(հայերեն) Բյուրականը՝ 110 միլիոն բնակչությամբ տարածաշրջանի աստղագիտական կենտրոն

Միջազգային աստղագիտական միության՝ Հայաստանի կողմից համակարգվող տարածաշրջանային կենտրոնն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը։ Բյուրականի աստղադիտարանում գործող հայաստանյան գրասենյակին ուղղված պաշտոնական նամակների համաձայն, հունիսի 8-ին կենտրոնին միացել է Ղազախստանը, իսկ հունիսի 21-ին՝ նաև Տաջիկստանը։

2015-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ)՝ Հարավարևմտյան Ասիայում աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Սկզբնական շրջանում, Հայաստանից բացի, տարածաշրջանային կենտրոնին միացել էին Իրանը և Վրաստանը։ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակի ու նշանակության, ինչպես նաև մեր և հարևան երկրներում աստղագիտության զարգացմանն ուղղված գործունեության վերաբերյալ ArmScoop-ը զրուցել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ։

Արեգ Միքայելյանը Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար է, Միջազգային աստղագիտական միության աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա) տնօրեն, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար: Արեգ Միքայելյանի կենսագրությանը և գիտական գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ, նշված նոր երկրների միանալն էապես մեծացնում է Հայաստանում գործող կենտրոնի ազդեցությունը՝ դրա գործունեության ոլորտը ընդլայնելով նաև Կենտրոնական Ասիայում։ Այդ իսկ պատճառով կենտրոնն արդեն վերանվանվել է «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն»։ Ներկայում Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում է կենտրոնին միանալու հարցը։ Կենտրոնին կարող են միանալ նաև Արևելյան Եվրոպայի երկրները, քանի որ Հայաստանը ՄԱՄ կողմից դիտարկվում է որպես Արևելյան Եվրոպան և Հարավարևմտյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան միմյանց կապող երկիր։

«Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակը նպաստում է մեր երկրի միջազգային և տարածաշրջանային հեղինակության և վարկանիշի բարձրացմանը։ Աստղագիտությունը, լինելով Հայաստանի այցեքարտերից մեկը, կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման և հետագայում ընդարձակվելու և տարածաշրջանային գիտական կենտրոն ստեղծելու համար։ Սա թերևս միակ ոլորտն է, որի դեպքում հարևան երկրներն անվերապահորեն ընդունում են Հայաստանի գերակայությունը»,- ընդգծել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը։

Միջազգային աստղագիտական միությունը պրոֆեսիոնալ աստղագետներին միավորող աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր կազմակերպությունն է՝ իր կազմում ներառելով անդամ երկրների աստղագիտական միությունները։ 2010-2020 թթ․ ՄԱՄ ռազմավարական ծրագրի շրջանակներում 2011 թ․ մեկնարկել է ՄԱՄ «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) ծրագիրը, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ըստ այդմ, ԱԶԳ գրասենյակի (Քեյփթաուն, ՀԱՀ) կողմից ստեղծվել են տարածաշրջանային 8 կենտրոններ և լեզվի 3 փորձագիտական կենտրոններ։

Դեռևս 2015 թ․ հունիսին Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) Հայաստանին ընտրել է որպես Հարավարևմտյան Ասիայում ԱԶԳ ծրագրի համակարգման կենտրոն։ Հայաստանում ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․ օգոստոսի 13-ին Հոնոլուլուում (Հավայան կղզիներ, ԱՄՆ) կայացած ՄԱՄ գլխավոր խորհրդաժողովի ընթացքում։ Իսկ հոկտեմբերի 13-ին Բյուրականի աստղադիտարանում ՄԱՄ գլխավոր քարտուղարի և ԱԶԳ գրասենյակի տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱԶԳ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային կենտրոնի պաշտոնական բացումը։ 
2013 թվականին Բյուրականի աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է նաև որպես ազգային արժեք։

«Սկզբում նախատեսվում էր բոլոր երկրները որոշակի սկզբունքներով խմբավորել ըստ տարածաշրջանների, սակայն այդ տարբերակը չաշխատեց, և ձևավորվեցին առայժմ ութ տարածաշրջաններ, յուրաքանչյուրն իր կողմից ընդունված որոշակի հատկանիշներով՝ աշխարհագրական, լեզվական կամ այլ։ Մեզ մոտ ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակն էր․․․»,- նշում է Միջազգային աստղագիտական միության աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։ 

Տարածաշրջանային կենտրոնը Հայաստանում հաստատելու հայտում հայկական կողմը մոտ քսան հիմնավորում է ներկայացրել՝ սկսած Վիկտոր Համբարձումյանի գործոնից ու Բյուրականի աստղադիտարանի ներդրումից, ակտիվ գործունեությունից մինչև այն փաստը, որ Հայաստանը վիրտուալ աստղադիտարան ունեցող սակավաթիվ երկրներից է (աշխարհում ընդամենը 18 երկիր)։ Հայաստանի հայտն ընդունվել է շուրջ 3 տարի տևած քննարկումների և այլ երկրների ներկայացրած հայտերի մրցակցության պայմաններում։ «ՄԱՄ-ը ստացել էր յոթ հայտ, այդ թվում և Հայաստանինը․ մեր հայտի ամենաթույլ կողմը ֆինանսականն էր, քանի որ չկար որոշակի ֆինանսական աջակցություն, որի հիման վրա կարելի էր ՄԱՄ-ին ներկայացել Հայաստանում կենտրոնի գործունեության առավելությունները։ Սակայն ուրախալի է, որ նույնիսկ այդ պայմաններում, հաշվի առնելով մեր աստղագիտության բարձր մակարդակը, ավանդույթները, Բյուրականի աստղադիտարանի ենթակառուցվածքները, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը և վերջապես ներկայացրած հայտը, ՄԱՄ-ն ի վերջո որոշեց կենտրոնը հիմնադրել Հայաստանում»,- նշում է Արեգ Միքայելյանը՝ շեշտելով, որ կենտրոնը ֆինանսական ներդրումների պակասը փորձում է փոխհատուցել տարբեր երկրների ու կենտրոնների հետ լայն համագործակցությամբ։

Հայաստանում տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման հարցում Հայաստանի հետ մրցակցել է նաև Թուրքիան, և այժմ, Արեգ Միքայելյանի խոսքով, այդ երկիրը երկընտրանքի առջև է՝ կամ միանալ Հայաստանին, կամ դուրս մնալ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային ծրագրերից։ Նույն խնդրի առջև է նաև Ադրբեջանը, որը, ի տարբերություն Թուրքիայի, բացարձակապես որևէ քայլ չի ձեռնարկել կենտրոնին միանալու ուղղությամբ։

ՄԱՄ «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային կենտրոնները պետք է իրենց գործունեությունը ծավալեն թիրախային 3 ուղղություններով՝ մասնագիտական զարգացում («Համալսարաններ և հետազոտություններ»), աստղագիտական կրթություն («Երեխաներ և դպրոցներ») և աստղագիտության հանրայնացում («Աստղագիտություն հասարակության համար»): Ինչպես նշել է Արեգ Միքայելյանը, յուրաքանչյուր կենտրոն ինքն է որոշում իր գործունեության ձևերը և առաջնահերթությունները․ դրանցից են, մասնավորապես, գիտնականների փոխադարձ այցելությունները, համատեղ գիտահետազոտական ծրագրերը, տարածաշրջանային գիտաժողովները, աշխատաժողովները և երիտասարդական ամառային դպրոցները, համատեղ դիտումները, հոդվածները, կրթական և հանրայնացման ծրագրերը։ Թե որքան հաջող կամ արդյունավետ կընթանա այս կամ այն ծրագիրը՝ դրանով էլ որոշվում է տվյալ տարածաշրջանային կենտրոնի ակտիվությունը և ուղղվածությունը։

Բյուրականի աստղադիտարանում գործող տարածաշրջանային կենտրոնը հիմնադրումից ի վեր ակտիվ ու բազմակողմանի գործունեություն է ծավալել։ Կենտրոնի տնօրենը ArmScoop-ին ներկայացրել է իրականացված հիմնական ծրագրերն ու գործողությունները․

  • կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Հորդանանի, Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիցչները, ՄԱՄ-ի ղեկավարությունը, դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք,
  • այցելելություն Վրաստան՝ Թբիլիսիի համալսարան և Աբասթումանի աստղադիտարան՝ սեմինարների և համագործակցության քննարկման համար,
  • մասնակցություն Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ՄԱՄ տարածաշրջանային կենտրոնների խորհրդակցությանը,
  • այցելություն Կենտրոնական Ասիայի երկրներ՝ Ուզբեկստան, Ղազախստան և Տաջիկստան՝ սեմինարների, հնարավոր համագործակցության քննարկման և այդ երկրներին կենտրոնին միանալու հրավերի նպատակով,
  • մասնակցություն արաբական աշխարհում տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը և կենտրոնի գործունեության ներկայացում,
  • Հայաստան է այցելել Հորդանանի աստղագիտական ընկերության և համաարաբական աստղագիտական միության հիմնադիր Խալիլ Կոնսուլը,
  • տարածաշջանային աստղագիտական տուրիզմի ծրագրի իրականացում,
  • մշակութային աստղագիտության զարգացման ծրագրի իրականացում, մասնավորապես, կազմակերպվել է «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդական գիտաժողովը (20-23-ը հունիսի, 2016),
  • ստեղծվել է տարածաշրջանի աստղագիտության վերաբերյալ ամբողջական համացանցային կայքէջ,
  • Հայկական աստղագիտական ընկերության անգլերենով թողարկվող էլեկտոնային տեղեկագրում պարբերաբար անդրադարձ է կատարվում տարածաշրջանային աստղագիտական նորություններին,
  • մշակվել է բազմալեզու աստղագիտական պորտալի նախագիծը, որը հնարավորություն կտա արագ մուտք գործել քսանչորս լեզվով կարևորագույն աստղագիտական կայքէջեր՝ մասնագիտական, կրթական և հանրամատչելի մակարդակների համար նախատեսված,
  • կազմակերպվել է հայ-իրանական աստղագիտական գիտաժողով,
  • նախատեսվում է վերսկսել համատեղ հայ-վրացական կանոնավոր կոլոքվիումները,
  • օգոստոսին նախատեսվում է կենտրոնի մասնակցությունը Մարաղայի աստղադիտարանում (Իրան) կազմակերպվող աշխատաժողովին,
  • Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված գիտաժողովում և ամառային դպրոցում մեծ տեղ է տրվում տարածաշրջանային երկրների ներկայացուցիչների մասնակցությանը։

 

Leave a Reply