«Ֆուլբրայթ-Հովնանյան» դրամաշնորհ՝ ԱՄՆ-ում ուսանելու համար

fulbright programԱՄՆ պետքարտուղարության և «Հրայր ու Աննա Հովնանյան» հիմնադրամի միջև ձևավորված գործակցության արդյունքում մեկնարկել է Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիր-մրցույթի շրջանակներում գործող նոր՝ «Ֆուլբրայթ-Հովնանյան» դրամաշնորհային ծրագիրը։ 2017-18 ուս․ տարվանից սկսած՝ Հայաստանի ուսանողներին Ֆուլբրայթի ծրագրով ավանդաբար հատկացվող տեղերից զատ «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրով ևս 5 տեղ կհատկացվի բնական գիտությունների, հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի, և գործարարությանն առնչվող ոլորտներում մագիստրոսական կրթության համար։ Ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկություններին և անհրաժեշտ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ֆուլբրայթ»-ը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ միջազգային կրթական փոխանակման առաջատար ծրագիր է։ Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիրը (Fulbright Foreign Student Program in USA) հնարավորություն է տալիս շուրջ 155 երկրների ուսանողների և երիտասարդ հետազոտողների մագիստրոսական (Master’s degree) և դոկտորական (PhD study) ծրագրերով ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 

Դրամաշնորհը ներառում է ուսման վարձավճարը, դեպի ԱՄՆ և հետադարձ թռիչքի արժեքը, կեցության ամսական նպաստը, բժշկական ապահովագրությունը և ուսումնական գրքերի ծախսը։ Դրամաշնորհը տրվում է ուսումնառության ողջ ընթացքի համար։
Ովքե՞ր կարող են դիմել. Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն բակալավրի աստիճան, հաջողությամբ հանձնել են TOEFL և/կամ GRE քննությունները և համապատասխանում են ակադեմիական առաջադիմության և հետազոտական կարողությունների համապատասխան չափանիշներին։ Արական սեռի դիմորդները պետք է անցած լինեն ժամկետային զինծառայությունը կամ ունենան տարկետում։ Հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, թե հավակնորդները ծրագրով ուսումնառությունից հետո վերադառնալիս ինչպես կարող են ստացված գիտելիքները կիրառել Հայաստանում։
Ինչպե՞ս դիմել.  Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրին դիմելու համար պետք է լրացնել հետևյալ առցանց դիմումը։
Ե՞րբ դիմել. Դիմելու վերջնաժամկետը 2016 թ․ հուլիսի 15-ն է։

Ծրագրին դիմելու կարգի ու համապատասխանության պայմանների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ կամ այցելել դեսպանության կայքէջ:

Leave a Reply

Your email address will not be published.