Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագիր․ խորհուրդներ դիմորդներին | Գրիգոր Չոբանյան

Grigor Chobanyan
Նյու Յորքի հանրային գրադարան | Լուսանկարը՝ հեղինակի անձնական արխիվից

Գրիգոր Չոբանյանն իրավաբան է: Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում սովորում է Փենսիլվանիայի և Դրեքսելի համալսարանների մագիստրոսական (LL.M.) ծրագրով. մասնագիտական ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է միջազգային իրավունքը, միջազգային գործարարական իրավունքը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման (Alternative Dispute Resolution) մեթոդները։


Շուրջ յոթ ամիս գտնվելով ԱՄՆ-ում և ավարտելով մագիստրոսական ծրագրիս առաջին կիսամյակը՝ Armscoop-ի ընկերներիս տրված խոստմանս համաձայն, սյունակային մի քանի հոդվածների միջոցով կփորձեմ հնարավորինս ամփոփ խոսել Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի, ԱՄՆ-ում ստացածս կրթության և փորձի մասին: Հետևյալ հոդվածում տեղ են գտել նաև գործնական խորհուրդներ Ֆուլբրայթի կրթաթոշակին դիմել ցանկացողների համար:

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագիրը

Լինելով աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակային ծրագրերից մեկը՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի նպատակն է խթանել Միացյալ Նահանգների և այլ երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացումը: Ամեն տարի Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրի (Fulbright Foreighn Student Program in the USA) շնորհիվ ավելի քան 155 երկրից հարյուրավոր ուսանողներ և հետազոտողներ հնարավորություն են ստանում մագիստրոսական կամ դոկտորական ծրագրերի շրջանակներում ուսանել ԱՄՆ-ի տարբեր ուսումնական հաստատություններում (առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրի կայքում): Դրամաշնորհներ տրամադրվում են նաև ակադեմիական աստիճան չհետապնդող (non-degree) ծրագրերում ուսումնառության համար։ 

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի դրամաշնորհը տրամադրվում է ուսումնառության ողջ ընթացքի համար: Այն ներառում է ուսման վարձը, առողջության ապահովագրության ծախսերը, ԱՄՆ մեկնելու և հետ վերադառնալու ճանապարհածախսը, նաև տրամադրվում է որոշակի ֆիքսված գումար կեցության ծախսերի (գումարի չափը կախված է ուսումնառության վայրից) և ուսումնառության ընթացքում գրքեր գնելու համար:

«Ֆուլբրայթը» հնարավորություն է տալիս ոչ միայն անվճար սովորել ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում, այլև կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած ակտիվ ու առաջադեմ երիտասարդների հետ, ինչը կարող է լավ գործիք հանդիսանալ երկրների միջև հետագա համագործակցությունների ձևավորման ու զարգացման, ինչպես նաև տարաբնույթ վեճերի լուծման և ճգնաժամերի հաղթահարման համար: Ուշագրավ է, որ Ֆուլբրայթի ծրագրի շրջանավարտներից շատերն իրենց երկրներում ստանձնել են պատասխանատու պաշտոններ, մասնավորապես՝ դարձել են նախարարներ, կառավարության ղեկավարներ, երկրի նախագահներ և այլն: Շրջանավարտներից 57-ը դարձել են Նոբելյան մրցանակակիրներ:

Ֆուլբրայթի կրթաթոշակառուների համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր ձևաչափի միջոցառումներ (2016 թ. կազմակերպված միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ): Սրանք հիանալի հարթակներ են փորձի փոխանակման և անձնական կապեր հաստատելու համար: Օրինակ, 2017թ. փետրվարի 9-12-ը պատիվ եմ ունենալու մասնակցել Ֆուլբրայթ ծրագրի կողմից Ատլանտա (ԱՄՆ, Ջորջիա) քաղաքում իր կրթաթոշակառուների համար կազմակերպվելիք «Քաղաքացիական իրավունքներն ԱՄՆ-ում» խորագրով սեմինարին (2017 Atlanta Fulbright Enrichment Seminar), որտեղ առաջատար մասնագետների կողմից ներկայացվելու են իրավական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ նորարարական մոտեցումներ, իսկ մասնակիցներին հնարավորություն է տրվելու կատարել փորձի փոխանակում և առաջ քաշված հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնել լուծումներ։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև, նախքան հիմնական ուսումնական հաստատություններում բուն դասընթացների մեկնարկը, կրթաթոշակառուների համար մինչև մեկ ամիս տևողությամբ կազմակերպվող նախապատրաստական ծրագրերը: Դրանք հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում հարմարվել նոր մշակույթին, կրթական համակարգին, զարգացնել լեզվական հմտություններն ու հասկանալ մասնագիտական կրթության որոշ առանձնահատկություններ: Նախապատրաստական ծրագրի, մասնավորապես, շրջանակներում հնարավորություն ունեցա ծանոթանալ տարբեր երկրներից ժամանած Ֆուլբրայթի ծրագրի շուրջ 10 կրթաթոշակառուների հետ: Ավելին՝ Ֆուլբրայթի ծրագիրը կազմակերպել էր նաև մի շարք հանդիպումներ Հուբերտ Հ. Համֆրիի անվան ծրագրի (Hubert H. Humphrey Fellowship Program) շուրջ 30 երկրներից ժամանած կրթաթոշակառուների հետ:


Ֆուլբրայթի և Հ․ Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագրերի և դրանց դիմելու ընթացակարգի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։


Ֆուլբրայթի կրթաթոշակի շնորհման ընթացակարգը

Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրի մասին տեղեկացել եմ իմ ընկերներից, որից հետո, լրացնելով համապատասխան առցանց դիմումը, հայտ եմ ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից անցկացվող ընդունելության մրցույթին մասնակցելու համար: Մրցութային առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո հրավիրվեցի հարցազրույցի, որի հաջող ավարտից հետո էլ անհրաժեշտ էր հանձնել անգլերեն լեզվի թեստ՝ TOEFL* (որոշ մասնագիտություններ պահանջում են նաև GRE թեստ): Թեստերի հաջող ավարտից հետո սկսվում են համալսարանների ընդունելության և դրամաշնորհների տրամադրման փուլերը: Մրցութային փուլերի, կրթաթոշակառուների ընտրության, համալսարանների ընդունելության և դրամաշնորհների տրամադրման ամբողջ գործընթացը տևել է շուրջ մեկ տարի:

* ԱՄՆ համալսարանների իրավունքի դպրոցներ ընդունվելու համար TOEFL քննության պարագայում հիմնականում պահաջվում է առնվազն 100 միավոր (հնարավոր 120-ից):

Մի քանի խորհուրդ կրթաթոշակին դիմել ցանկացողներին

Իմ խորին համոզմամբ չկա որևէ «ոսկե կանոն», որին հետևելով հնարավոր է հաջողել կրթաթոշակային ծրագրին դիմելիս: Այնուամենայնիվ, ստորև կփորձեմ ներկայացնել որոշակի խոհուրդներ, որոնք ինքս կցանկանայի ստանալ նախքան կրթաթոշակին դիմելը.

  • Դիմումը լրացնելուն անհրաժեշտ է բավարար ժամանակ տրամադրել (իմ կարծիքով՝ ավելի քան մեկ ամիս): Առցանց դիմումը վերջնաժամկետից շատ ավելի վաղ հաստատելով՝ դիմումատուն որևէ գերապատվություն չի ստանում մյուս մասնակիցների նկատմամբ:
  • Անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել մոտիվացիոն նամակին և ուսումնական նպատակներին (study objectives) վերաբերող նկարագրի բովանդակությանը, որտեղ պետք է ներկայացնել սեփական փորձը, հնարավորինս հստակ հիմնավորել հետաքրքրության շրջանակներում առկա ուսումնասիրության ոլորտ(ներ)ի արդիականությունը, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքի կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում:
  • Նշված երկու կարևորագույն նամակները վերընթերցելիս պատկերացրեք ձեզ կրթաթոշակառուներին ընտրելու լիազորություն ունեցող անձանց դերում: Դիմումատուները ներկայացնում են նամակներ, որոնք շատ դեպքերում գրեթե կրկնվող են: Հետևաբար՝ դիմումին կից նամակները գրելիս ցանկալի է հնարավորինս ցուցաբերել անհատական մոտեցում: Միևնույն ժամանակ, պետք է խուսափել փաստերը չափազանցելուց և աղավաղելուց:
  • Անհրաժեշտ է սեփական փորձը հնարավորինս կապել ապագայում ուսումնասիրվելիք ոլորտ(ներ)ի հետ, ինչպես նաև ցույց տալ այն ուղիները, որով հնարավոր է ստացած գիտելիքները կիրառել սեփական երկրի զարգացման գործում: Օրինակ, եթե դիմումատուն ստացել է կրթություն, ունի աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ցանկանում է նույն ոլորտում կրթություն ստանալ նաև Միացյալ Նահանգներում, ապա նա կարող է համեմատականներ անցկացնել ապագայում ուսումնասիրվելիք ոլորտի և իր՝ արդեն իսկ ձեռ բերած փորձի և գիտելիքների միջև՝ հիմնավորելով ստացված գիտելիքները մեր երկրում ՏՏ ոլորտում կիրառելու արդիականությունն ու հնարավորությունները:
  • Կարծում եմ, ցանկալի է նաև նշել, թե ինքներդ ի′նչ ներդրում կարող եք ունենալ ուսումնառության ընթացքում և ինչպիսի հետագա համագործակցության ձևաչափեր եք պատկերացնում միջազգային ուսանողների հետ:

Մեծ սիրով պատրաստ եմ գործնական խորհուրդներով օգտակար լինել Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրին դիմել, ԱՄՆ-ում սովորել և ստացած գիտելիքները Հայաստանի զարգացման գործում ներդնել ցանկացող հայրենակիցներիս:

Գրիգոր Չոբանյան
«Ֆուլբրայթ» ծրագրի կրթաթոշակառու, իրավաբան

Leave a Reply

Your email address will not be published.