Մեղրիում պարսկերեն են սովորում․ հայ-իրանական համագործակցության նոր հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանակից Մեղրի համայնքի բնակիչներն արդեն մեկ ամիս է՝ բացառիկ հնարավորություն ունեն պարսկերեն սովորելու կամ հիմնավորապես զարգացնելու այդ լեզվի կցկտուր իմացությունը․ Մեղրի և Ագարակ քաղաքներում (որոնք 2016 թ․-ից միավորված են Մեղրի խոշորացված համայնքում) հունիսի սկզբից պարսկերենի գործնական դասընթացներ են անցկացվում։ Լայն հեռանկարներ ունեցող այս նախաձեռնությունն առաջացել է հենց տեղում՝ կազմակերպիչը և դասընթացավարը Մեղրիի բնակիչ, 30-ամյա Լևոն Միրզոյանն է։ Տարիներ առաջ նա սկսել է սովորել այդ լեզուն, նախ ինքնակրթությամբ, ապա նաև մասնագիտացված դասընթացների միջոցով կատարելագործել պարսկերենի իր իմացությունը և այժմ իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցում է հարազատ համայնքի բնակիչներին։ Դասընթացներն անցկացվում են Մեղրիի համայնքապետարանի գործուն աջակցությամբ․ EduLab կրթական հարթակը նախաձեռնության տեղեկատվական աջակիցն է։

ArmScoop-ի հետ զրույցում Լևոն Միրզոյանը ներկայացրել է նախաձեռնության նախապատմությունը, հաջողություններն ու հեռանկարները։


Մեղրիում և Ագարակում պարսկերենի գործնական դասընթացների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 


Պարսկերենի դասընթացի մասնակիցները

«Իմ հայրենի Մեղրի համայնքում պարսկերենի դասընթաց անցկացնելու միտքը շատ գործնական պատճառով է առաջացել։ Մեղրեցիները հաճախ են իրանցիների հետ շփվելու առիթներ ունենում, սակայն լեզվի չիմացությունը կամ կցկտուր իմացությունը շատ է խոչընդոտում դրան, ես ինքս էլ նույնպիսի խնդիրներ ունեի նախքան պարսկերեն սովորելը։ Այնպես որ լեզուն սովորելու հետ մեկտեղ աստիճանաբար հասունացավ մեղրեցիների համար այդ հնարավորությունը ստեղծելու նախաձեռնությունը»,- պատմում է Լևոնը։

Պարսկերեն լեզվի նկատմամբ նրա հետաքրքրությունը վաղուց է առաջ եկել․ դեռ ԵՊՀ պատմության ֆակուլտետում սովորելիս (2009թ․), երբ հնարավորություն էր ընձեռվել մեկ կիսամյակ որևէ արևելյան լեզու սովորելու, պարսկերենն է ընտրել։ Բավական օգտակար են եղել նաև Երևանում և Մեղրիում իրանցի զբոսաշրջիկների հետ շփվելու առիթները։ Այնուհետև ինքնակրթությամբ շարունակաբար ընդլայնել է պարսկերենի իր իմացությունը, ապա ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Սոնա Դավթյանի օգնությամբ սկսել է կատարելագործել գիտելիքները և մշակել ապագա դասընթացների ուսուցման մեթոդները։ Վերջին երկու-երեք տարիներին, հաշվի առնելով, որ հայ-իրանական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունները գնալով ամրապնդվում են, Հայաստան եկող իրանցիների թիվն էլ տարեցտարի ավելանում է, և արդյունքում՝ մեծանում պարսկերեն իմանալու պահանջարկը, Լևոնը մտադրվել է վերջապես լրացնել բացը։

Խոսելով մինչև այժմ եղած խոչընդոտների մասին՝ նա նշում է․ «1992թ. Հայաստան-Իրան սահմանը բացվելուց հետո այսքան տարի Մեղրիում գործնականում ոչ ոք պարսկերեն չգիտեր․ տարեց սերնդի ներկայացուցիչները մինչև հիմա էլ իրենց իմացած ադրբեջաներենով են հաղորդակցվում ժամանող իրանցիների հետ (Իրանի՝ Հայաստանին սահմանակից հյուսիսային շրջաններում բնակչությունը հիմնականում թյուրքալեզու է), իսկ ավելի երիտասարդները՝ նրանք, որոնք շփվում են իրանցիների հետ, թեև պարսկերեն-հայերեն զրուցարանների և առօրյա շփումների միջոցով կարողացել են ձեռք բերել նվազագույն, պարզագույն գիտելիքներ (նույնիսկ չիմանալով պարսկերենի այբուբենը), սակայն դա բավարար չէ բնականաբար»։

Լևոն Միրզոյանը

Ի դեպ, դեռևս երեք-չորս տարի առաջ տեղում պարսկերեն սովորեցնելու ծրագիր է փորձել իրականացնել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, սակայն համապատասխան մասնագետ չլինելու և այլ պատճառներով ծրագիրը չի իրագործվել։ Եվ երբ պարսկերենի դասընթացներ սկսելու իր մտադրության մասին Լևոնը հայտնել է Մ․ Զաքարյանին, վերջինս պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն կերպ աջակցել նախաձեռնությանը։

Այժմ արդեն Մեղրիի համայնքապետարանի գործուն աջակցությամբ դասընթացներն անցկացվում են Մեղրի և Ագարակ քաղաքներում՝ դպրոցականների և մեծահասակների առանձին խմբերով։ Մասնակիցները հիմնականում սպասարկման ոլորտի աշխատողներ են, անհատ ձեռնարկատերեր, Մեղրիի մաքսակետի աշխատակիցներ։ «Դասընթացի յուրաքանչյուր մասնակից լավ է հասկանում, որ ապրել Մեղրի համայնքում և իմանալ պարսկերեն, նշանակում է մի քանի անգամ հեշտացնել աշխատանք գտնելու հնարավորությունները կամ էականորեն ընդլայնել իր գործի հեռանկարները: Դպրոցականներին էլ, պարսկերենի իմացությամբ տեղում աշխատանքային հնարավորություններից բացի, գրավում է նաև հետագայում իրանագիտություն սովորելով մասնագիտական զարգացման հեռանկարը։ Կան մասնակիցներ, որոնք արդեն իսկ ուրախությամբ նշում են իրենց աշխատանքում պարսկերենի նույնիսկ տարրական իմացության շնորհիվ ձեռք բերած դրական փոփոխությունների մասին։ Համայնքի այլ բնակիչներ ևս, բավական հետաքրքրությամբ ու ոգևորությամբ են արձագանքում, ցանկություն հայտնում մասնակցել դասընթացի հաջորդ փուլերին»,- հավելում է նախաձեռնության հեղինակը:

Դասընթացները սկսելով՝ Լևոն Միրզոյանը համոզված է, որ կրթական այս նախաձեռնությունը լավ հիմք կդառնա Մեղրիի և մոտակա իրանական քաղաքների (մասնավորապես, Մեղրիի և Ջուլֆայի) միջև արդեն իսկ միջհամայնքային մակարդակով նախանշված մշակութային, տնտեսական, մարզական ու զբոսաշրջային հաղորդակցության և համագործակցության ընդլայնման, նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Նա հատկապես կարևորում է դասընթացի հասարակական ազդեցությունը՝ լեզվի միջոցով հարևան իրանցիներին ու նրանց մշակույթը առավել լավ ճանաչելու հնարավորությունը, և համոզված է, որ նաև դասընթացի մասնակիցների շնորհիվ Հայաստան ժամանած յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Մեղրի համայնքում կարժանանա քաղաքակիրթ վերաբերմունքի, կունենա մեր երկիրը և նրա բնակիչներին առավել անմիջական ճանաչելու լավ հնարավորություն, որը տուրիզմի զարգացման կարևոր երաշխիքներից է:

ՀՀ-ում Իրանի դեսպանատան կից Մշակույթի կենտրոնի կողմից տրամադրված դասագրքերը

Արդեն իսկ կա նաև իրանական կողմի արձագանքը․ օրեր առաջ Մեղրիի համայնքապետարանը դիմել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան կից Մշակույթի կենտրոնին պարսկերեն լեզվի դասագրքեր տրամադրելու խնդրանքով, և կարճ ժամանակ անց կենտրոնը դասագրքեր և աշխատանքային տետրեր է նվիրել դասընթացավարին։ Վերջերս էլ դասերից մեկին հյուրընկալվել է Ջուլֆա քաղաքի «Արաս» ազատ առևտրի գոտու միջազգային կապերի աշխատակիցը՝ դասընթացը Ջուլֆայում լուսաբանելու նպատակով:

Մյուս կողմից, նախաձեռնության շրջանակներում Լևոնը նախատեսում է նաև մասնակիցների զբոսաշրջային այցեր կազմակերպել դեպի Իրան, ծանոթացնել բարեկամ-հարևան պետության մշակույթին, Իրանում իրանցիների կողմից լավագույնս պահպանվող հայկական մշակութային հուշարձաններին։

Սամսոն Հովհաննիսյան


Լուսանկարները տրամադրել է Լևոն Միրզոյանը

Leave a Reply

Your email address will not be published.