությամբ և ողջ դասընթացի համար չորս լսարանային դաս:

Մասնակցության պայմաններ

Դասընթացին մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։  Այնուամենայնիվ, մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու (վայրը կհստակեցվի կազմակերպիչների կողմից)։ 

Կրթական նյութերը կտրամադրեն, ինչպես նաև ծրագրին առնչվող բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Ովքեր կարող են մասնակցել դասընթացին

  • Համակարգչին տիրապետող և ինտերնետային կապի հասանելիություն ունեցող,
  • ՀՀ մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները:

Դիմելու կարգը

Ցանկացողները պետք է լրացնեն դիմում-հայտը` ներբեռնելով Ընդհանուր անգլերեն սկսնակների համար կամ Բիզնես անգլերենի հայտաձևը և ուղարկելով լրացված տարբերակը syuzanna.khachatryan@coafkids.org էլեկտրոնային հասցեին՝ նամակի գլխագրում (subject) նշելով «Student application»: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 201. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00: Լրացված հայտերի ուսումնասիրությունից հետո կանցկացվի անգլերենի գրավոր թեստ` ծրագրին ընդգրկվելու համար անգլերենի իմացության մակարդակը ստուգելու նպատակով:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի մանուկներ հիմնադրամ` հետևյալ հեռախոսահամարներով՝ (093) 72-17-35, (010) 50-20-76:

Leave a Reply

Your email address will not be published.