Գերմանիայում լույս է տեսել «Հայաստանի ազգային փոքրամասնությունների տեղեկագիրք»-ը

Armenia_minoritiesՀամբուրգում լույս է տեսել գերմանացի լեզվաբաններ Իլոնա Շուլցեի և Վոլֆգանգ Շուլցեի հեղինակած «Հայաստանի ազգային փոքրամասնությունների տեղեկագիրք․ սոցիոմշակութային և սոցիոլեզվաբանական հետազոտություն» (A Handbook of the Minorities of Armenia. A Sociocultural and Sociolinguistic Survey) գիտական ծավալուն աշխատությունը (անգլերեն), որը լույս է սփռում Հայաստանի ազգային փոքրամասնություններին առնչվող ու ցարդ գրեթե չուսումնասիրված գիտական խնդիրների վրա: Շուլցե ամուսինները հետազոտությունն իրականացնելիս համագործակցել են Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, բացի այդ, աշխատանքների տարբեր փուլերում Հայաստանում դրանց մասնակցել են տեղի ևս 4 հետազոտողներ։

Գրքի լույսընծայման առթիվ Հայկական գիտական համագործակցությունը զրուցել է այդ հետազոտողներից մեկի՝ իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հակոբ Ավչյանի հետ։

Հակոբ Ավչյանի տեղեկացմամբ՝ հետազոտության նախաձեռնության պրոֆեսոր Վոլֆգանգ Շուլցեինն է (Wolfgang Schulze)։ Նա և իր կինը՝ գրքի համահեղինակը, ներկայացնում են Մյունխեն քաղաքի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանը։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Շուլցեն ականավոր լեզվաբան է, ընդհանուր լեզվաբանություն է դասավանդում վերոնշյալ համալսարանում, ուտիերենի եզակի մասնագետներից է։ Մասնակցել է մի շարք կարևոր գիտական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ 1975 թ․ Եգիպտոսում՝ Սինայի սուրբ Կատարինեի վանքի վերանորոգման ժամանակ հայտնաբերված աղվանական կրկնագիր ձեռագրերի վերծանման ու թարգմանության աշխատանքներին։ Իլոնա Շուլցեն բանասիրական գիտությունների թեկնածու է և նույնպես ընդգրկված է գիտական տարբեր կարևոր հետազոտական ծրագրերի աշխատանքային խմբերում։ Հետազոտական աշխատանքները կատարվել են 2012-2016 թվականներին և ամբողջովին ֆինանսավորվել են գերմանական Volkswagen հիմնադրամի կողմից։

Հակոբը հետազոտական թիմին միանալու առաջարկը ստացել է 2014 թվականին, երբ պրոֆեսոր Շուլցեի ղեկավարությամբ հետազոտական ծրագիր էր իրականացնում Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանում։ Նրա խոսքով՝ մինչև այդ արդեն Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում ծրագրին մասնակցող հայ հետազոտողների կողմից իրականացվել էին եզդիներին, ասորիներին, ուկրաինացիներին, բելառուսներին, քրդերին, ռուսներին, վրացիներին, լեհերին,  հրեաներին, գերմանացիներին վերաբերող դաշտային աշխատանքները։

Հակոբ Ավչյանը Լուսանկարը՝ հեղինակի Ֆեյսբուքի անձնական էջից
Հակոբ Ավչյանը
Լուսանկարը՝ հեղինակի Ֆեյսբուքի անձնական էջից

«Հայաստան վերադառնալուց հետո՝ 2014 թ․ հոկտեմբերին, սկսեցինք հայաստանաբնակ հույներին առչնվող գիտական խնդիրները լուսաբանելուն ուղղված դաշտային աշխատանքները, որոնք իրականացվեցին Լոռու մարզում՝ Յաղդան գյուղում և Ալավերդի քաղաքում ու այժմ դրա մաս կազմող նախկին Մադան գյուղում, ինչպես նաև Կոտայքի մարզում՝ Հանքավանում։ 2015 թ․ ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի մարզի Բագրատաշեն, Դեբեդավան և Պտղավան գյուղերում իրականացվեցին Հայաստանում բնակվող փոքրաթիվ ուտիներին առնչվող դաշտային աշխատանքները։ Բացի այդ գրքում առանձին բաժին է նվիրված Հայաստանում բնակվող մուսուլմաններին՝ իրանցիներին և Հայաստանում մնացած ադրբեջանցիներին։

Վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պատճառ դարձան, որ ուսումնասիրության մեջ շոշափվի նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերին առնչվող խնդիրները»,- նշում է Հակոբ Ավչյանը։

Թեև Հայաստանն ազգային կազմի տեսակետից համարվում է միատարր երկիր, այնուամենայնիվ հայերի կողքին ապրում են մեկ տասնյակից ավելի այլ ազգերի ներկայացուցիչներ։ Ինչպես նշում է հայ հետազոտողը, հայերի կողքին ապրելով ու շրջապատված լինելով գերազանցապես հայերով՝ նրանց մշակույթը, լեզուն, կենցաղը չեն կարող ազդված չլինել այդ գործոնից և կրած չլինեն համապատասխան փոփոխություններ՝ ի ցույց դնելով տարբերություններ իրենց պատմական հայրենիքներում բնակվող ազգակիցների մշակույթի, լեզվի, կրոնի, կենցաղի համեմատ։

«Հայաստանի ազգային փոքրամասնություններին առնչվող այս և այլ բազմաթիվ գիտական խնդիրներ մինչև օրս հավուր պատշաճի չեն ուսումնասիրվել, այդ տվյալների մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։ Կարծում եմ՝ այս գիրքը գալիս է լրացնելու հենց այդ բացը»,- ընդգծում է Հակոբ Ավչյանը։

Leave a Reply