Իրավագիտական կրթության առանձնահատկություններն ԱՄՆ-ում | Գրիգոր Չոբանյան

Grigor Chobanyan
Նյու Յորքի հանրային գրադարան | Լուսանկարը՝ հեղինակի անձնական արխիվից

Գրիգոր Չոբանյանն իրավաբան է: Ֆուլբրայթի և Մասկիի կրթաթոշակային ծրագրերի շրջանակներում սովորել է Փենսիլվանիայի և Դրեքսելի համալսարաններում՝ համատեղությամբ իրականացված իրավագիտության մագիստրոսական ծրագրով (LL.M.): Մասնագիտական ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է միջազգային իրավունքը, միջազգային գործարարական իրավունքը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման (Alternative Dispute Resolution) մեթոդները։

Հեղինակի նախորդ հոդվածը կարող եք ընթերցել այստեղ՝ 
Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագիր․ խորհուրդներ դիմորդներին

Չնայած նրան, որ ԱՄՆ-ի իրավունքի դպրոցներից շատերն ունեն իրենց առանձնահատկություններն ու ուսուցանման յուրօրինակ մեթոդները (տարբերությունը հատկապես զգացվում է իրավունքի հին և նորագույն դպրոցների միջև), կան բազմաթիվ ընդհանրություններ, որոնք առկա են կրթական համակարգի հիմքում, և որոնց մասին հնարավորինս համապարփակ կցանկանայի խոսել հետևյալ սյունակային հոդվածում:

Իրավագիտությունն ԱՄՆ-ում

Իրավագիտությունն ու իրավագիտական կրթությունն ԱՄՆ-ում առանձնակի կարևորություն ունեն։ Թերևս պատահական չէ, որ ԱՄՆ 45 նախագահներից 25-ը եղել են իրավաբաններ: Պատահական չէ նաև, որ ԱՄՆ Անկախության հռչակագիրը (1776 թ. հուլիսի 4) ստորագրողների գրեթե կեսը իրավաբաններ էին: Կոնգրեսի դահլիճի շուրջ կեսը մասնագիտությամբ իրավաբաններ են:

Ինձ համար զարմանալի էր, երբ իմ մագիստրոսական ծրագրի բացման արարողության ժամանակ ծրագրի ղեկավարներից մեկն իր ելույթում ընդգծեց. «Մենք այստեղ ձեզ չենք սովորեցնելու օրենքներ/իրավունք․․․»: Եվ իսկապես, ԱՄՆ-ի իրավունքի դպրոցների գերակա նպատակը ոչ թե ուսանողին իրավունքին կամ օրենքներին ծանոթացնելն է, այլ իրավական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը նպաստելն է: Հենց այս նպատակով էլ պայմանավորված է ԱՄՆ-ում իրավունքի դասավանդման մեթոդների առանձնահատկությունը:

Դասավանդման առանձնահատկություններից մեկը և իմ խորին համոզմամբ կարևորագույն առավելությունը դասավանդման սոկրատյան մեթոդն (Socratic method) է: Սա ուսուցանման հնագույն և լավագույն մեթոդներից է, որը խթանում է քննադատողական մտածողության զարգացումը: Այս մեթոդի հիմնական էությունն այն է, որ ուսանողները, նախապես խորությամբ ուսումնասիրելով լսարանում քննարկվելիք թեման, հարց ու պատասխանի միջոցով քննարկում են ծավալում դասախոսի հետ, ինչը նպաստում է վերլուծական սինթեզի միջոցով ինֆորմացիայի խորությամբ ընկալմանը: Հետևապես, ուսանողներին տրվում են ոչ թե պատասխաններ, այլ՝ հարցեր: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ մեզ մոտ դասընթացը հիմնականում կառուցված է դասախոսության շուրջ:

«Տվեք ինձ վեց ժամ ծառ կտրելու համար, և ես առաջին չորս ժամը կտրամադրեմ կացինը սրելուն»:

Աբրահամ Լինքոլն

Հենց այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ ակադեմիական տարվա սկզբնական շրջանում բուն դասընթացներին զուգահեռ անցկացվում են սեմինարներ, որոնց ընթացքում ուսանողներին ծանոթացնում են ծավալուն նյութերի հետ արդյունավետ աշխատելու, քննություններին նախապատրաստվելու մեթոդները: Այս սեմինարների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ուսումնասիրության ենթակա նյութերի առանձնահատկություններով:

Տեսական գրականությանը զուգահեռ հիմնական շեշտադրումը դրված է դատական նախադեպերի ժողովածուների (casebooks) ուսումնասիրության վրա: Այդ ժողովածուներում շատ հաճախ ուղղակիորեն առանձնացված չէ իրավունքի՝ տվյալ դասընթացի համար ուսումնասիրության ենթակա բաժինը, ինչն ինքնին հնարավորություն է տալիս ուսանողին ինքնուրույն վերլուծել նախադեպը և առանձնացնել իրեն անհրաժեշտ հատվածները:

Քննությունները հիմնականում անցկացվում են վարկածային (հիպոթետիկ) խնդիրների առաջադրման միջոցով, որտեղ ուսանողից պահանջվում է առաջադրված խնդիրների լուծմամբ հնարավորինս արդյունավետ իրացնել ձեռք բերված գիտելիքները: Այս մեթոդը կիրառվում է նաև Հայաստանում: Տարբերություննրից մեկը գնահատման առանձնահատկությունն է: ԱՄՆ-ի իրավագիտական դպրոցներում դասախոսները ուշադրություն են դարձնում առավելապես ուսանողի կատարած դատողություններին և բերված հիմնավորումներին (reasoning), քան բուն եզրակացությանը: Կարծում եմ` սա կապված է նաև իրավական համակարգերի առանձնահատկությունների հետ, քանզի ընդհանուր իրավունքի (common law) երկրներում (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ն) ուսանողների գերխնդիրներից մեկը իրավունքի (ստատուտ, նախադեպ կամ սովորույթ) կամ որևէ դոկտրինի կիրառումն է, ինչն էլ առավել ցայտուն արտացոլվում է հենց հիպոթետիկ խնդրի լուծման հիմնավորումների և պատճառաբանությունների հատվածում:


Աշխատաշուկային ուղղված կրթության մասին

Ամերիկյան իրավունքի դպրոցներում առաջնային պլան է մղված պրակտիկ կրթությունը: Սա հատկապես արտահայտված է նորագույն իրավունքի դպրոցներում: Գրեթե բոլոր առարկաների ուսումնառությունն առաջին իսկ օրվանից սկսել եմ նախադեպերի ուսումնասիրությամբ: Տվյալ նախադեպի շրջանակներում հանդիպող անհասկանալի հասկացություններն ու երևույթները պարզաբանվում են հենց նախադեպի քննարկման ընթացքում և նախադեպի համատեքստում: Սա իհարկե ունի իր դրական ու բացասական կողմերը: Գործնական կրթությունն ուսանողին դարձնում է տվյալ ոլորտի հմուտ մասնագետ, որը կարող է ստացած գիտելիքներն իրացնել տարբեր իրավիճակներում: Մյուս կողմից, ուսանողները շատ դեպքերում չեն հասկանում այս կամ այն դոկտրինի, կարգավորման, գործըթացի կամ երևույթի էությունը: Հայաստանում ճիշտ հակառակն է: Երբեմն չափից ավելի շատ ենք կենտրոնանում տեսության վրա: Արդյունքում, ընդունվելով աշխատանքի, ուսանողը չի հասկանում, թե ինչպես կարող է ստացած գիտելիքը կիրառել կոնկրետ իրավիճակում:

ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցներում ապագա իրավաբաններին ի սկզբանե ուսուցանվում է իրավաբանական գրագրություն, քննադատողական ընթերցանություն, պրոֆեսիոնալ հետազոտություն, վերլուծական և այլ հմտություններ: Ինքս, ի թիվս այլ առարկաների, առաջին կիսամյակում ընտրել եմ իրավական մեթոդներ (Legal Methods) առարկան, որի շնորհիվ անհամեմատելիորեն զարգացրի կարճ ժամանակահատվածում իրավական խնդիրների վերաբերյալ թիրախավորված հետազոտություն իրականացնելու և համապատասխան խնդրի վերաբերյալ հնարավորինս համառոտ եզրակացություններ ներկայացնելու հմտություններս: Հետաքրքրական է, որ որոշակի իրավական խնդրի լուծում պարունակող ավարտական գրավոր աշխատանքները ներկայացվում են նաև ապագա գործատուներին, որոնք էլ, հիմնվելով կատարված աշխատանքի որակի վրա, ուսանողներին հրավիրում են հարցազրույցի՝ հնարավոր փորձաշրջանն անցնելու համար:

ԱՄՆ-ի իրավունքի դպրոցներում ակադեմիական կրթությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, տարբեր ծրագրերի միջոցով (Experiential Learning Programs: Co-op, Pro-Bono, Trial Advocacy, etc.) ի սկզբանե կապված է աշխատաշուկայի հետ: Նախքան նոր ուսանողների ընդունելության պլան կազմելը, ուսումնասիրվում է աշխատաշուկայի պահանջարկը, որը էական ազդեցություն է ունենում տվյալ ժամանակահատվածի համար համապատասխան թվով ուսանողներ ունենալու հանգամանքի վրա: Շատ համալսարաններ ունեն հատուկ խմբեր, որոնք բացառապես զբաղվում են ուսանողների և ապագա գործատուների միջև կապ հաստատելով: Պրակտիկա անցնելու հնարավորություն տրամադրելու համար իրավաբանական կառույցները փնտրում են այնպիսի ուսանողների, որոնք կարող են իրապես օգտակար լինել, նպաստել կառույցի բնականոն աշխատանքին և աշխատել, ինչպես մնացած աշխատակիցները: Ուսանողներին ակադեմիական կրթություն տրամադրելուց բացի գործնական դաշտ ներգրավելու ակտիվությունն ու պրակտիկայի ընթացքում ցուցաբերված խստապահանջությունը ցանկալի է տեսնել նաև Հայաստանում:

Ինքս դեմ եմ անգլո-ամերիկյան կամ մայրցամաքային իրավունքի դպրոցներում դասավադման մեթոդների ճշմարտացիության բացարձականացմանը:  Դասավանդման իդեալական տարբերակն իմ կարծիքով գործնական և տեսական գիտելիքների ճիշտ համամասնությամբ համադրումն է: Հետևաբար՝ այլ կրթական համակարգերում ուսանող մեր երիտասարդները հնարավորինս պետք է ստացած փորձն օգտագործեն ոչ թե մեր իրավունքի դպրոցներում առկա կրթական համակարգն ամբողջովին փոխելու, այլ՝ արտասահմանյան ուսումնական հաստատություններում գործող համակարգի դրական տարրերը մեզ մոտ կիրառելու և հայկական իրավունքի դպրոցի զարգացման համար:

  • Ունենալով ուսումնառության փորձ երկու կրթական համակարգերում՝ կարող եմ վստահաբար ասել, որ սոկրատյան մեթոդի կիրառումը միանշանակ լավագույն լուծումներից է ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
  • Անհրաժեշտ է ապագա մասնագետների տարեկան քանակը պայմանավորել աշխատաշուկայի պահանջարկով և ըստ դրա սահմանել տվյալ ժամանակահատվածի համար ուսանողների հնարավոր թիվը:
  • Բակալավրիատից սկսած՝ անհրաժեշտ է ուսանողներին սովորեցնել գործնական հմտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայի կոմից:
  • Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Հայաստանի իրավական համակարգերում առկա տարբերությունները՝ ԱՄՆ-ում և առհասարակ անգլաամերիկյան իրավահամակարգի ընտանիքի երկրներում սովորել ցանկացողներին խորհուրդ կտամ նախապես ուսումնասիրել իրավունքի դպրոցներում ուսուցանման առանձնահատկությունները, հատկապես՝ ուշադրություն դարձնել դատական նախադեպերի հետ աշխատելու նրբություններին:

Մեծ սիրով պատրաստ եմ գործնական խորհուրդներով օգտակար լինել Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմել, ԱՄՆ-ում սովորել և ստացած գիտելիքները Հայաստանի զարգացման գործում ներդնել ցանկացող հայրենակիցներիս:

Գրիգոր Չոբանյան
իրավաբան

Leave a Reply

Your email address will not be published.