Ինչպե՞ս ընդունվել արտասահմանյան բուհեր. քայլերի հաջորդականություն

Տարբեր երկրների համալսարաններում գործում են միջազգային ուսանողների ընդունելության տարբեր կանոններ և պահանջներ, որոշ համալսարաններում անգամ գործում է սեփական կանոնակարգը: Այնուամենայնիվ, գոյություն ունի քայլերի որոշակի հերթականություն, որոնք ընդհանուր են միջազգային բոլոր համալսարանների համար՝ անկախ երկրից: 

Այսպիսով, ինչպե՞ս ճիշտ գնահատել իրավիճակը, երբ ցանկություն կա ուսումը շարունակելու արտասահմանում, սակայն ֆինանսական միջոցները բավարար չեն, որտե՞ղ և ի՞նչ ծրագրեր փնտրել, ի՞նչ քննություններ հանձնել: ArmScoop-ի կազմած ուղեցույցը հնարավորություն է տալիս այս և այլ հարցերի պատասխանները գտնելով՝ զգալիորեն հեշտացնել ընդունելության գործընթացը։ 


Տեղեկացեք նաև՝ «Study Abroad» ամառային դպրոց

Ի՞նչու, ի՞նչ և ինչպե՞ս սովորել դրսում․ արտասահմանում կրթություն ստանալու ամբողջ գործընթացին անմիջական ծանոթանալու համար բաց մի թողեք «Study Abroad» ամառային դպրոցին մասնակցելու հնարավորությունը։ Ամառային դպրոցի մասնակիցները կարող են արտասահմանյան առաջատար բուհերի փորձառու շրջանավարտների (հիմնականում՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ) օգնությամբ կայացնել տեղեկացված որոշումներ և գտնել հաջողակ լուծումներ․ մանրամասները՝   «Study Abroad» ամառային դպրոց։


Step-1

Ավարտելով դպրոցը կամ համալսարանը՝ յուրաքանչյուր ուսանող մտածում է ուսումը շարունակելու հնարավոր տարբերակների մասին: Ընտրության բազմազանությունը և վերջնական որոշումը կախված են տարբեր հանգամանքներից՝ սկսած մասնագիտական կողմնորոշումից, վերջացրած ֆինանսական հնարավորություններով: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որտեղ կորոշեք շարունակել ուսումը, պետք է իրավիճակը սթափ գնահատել  և գտնել  ձեզ համար հնարավորինս ճիշտ լուծում:

Մասնագիտական ծրագրի ընտրությունից բացի կա ևս մեկ երկընտրանք՝ շարունակել ուսումը տեղակա՞ն, թե՞ արտասահմանյան համալսարաններից մեկում: Արտերկրում կրթությունը շարունակելու միտքը շատ գայթակղիչ է, սակայն այստեղ ևս պետք է աչալրջություն ցուցաբերել: Որոշում կայացնելուց առաջ գնահատեք, թե ինչքանով է նպատակահարմար կրթությունը արտերկրում շարունակել, արդյո՞ք այն ինքնանպատակ բնույթ չի կրի, և ընտրած մասնագիտության շրջանակներում ստացած գիտելիքներն ինչքանո՞վ կարող են ձեզ մրցունակ դարձնել աշխատաշուկայում: Մինչև արտասահմանյան համալսարանների տարբերակը դիտարկելը արժե հաշվի առնել, որ որոշ բնագավառներում բարձրորակ և արտասահմանյանին համարժեք կրթություն կարելի է ստանալ նաև հայրենիքում:

Եթե վերոնշյալ բոլոր հարցերը ծանրութեթև անելուց հետո դուք, այնուամենայնիվ, որոշել եք կրթությունը շարունակել արտասահմանում, ապա սկսենք քայլ առ քայլ դիտարկել ընդունելության ընթացակարգը:

© Alamy

Այսպիսով, եթե կա մեծ ցանկություն՝ սովորել արտասահմանյան բուհում, անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը հետագա քայլերը որոշելու համար, հաշվի առնել տարբեր առանձնահատկություններ և նրբություններ: Բոլոր դեպքերում արտասահմանյան (հատկապես առաջատար) բուհ ընդունվելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ նվազագույն պայմաններին՝ բարձրագույն կրթության առկայություն, օտար լեզուների իմացություն, ընտրված ոլորտում ձեռքբերումներ և աշխատանքային կամ կամավորության փորձ (որոշ դեպքերում բավական կարևորվում են նաև հանրային ակտիվությունը և առաջնորդական հմտությունները):

Ընտրության լայն հնարավորություն ունեն հատկապես այն թեկնածուները, որոնք ունեն մագիստրոսի կրթական աստիճան, ուսումնառության ընթացքում զբաղվել են գիտահետազոտական աշխատանքով, մայր բուհում հասել են որոշակի արդյունքների՝ ստանալով գիտական ղեկավարի աջակցությունը, ինչպես նաև մասնագիտական կապեր ունեն արտասահմանյան հետազոտական խմբերի հետ:

Օտար լեզուների իմացությունը թույլ կտա ավելի շատ ծրագրերի մասնակցել: Անգլերեն լեզվի շատ լավ իմացությունը պարտադիր պայման է գրեթե բոլոր համալսարանական ծրագրերի համար, իսկ յուրաքանչյուր հավելյալ լեզվի իմացությունը թեկնածուին թույլ կտա ավելի շատ երկրներ ու համալսարաններ դիտարկել որպես ուսումը շարունակելու ապագա վայր: Բացի այդ, որոշ համալսարաններում (հատկապես ֆրանսիական և գերմանական) տվյալ երկրի լեզվի իմացությունը առավելություն է համարվում: Լեզվի իմացությունը պետք է հաստատվի միջազգայնորեն ընդունված համապատասխան քննություն հանձնելով: Անգլախոս երկրների համար պետք է հանձնել TOEFL (հիմնականում ԱՄՆ-ի և Կանադայի համալսարանների համար) կամ IELTS (Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ավստրալիայում), Գերմանիայում՝ TestDaF, Ֆրանսիայում՝ DALF/DELF և TCF, Իսպանիայում՝ DELE, Իտալիայում՝ CELI և այլն: Տարբեր համալսարանների դեպքում լեզվի իմացության պահանջվող նվազագույն շեմը կարող է տարբեր լինել։ Այդ իսկ պատճառով, մինչև քննությունների հանձնումը, ցանկալի է նախապատրաստման մասնագիտացված դասընթացների մասնակցել, որոնց ընթացքում հնարավոր է ծանոթանալ քննության անցկացման ձևաչափին և փորձնական թեստերին:

Դասախոսություն Հարվարդի համալսարանում | © Harvard Politics

Հաջորդիվ, արժե ուշադրություն դարձնել ավարտական դիպլոմի կարգին: Ընդունող հանձնաժողովի համար միևնույն է՝ կարմիր է դիպլոմը, թե ոչ, իսկ առհասարակ արտերկրում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «կարմիր դիպլոմն» է: Այնուամենայնիվ, նրանց համար խիստ կարևոր է թեկնածուի միջին որակական բարձր գնահատականը (ՄՈԳ): Երբեմն երկու հավակնորդների միջև ընտրություն կատարելիս հենց բարձր ՄՈԳ-ն է որոշիչ դառնում:

Հայտադիմումը դիտարկելիս շատ մեծ ուշադրություն է դարձվում դիմորդի աշխատանքային և կամավորական փորձին: Կարևոր է, որ կամավորական փորձը տարբերվի մասնագիտական ոլորտից, քանի որ առավելությունը տրվում է այն թեկնածուներին, որոնք բազմակողմանի զարգացած են և ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ: 

Step_2

Իրավիճակը վերլուծելուց հետո կարելի է անցնել երկրորդ քայլին: Այն է՝ հստակեցնել, թե որ համալսարանում եք ուզում շարունակել կրթությունը, ինչքանով է ձեր թեկնածությունը համապատասխանում տվյալ համալսարանում ուսանելու պայմաններին, և հակառակը՝ ինչքանով են ընտրված համալսարանն ու ուսումնառության ոլորտը համապատասխանում ձեր ակնկալիքներին: Նախ, պետք է հստակեցնել, թե կրթական որ աստիճանով եք մակարդակում եք շարունակելու կրթությունը (հետազոտությունը): Տրամաբանական է, որ բակալավրի դիպլոմով կարելի է դիմել մագիստրոսական ծրագրի՝ ընտրելով ավելի նեղ մասնագիտական ուղղություն կամ այլ՝ առկա մասնագիտությանն առչնվող (կամ նույնիսկ չառընչվող) մասնագիտություն: Վերջին պարագայում թեկնածուի ընդունելության հավանականությունը մեծանում է ընտրված նոր ոլորտում աշխատանքային փորձի, ուսումնասիրության ոլորտը փոխելու հիմնավոր դրդապատճառի և որոշակի ձեռքբերումների առկայության դեպքում: Ձեռքբերումները պետք է ներկայացվեն պաշտոնական ձևով, որոնք կարելի է հաստաստել փաստաթղթերով, ինչպես օրինակ՝ մրցույթներում հաղթանակները կամ գիտական հանդեսներում հրապարակումները:

Մագիստրոսները կարող են հավակնել ասպիրանտական (PhD կամ դրան համարժեք այլ ծրագրերով) կամ այլ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար: PhD ծրագրերի դիմելու համար անհրաժեշտ է հետազոտական փորձ և ուսումնասիրության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունենալ: Իսկ մագիստրոսական այլ ծրագրի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնագիտությունը փոխելու հիմնավոր բացատրություն:

step3

Ուսումն արտերկրում շարունակելու խթանիչ գործոն են համարվում կրթաթոշակային ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս մասամբ, երբեմն նույնիսկ ամբողջությամբ փակելու արտասահմանյան բուհերում ուսանելու ֆինանսական տարատեսակ ծախսերը։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունների, մասնավոր կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև տարբեր երկրների կառավարությունների կողմից հայտարարվում են կրթաթոշակային զանազան մրցույթներ (ինչպես նոր ընդունվածների, այնպես էլ արդեն իսկ սովորողների համար)։ 

Արտասահմանյան առաջատար և այլ բուհերի մեծ մասն առաջարկում է միջազգային ուսանողների համար նախատեսված սեփական կրթաթոշակային ծրագիրը: Նման ծրագրերը, կախված շնորհող համալսարանից, կարող են տարբերվել․ համալսարանական կրթաթոշակներ կարող են ներառել ուսման վարձի ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցումը, կեցության ծախսերի մի մասը, առողջապահական ապահովագրությունը և այլն, կամ կարող են լինել միանվագ գումարի տեսքով։ 

Սովորաբար մագիստրոսական և ասպիրանտական (PhD կամ դրան համարժեք այլ) ծրագրերով սովորելու համար ավելի հեշտ է ստանալ կրթաթոշակներ ու դրամաշնորհներ, քան բակալավրական ծրագրերով սովորելու դեպքում: Բացի այդ, դրամաշնորհներ կարելի է ստանալ նաև կարճաժամկետ հետազոտություններ կատարելու, ամառային դպրոցներ հաճախելու և զանազան միջազգային գիտաժողովների ու սեմինարների մասնակցելու համար: Բակալավրիատում սովորելու համար նույնպես հնարավոր է կրթաթոշակ ձեռք բերել, սակայն գրեթե բոլոր դեպքերում կրթաթոշակը կհատկացվի կամ առաջին տարվա ուսման վարձի կեսի վճարման համար, կամ համալսարանը ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար կսահմանի զեղչեր:

Տարբեր երկրներում գործում են միջազգային կառավարական կրթաթոշակային ծրագրերՀայաստանում բնակվող ուսանողներին և հետազոտողներին հասանելի ծրագրերի լայն ցանկին ծանոթանալ այստեղ (յուրաքանչյուր ծրագրի հիմնական դրույթներն ընդհանուր առմամբ անփոփոխ են և գործում են մշտապես՝ անկախ կոնկրետ ուսումնական տարվանից)։

Օքսֆորդի համալսարանի գրադարանում | © Lincoln College, University of Oxford

Պետք է հաշվի առնել, որ միջազգային կրթաթոշակային ծրագրերից շատերն ունեն իրենց նախապայմանները: Օրինակ՝ բրիտանական Chevening կրթաթոշակային ծրագրի հիմնական պահանջներից է 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը: Անհրաժեշտ է հիշել և հաշվի առնել նաև, որ բազմաթիվ կրթաթոշակային ծրագրերին դիմելու նախապայմաններից է ուսումնառությունից հետո (առնվազն որոշակի ժամանակահատվածով) մասնակցի վերադարձը հայրենիք (քաղաքացիության երկիր)։ Ընտրելով այս կամ այն ծրագիրը՝ հիշեք, որ նրանցից շատերի միջոցով հնարավոր չէ մշտական բնակություն հաստատել տվյալ երկրում։

Հայ ուսանողների համար հասանելի բազմաթիվ միջազգային կրթաթոշակային ծրագրերից բացի առկա են նաև հայկական կրթաթոշակային ծրագրեր, որոնք նախատեսված են Հայաստանի քաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացի հայազգի ուսանողների, ինչպես նաև հայագիտության ոլորտի հետազոտողների համար։ ArmScoop-ի պատրաստած՝ հայկական կրթաթոշակային ծրագրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (յուրաքանչյուր ծրագրի հիմնական դրույթներն ընդհանուր առմամբ անփոփոխ են և գործում են մշտապես՝ անկախ կոնկրետ ուսումնական տարվանից)։


Աշխարհի լավագույն 10 համալսարաններ ընդունված կամ արդեն սովորող աշխարհասփյուռ հայ ուսանողների համար գործում է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը, որը ներառում է փոխառություն կամ կրթաթոշակ։ Ծրագրի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հնարավոր է գտնել մի քանի աղբյուրներից՝ տարբեր մասնագիտացված տեղեկատվական կայքերում (օրինակ, H-Net մասնագիտական խոշորագույն ցանցում, Scholars4dev, Scholarship-positions, Scholarships-Links, Mladiinfo հարթակներում) կրթաթոշակային ծրագրեր համակարգող կազմակերպությունների, սեփական կրթաթոշակային ծրագրերն առաջարկող համալսարանների կայքերում, ինչպես նաև հետևել մայր բուհի կողմից ստացվող և ներքին շրջանառության մեջ գտնվող տեղեկատվությանը (սովորաբար նման տեղեկատվություն կարող եք ստանալ բուհի միջազգային համագործակցության համար պատասխանատու մարմնի կողմից)։ 

Step_4

Համալսարան ընդունվելու ընթացակարգում ամենապատասխանատու քայլը անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումն ու նախապատրաստումն է: Ընդունելության մասնագետները ծանոթանում են հավակնորդների տվյալներին՝ իրենց տրամադրության տակ ունենալով միայն ուղարկված փաստաթղթերի փաթեթը, որոնց մեջ հազվադեպ է թույլատրվում լուսանկար ամրացնել: Մինչև փաստաթղթերի նախապատրաստումը արժե ուշադիր կարդալ, թե ինչ է պահանջում յուրաքանչյուր համալսարան, որին պատրաստվում եք դիմել:

Որպես կանոն, փաստաթղթերի փաթեթի մեջ ներառվում են ավարտական դիպլոմի պատճենը և նրա վավերացված թարգմանությունը, պահանջվող լեզվի իմացությունը փաստող վկայականներ, CV, շարժառիթային (motivation letter), ուղեկցող (cover letter) և երաշխավորական (recommendation letter) նամակներ: Ավելի հազվադեպ պահանջվում է միջնակարգ կրթությունը հաստատող փաստաթուղթ, թեզի թարգմանություն, գիտական ամսագրերում հրապարակված նյութերի ցուցակ, GMAT-ի վկայական և այլն*:


* Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու առանձնահատկություններին ArmScoop-ն առանձին հրապարակումներով կանդրադառնա, հետևեք մեզ։


Ուղեկցող նամակը ինքնակենսագրականին լրացնող նամակ է, որի նպատակն է ավելի մանրամասն ներկայացնել համառոտ ինքնակենսագրականում՝ CV-ում տեղ գտած տեղեկությունը և ձեր թեկնածության նկատմամբ հետաքրքություն առաջացնել:

Մոտիվացիոն (շարժառիթային) նամակում շեշտը պետք է դնել ձեր ուժեղ կողմերի, ձեռքբերումների և ուսումը շարունակելու հիմնավոր դրդապատճառների վրա: Սովորաբար այն չպետք է գերազանցի մեկ էջը և պետք է գրված լինի անմիջական, հստակ ու պարզ ոճով:

Երաշխավորական նամակը գիտական ղեկավարի կամ ուսումնական հաստատության այլ ներկայացուցչի նամակն է, որտեղ պարզ և հստակ շարադրված են երաշխավորվողի գործնական հմտությունները, ուսումնառության ընթացքում ձեռքբերումները և անձնական որակները: 


Նամակների օրինակներ համացանցում բազմաթիվ են, սակայն հիշե՛ք, որ հետաքրքություն առաջացնելու համար նրանք պետք է լինեն բացառապես յուրահատուկ և չկրկնվող:


step5

Արտասահմանյան համալսարան ընդունվելու ամենաորոշիչ փուլերից մեկը հարցազրույցն է: Սովորաբար համարվում է, որ եթե ձեզ հրավիրել են հարցազրույցի, ապա դուք անցել եք առաջին փուլը և ձեր թեկնածությունը դիտարկվում է ընդունելության համար: Հարցազրույցի ընթացքում մի քանի կարևոր հանգամանքի անպայման պետք է ուշադրություն դարձնել:

  • Առաջինը՝ հոգացեք ձեր պատշաճ տեսքի մասին, եղեք բարյացակամ և հարգալից:
  • Ձեռքի տակ պահեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, որոնցից ամենակարևորներն են CV-ն և մոտիվացիոն նամակը: Հարցերի մեծամասնության նպատակն է պարզել, թե տվյալ մասնագիտացման համար դուք որքանով եք համապատասխան թեկնածու։ 
  • Պատրաստ եղեք պատասխանելու ձեր պատրաստվածության մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ հարցերին:
  • Հարցազրույց վարող հանձնաժողովին ամենից շատ հետաքրքող հարցերից է նաև, թե ինչու եք ընտրել հենց իրենց համալսարանը և տվյալ մասնագիտական ոլորտը, ինչու՞ հենց ձեր թեկնածությունը պետք է դիտարկեն իրենք, որո՞նք են ձեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպե՞ս կարող եք ինքներդ տալ համալսարանին ձեր ուսումնառության ընթացքում և նմանատիպ այլ հարցեր:

Հարցերին արժե նախապես պատրաստվել՝ հարցազրույցի ընթացքում ավելի ինքնավստահ և պրոֆեսիոնալ տպավորություն թողնելու համար: Երբեմն հարցազրուցավարները կարող են սադրիչ հարցեր տալ, որոնք սովորաբար անսպասելի են լինում: Նման հարցերը նպատակ ունեն ստուգելու թեկնածուի կրեատիվության և հնարամտության աստիճանը, պարզելու, թե նա ինչպես կարձագանքի նմանատիպ ոչ ստանդարտ իրավիճակներին: Տվյալ պարագայում, առանց խուճապի մատնվելու, պատասխանեք պարզ և հստակ, և որ ամենակարևորն է՝ անկեղծ՝ նախ ինքներդ ձեր և հետո միայն հարցազրուցավարների հանդեպ: 

Կրթական զանազան ծրագրերի, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության և խորհրդատվության համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ․ ArmScoop EduLab-ը սիրով պատրաստ է աջակցել ձեզ։

Տաթևիկ Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published.