Էդգար Էլբակյան | «Սինգապուրյան հրաշքի հետքերով»․ մի գիտաժողովի պատմություն

Edgar Elbakyan
Լուսանկարի աղբյուրը՝ հեղինակի Ֆեյսբուքի էջ

Հայկական գիտական համագործակցությունը (ArmScoop) նոր հեղինակային շարք է սկսում՝ «ՍՅՈՒՆԱԿՆԵՐ»։ Այս շարքում իրենց սյունակներն են վարելու գիտնականներն ու հասարակական-քաղաքական հայտնի ու նորահայտ գործիչներ, որոնք կանդրադառնան թե՛ գիտակրթական կյանքի զանազան խնդիրներին, թե՛ առավել լայն խնդիրների, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
Առաջին սյունակն սկսում է միջազգայնագետ Էդգար Էլբակյանը, որը ներկայացնում է իր մասնակցած միջազգային գիտաժողովները, ինչպես նաև դրանք հյուրընկալած երկրներում և համալսարաններում գիտակրթական միջավայրի առանձնահատկությունների և այդ ծիրում տվյալ երկրի հանրակարգերի
ու պետականաշինության փորձառության վերաբերյալ սեփական դիտարկումները։

Էդգար Էլբակյանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ է․ մասնագիտական և հասարակական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է միջազգային հարաբերությունները, պետականաշինությունը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև արդի կրթական համակարգերն ու գործընթացները։

 

Մի գիտաժողովի պատմություն

Ընդունելով ArmScoop-ի իմ հին ու ազնիվ ընկերների առաջարկը՝ կարճագիր սյունակների տեսքով հետայսու անդրադառնալու օտարերկրյա պետություններում մասնակցածս գիտաժողովներին և այդ երկրներից ստացած սոցիալ-կրթական տպավորություններին՝ շարքը ցանկանում եմ սկսել վերջերս Սինգապուրում տեղի ունեցած «Մոռանալով Սառը պատերազմի պատումները՝ հանուն սառըպատերազմյան աշխարհի այլընտրանքային ընկալումների» (“Unlearning Cold War Narratives: Toward Alternative Understandings of the Cold War World”) միջազգային գիտաժողովի մասին գրելուց։

Գիտաժողովը կազմակերպված էր Սինգապուրի ազգային համալսարանի կողմից, որն ըստ որոշ գնահատումների՝ Ասիայում համարվում է առաջինը, իսկ աշխարհում՝ լավագույն քսանյակի մեջ է[1]։ Գիտաժողովի առաջնահերթ նպատակը Սառը պատերազմի մասնագետներին և հարակից գիտաճյուղերի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ ժողովելով՝ համաշխարհային պատմության տվյալ էջի նորովի վերաիմաստավորումն էր, ի մասնավորի՝ երևույթը որպես ԱՄՆ-ԽՍՀՄ սոսկական մրցակցություն ներկայացնելու ավանդական պատումը (narrative) չլուսաբանված պատումներով լրացնելը։ Այս իսկ պատճառով՝ ներկայացված զեկույցներում[2] մեծ տեղ էր հատկացված ինչպես «երրորդ աշխարհի» Սառը պատերազմին, այնպես էլ այն տեղական և միկրոմակարդակի գործոններին, որոնք ԱՄՆ-ԽՍՀՄ մրցակցության ծիրից դուրս իրենց կնիքն են թողել Սառը պատերազմի զարգացման վրա։

[1] QS World University Rankings® 2015/16, Top Universities  (հղվել է 02.06.2016 թ․)։
[2] Զեկույցների վերնագրերի և համապատասխան հեղինակների ցանկը տե՛ս գիտաժողովի պաշտոնական կայքում՝ Participants, unlearningcoldwarnarratives.com (հղվել է 02.06.2016 թ․)։

Մայիսի 27-28 տեղի ունեցած գիտաժողովի երկրորդ աշխատանքային օրվա առաջին նիստում իմ կողմից ներկայացվեց «Վերագնահատելով «սառըպատերազմյան հակամարտություններ» եզրը․ հարավային Ադրբեջանի շուրջ հակամարտության դեպքը» զեկույցը, որում ներկայացնելով Պարսկաստան/Իրանի հյուսիսային-հյուսիսարևելյան տարածքների շուրջ միկրոտարածաշրջանային և մակրոտարածաշրջանային շուրջ մեկդարյա հակամարտությունը՝ առաջնահերթ կերպով շեշտադրել էի այն տեղական և տարածաշրջանային գործոնները, որոնք Սառը պատերազմից դեռ շատ առաջ և արդեն Սառը պատերազմից հետո նպաստում էին/են խնդրի գոյացմանը։ Ցույց տալով, որ կոնֆլիկտն իր վաղ տեսքով ծագել է թ(յ)ուրքական/օսմանյան արևելյան ծավալման հետևանքով Անդրկովկասի հարավ-արևելքում «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծման օրվանից, հետագայում իր նորովի «կիրառումն» է գտել մոսկովյան դիվանագիտական գործիքակազմում, ապա արդեն որդեգրվել է ադրբեջանական ազգայնական մտքի և պետականության կողմից՝ որպես ազգային-պետական ինքնութենակերտման գործոն՝ ջանացել եմ ապացուցել, որ Սառը պատերազմի տարիներին այդ տարածքների մի մասի խորհրդային օկուպացիայի հետևանքով առաջացած ճգնաժամը «Հարավային Ադրբեջանի հակամարտություն» պայմանական անվամբ ավելի մեծ պատումի ընդամենը մի առանձին արարն էր։

Ունկնդրելով նաև այլոց զեկույցները և հիմք ընդունելով սեփական հետազոտությունս՝ գիտաժողովի ամփոփիչ կլոր սեղանի ժամանակ կարծիք հայտնեցի, որ Սառը պատերազմի տարիներին տեղի ունեցած հակամարտությունների հետազոտման հաջող միջոց կարող է լինել դրանց «ապասառըպատերազմականացումը», այն է՝ տարածաշրջանային-համաշխարհային բաղադրիչներից զատ՝ նախևառաջ պատմականորեն ձևավորված տեղական ուրույն հակամարտածին գործոնների քննությունը։

∗∗∗

«Սինգապուրյան հրաշքի» հետքերով

Երբ Դուբայի օդանավակայանում սպասում էի տարանցիկ թռիչքիս դեպի Սինգապուր, «Ֆեյսբուքում» նշում կատարեցի այնտեղ մեկնելուս մասին՝ հավելելով «Սինգապուրյան հրաշքն ըմբռնելու ճամփին» գրառում։ Ընկերներիցս մեկը որպես բարեմաղթանք՝ գրեց՝ «հետ գաս, Հայատանում կիրառես էդ հրաշքը…»[3]։ Եվ այժմ էլ, երբ արդեն հետ եմ եկել, շատ են հարցերն այս թեմայով, թե ի վերջո որն է այդ երկրի հաջողության գաղտնիքը, կարո՞ղ ենք արդյոք այն ներդնել և մեզ մոտ։ Այս հարցերին իմ պատասխանը մեկն է լինում․ Սինգապուրի զարգացման հիմքում ընկած երևույթը, այն է՝ պետության՝ որպես մեկ հանրակարգի, և առանձին քաղաքացիների ձգտումը հարստության, Հայաստանի պարագայում, ընդհակառակը, ընկած է երկրում առկա կոռուպցիայի հիմքում։

[3] Էլբակեան Էդգար, Սինգապուրյան հրաշքն ըմբռնելու ճամփին, Facebook, 24.05.2016 թ․, post comment (հղվել է 02.06.2016 թ․)։

Առաջին հայացքից տարօրինակ հնչող պատասխանն իրականում խիստ ծանոթ ու հարազատ է սոցիալ-քաղաքական իրերի ու երևույթների զարգացումը հանրակարգերի պրիզմայից (institutional theory) քննողների համար։ Ինչպես և ինքնապահպանման բնազդը, այնպես էլ, ըստ էության, շուկայական տնտեսության և սպառողական մտածողության պայմաններում՝ զարգացման և հարստանալու ձգտումը ժամանակակից մարդուն ուղեկցող անխզելի հատկանիշներ են՝ լինի Սինգապուրում, թե Հայաստանում։ Ա՛յլ են համապատասխան հասարակական և պետաիշխանական հանրակարգերը (ինստիտուտ – ծնթ․ ArmScoop), որոնք իրենց կառուցվածքային առանձնահատկություններին և արժեքային համակարգին համահունչ քաղաքական կոնվերտացիայի են ենթարկում այդ ձգտումը։ Այդ հանրակարգերի պատմական զարգացման տարբերության հետևանքով է, որ Սինգապուրում ունենք միջազգայնորեն խիստ մրցունակ գիտակրթական համակարգ, որն ունակ է մեկ գիտաժողովի համար աշխարհի տարբեր ծայրերից հրավիրելու և հյուրընկալելու շուրջ 30 պատվիրակի, իսկ Հայաստանում՝ կաշառքով ուսուցիչ հավաքագրող դպրոցի տնօրեններ, որոնց մասին վերջերս գրել էր իմ լավ բարեկամ Հրաչ Մարտիրոսյանը[4]։ Սա խնդրի ախտորոշումն է։

[4] Մարտիրոսյան Հրաչ, Մեր երկրի քաղցկեղներից մեկը (մտորումներ Վերջին զանգի ու Հանրապետության տոնի առիթներով), Վիեննա, 27-28.05.2016, Facebook, (հղվել է 02.06.2016 թ․)։

Ասածիս մեջ ևս մեկ անգամ համոզվեցի, երբ կարճօրյա այցիս ընթացքում հաջողեցրի մի քանի ժամով հատել Ջոհորի նեղուցը և Սինգապուրից հայտնվել վերջինիս նախկին «հայրենիքի»՝ Մալազիայի տարածքում։ Երկու երկրների ներքին անվտանգության, բարեկեցության, բիզնեսվարման տարբերությունն այնքան ահռելի էր, որ զգացի անգամ ես՝ նորեկս։ Իսկ երբ արդեն գիտաժողովի ընթացքում ծանոթացա Մալազիայից ժամանած պրոֆեսորի հետ, որը դառնությամբ նշում էր, որ «մենք հարուստ երկիր ենք, ուղղակի կոռուպցիան շատ է անձնագրային բաժնի աշխատողից՝ մինչև փողոցի ոստիկան», հասկացա, որ տպավորությունս սխալ չէր։ Որպես տեսարժան օրինակ՝ ստորև ներկայացնում եմ «Ֆունան» թվային տեխնիկայի առևտրասրահի տարածքից մի հատված (Սինգապուր) և Լարկինի ավտոկայանի տարածքում գտնվող առևտրասրահից մի հատված (Մալազիա)։

Malaysia
Մալազիա
Singapore-funan
Սինգապուր

∗∗∗

Խորհուրդ և աջակցություն  

Քառօրյա գործուղմանս ընթացքում ես չհասցրի ամբողջությամբ բացահայտել «սինգապուրյան հրաշքը» կամ էլ հասկանալ Հայաստանում դրա կիրակումը խոչընդոտող գործոնների վերացման ուղիները, սակայն ևս մեկ անգամ համոզվեցի, որ միջազգային նման միջոցառումների մասնակցությունը մի բազմանիստ քար է հայաստանցի ապագա մասնագետի սոցիալ-կարիերային զարգացման ճանապարհին։ Եթե փորձեմ պարզեցված կետանշումներով արտահայտել այսօրինակ գիտաժողովների կարևորությունը, ապա հետևյալը կառանձնացնեմ՝

  • թեմատիկ գիտաժողովների դեպքում մասնագիտական լսարանի առաջ սեփական հետազոտության ներկայացում և յուրօրինակ միջազգային փորձաքննություն,
  • գիտաժողովների որոշ մասի դեպքում՝ ներկայացված զեկույց-հոդվածի վերջնական տարբերակի խմբագրում և հրապարակում կազմակերպող ինստիտուտի գրախոսվող հանդեսում կամ կոլեկտիվ մենագրության տեսքով,
  • գիտամասնագիտական նոր կապերի ձեռքբերում և փորձի փոխանակում,
  • խտացված «ինքնադասընթաց» տվյալ երկրի հիմնական նիստուկացի վերաբերյալ,
  • տվյալ երկրի ճանաչողություն կամ նույնն է թե այն, ինչ մեր պապերն անվանում էին «աշխարհ տեսնել»,
  • արդեն համապատասխան մասնագիտական հմտությունների ու արժեքային կողմնորոշումների դեպքում՝ այդ «աշխարհի» դրական կողմերը Հայաստան «ներկրելու» պատրաստակամություն։
Պարզ քաջալերանքից զատ՝ մշտապես պատրաստ եմ նաև կիրառական խորհուրդներով օգնել օտարերկրյա պետություններում գիտաժողովի մեկնել և օտարերկրյա «հրաշքները» բացահայտել ցանկացող հայրենակից գործընկերներիս։

Leave a Reply

Your email address will not be published.