Հայաստանի դիվանագիտական դպրոց․ ընդունելություն 2017-2018

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-18 թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով»* սահմանված որակավորում:

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բաձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2017թ. սեպտեմբերին և կավարտվի 2018թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և առցանց դիմումը լրացնել դիվանագիտական դպրոցի կայքում՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission կամ http://www.diplomaticschool.am/hy/admission հասցեներով:

Ընդունելության ընթացակարգը

Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2017թ. հուլիսին կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով): Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումներիև պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում

Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր: 

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մայիսի 15-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ․

  1. լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am հասցեով, ապա
  2. անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օր՝ ժ. 14.00-17.00: 

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060 620221 և 060 620254 (ներքին՝ 221 և 254) հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով: 

* «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկին» և «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին»  կարելի է ծանոթանալ դիվանագիտական դպրոցի կայքում:

Leave a Reply

Your email address will not be published.