Կրթաթոշակային ծրագրեր հայերի համար | ամբողջական ցանկ

Համաշխարհային կրթական դաշտում առկա բազմաթիվ միջազգային կրթաթոշակային ծրագրերի կողքին, որոնք հասանելի են նաև հայ ուսանողների համար, կան նաև հայկական կրթաթոշակային ծրագրեր, որոնք նախատեսված են Հայաստանի քաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացի հայազգի ուսանողների, ինչպես նաև հայագիտության ոլորտի հետազոտողների համար։ ArmScoop-ը հետևում և պարբերաբար հրապարակում է նման ծրագրերի մասին հայտարարություններ։ 

Ներկայացնում ենք 2017-2018 ակադեմիական տարվա համար գործող՝ հայկական առաջատար կրթաթոշակային ծրագրերի մանրամասները։ Կից ներկայացվում է նաև շուրջ 30 հայկական այլ (առավելապես ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների համար գործող) և ավելի քան 100 միջազգային կրթաթոշակային ծրագրեր ներառող ամբողջական ցանկը (անգլերեն), որոնց կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները կամ այլ երկրների հայազգի քաղաքացիները։ Ցանկը կազմվել է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացված ցանկը պարբերաբար ենթակա է փոփոխության և համալրման՝ հաշվի առնելով ընթացիկ ծրագրերի առկայությունը։

Ստորև ներկայացված են «Լույս» հիմնադրամի», «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության», Հայ բարեգործական ընդհանուր միությանՀայ կրթական հիմնարկության և «Հովնանյան հիմնադրամի» կողմից առաջարկվող կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերը։ 

 

Luys-foundation

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիր

 

Համաշխարհային տնտեսությունն այսօր հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ մասնակցելու աշխարհի առաջընթացին: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրն ապահովում է Հայաստանի զարգացումը և մասնակցությունը գիտելիքահենք համաշխարհային տնտեսությանը, աշխարհի առաջատար երկրներին համաքայլ ընթացքը:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` սովորել, գործել, համաստեղծել:

ՍՈՎՈՐԵԼ․ ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: «Լույսը» կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:

ԳՈՐԾԵԼ․ ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարել իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:

ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ․ կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ:

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ծրագիրը ներառում է փոխառություն կամ կրթաթոշակ, որը շնորհվում է աշխարհասփյուռ հայ ուսանողներին աշխարհի լավագույն 10 համալսարաններում սովորելու համար: Լավագույն համալսարանների ցանկը յուրաքանչյուր տարի հաստատվում է «Լույսի» կողմից։ 

Յուրաքանչյուր համալսարանի համար «Լույսին» դիմած առաջին 10 ուսանողները, որոնք դիմում են առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer) ներառող ամբողջական փաթեթով, կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին: «Լույսի» չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսանողը կարող է հիմնադրամի կողմից իրեն հատկացվող գումարը վերածել «Լույսի» դրամաշնորհի, եթե կատարի պայմանագրով սահմանված բոլոր պարտականությունները:


Դրամաշնորհի առավելագույն չափը՝
 ուսումնառության ծախսերի առավելագույնը 50%-ը։ (Փոխառության կամ կրթաթոշակի բաղադրիչների հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ
Ովքե՞ր կարող են դիմել. «Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է. ա) լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար), բ) «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան, գ) ընդունված լինի «Լույսի» ցանկում ներառված համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։
Ե՞րբ դիմել. կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն տարի՝ ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:01) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը։

Gulbenkian-fond-2

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» ծրագրեր

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական ծրագրերի բաժինը տարիներ շարունակ մի շարք կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերով օժանդակում է հայազգի ուսանողներին, գիտնականներին, ուսուցիչներին և հայագիտական ակադեմիական նախաձեռնություններին։ Յուրաքանչյուր տարի թարմացվող ծրագրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայագիտության կրթաթոշակ 

(հայագետների համար՝ անկախ ազգային պատկանելիությունից)

Այս կրթաթոշակը նախատեսված է աշխարհի որևէ բուհում հայագիտական ուսումնասիրություններ կատարող ուսանողների և հետազոտողների համար՝ անկախ իրենց ազգությունից։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 ԱՄՆ դոլար։
Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։
Ովքե՞ր կարող են դիմել. հայագետներ, որոնք արդեն կրթություն են ստանում մագիստրոսական, ասպիրանտական կամ հետդոկտորական ծրագրերով։ Առավելություն կտրվի Հայաստանի և սփյուռքի հիմնախնդիրներին առնչվող հետազոտական թեմաներին։
Ե՞րբ դիմել. 2016-2017 ակադեմիական տարվա համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Գիտաժողովների ու հետազոտական կարճատև այցերի դրամաշնորհ

(հայաստանցի ուսանողների ու երիտասարդ գիտնականների համար)

Դրամաշնորհը նախատեսված է Հայաստանում բնակվող ուսանողների (մագիստրանտ), ասպիրանտների և երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար, որոնք ցանկություն ունեն մասնակցելու իրենց հետազոտական աշխատանքներին առնչվող միջազգային գիտաժողովների, սեմինարների, ամառային ծրագրերի և նմանատիպ այլ ակադեմիական հանդիպումների։ Դրամաշնորհները բաց են բոլոր հետազոտական ոլորտների համար․ առավելությունը կտրվի հումանիտար և սոցիալական գիտաճյուղերին առնչվող հայտերին։ Դրամաշնորհները նախատեսված են հիմնականում կարճատև ակադեմիական կամ հետազոտական այցերի համար․ առանձին դեպքերում կարող են քննվել մինչև 3 ամիս տևողության գիտական/կրթական այցեր նախատեսող հայտերը։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 2500 ԱՄՆ դոլար։
Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։
Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև 35 տարին չլրացած գիտնականներ՝ բոլոր գիտաճյուղերից․ առավելություն կտրվի հումանիտար և սոցիալական գիտաճյուղերի ներկայացուցիչներին։
Ե՞րբ դիմել. նախատեսվող միջոցառումների անցկացման օրվանից ոչ շուտ, քան 6 ամիս առաջ, և ոչ ուշ, քան 2 ամիս առաջ։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Հայագիտական կարճատև հետազոտական այցերի դրամաշնորհ 

Դրամաշնորհը նախատեսված է հայագիտական հետազոտություններով զբաղվող որակավորված ուսանողների և գիտնականների համար (բացի հայաստանաբնակ հայագետներից, որոնք կարող են դիմել վերը նշված դրամաշնորհին)։ Դրամաշնորհի նպատակն է խթանել հայագետների մասնակցությունը միջազգային գիտական միջոցառումներին (գիտաժողով, սեմինար, ամառային դպրոցներ և այլն), որոնք առչվում են հայագիտությանը։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 5000 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք հայաստանաբնակ չեն․ առավելությունը կտրվի երիտասարդ գիտնականներին։
Ե՞րբ դիմելդրամաշնորհի համար կարելի է դիմել տարվա ցանկացած ժամանակ։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

 

agbu-logo

ՀԲԸՄ կրթաթոշակներ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը ամեն տարի հայազգի ուսանողների համար տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով ուսումնառության համար։ Հայաստանի քաղաքացիները կարող են ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրերին դիմել միայն արտերկրում (ոչ ՀՀ տարածքում) ուսումնառության նպատակով։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀԲԸՄ կրթաթոշակները նախատեսված չեն կարճատև կրթական (կրթական աստիճան չշնորհող, ոչ լրիվ ակադեմիական տարվա և այլն) կամ գիտահետազոտական ծրագրերի, գիտաժողովների, մասնագիտական այցերի ֆինանսական աջակցության համար։

ՀԲԸՄ կրթաթոշակների՝ յուրաքանչյուր տարի թարմացվող ամբողջական ցանկին և հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կրթաթոշակային ծրագրերին մասնակցունակությունը կարող եք ստուգել այստեղ։

Միջազգային կրթաթոշակ

(բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, ուսումնառության համար)

Կրթաթոշակը նախատեսված է բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով սովորող այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են ուսանել աշխարհի առաջատար բուհերում և կոլեջներում (բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Սիրիայից)։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 3000 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է։

ԱՄՆ-ում ուսումնառության կրթաթոշակ (US Graduate Fellowship)

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են մագիստրոսական (graduate) կամ ասպիրանտական (PhD study) ծրագրերով ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար բուհերում և կոլեջներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 7500 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.5 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։

Մեծ Բրիտանիայում ուսումնառության կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) ծրագրերով ուսանել Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերում և կոլեջներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 3000 ֆունտ ստեռլինգ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է։

Ֆրանսիայում ուսումնառության կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է բակալավրիական (undergraduate) և մասամբ նաև մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով սովորող այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են ուսանել Ֆրանսիայի առաջատար բուհերում և կոլեժներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 1800 եվրո։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Կատարողական արվեստների կրթաթոշակ (Performing Arts Fellowship)

(երաժշտության, թատրոնի և կինոյի բնագավառներում ուսումնառության համար)

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են երաժշտական արվեստի, թատերական- և կինոարվեստների բնագավառներում բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով ուսանել աշխարհի առաջատար բուհերում, կոնսերվատորիաներում կամ կոլեջներում (Մեծ Բրիտանիայում համանման կրթություն ստանալու համար գործում է առանձին կրթաթոշակ․ տես համապատասխան հղումը)։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 7500 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.5 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

 

AEF

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակներ

 

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակ

(ՀՀ բուհերում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար)

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են առավելագույնը տվյալ ուստարվա ուսման վարձի չափով։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ուսումնառության առկա ձևով, և որոնց միջին որակական գնահատականը (ըստ գնահատման համակարգի) առնվազն 3.7 (4-ից), 7 (10-ից), 16 (20-ից), 75 (100-ից) միավոր է։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 6-ն է։

Կրթաթոշակային ծրագրի հավելյալ մանրամասներին և մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, ծրագրի մասին հաճախ տրվող հարցերի պատասխաններին՝ այստեղ։

Կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկության հատուկ կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում և քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողների համար, որոնց վարձավճարի 70%-ը հոգում է պետությունը: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող սիրիահայ ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար

Կրթաթոշակը նախատեսված է Արցախում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Դոկտոր Ալբերտ և Ջինջեր Մելիք Ղասումյանների անվան կրթաթոշակ՝ Շուշիում բնակվող ուսանողների համար

Կրթաթոշակը նախատեսված է Շուշի քաղաքում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ջորջորյան կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է Գյումրի, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Սպիտակ և Ստեփանակերտ քաղաքներում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով՝ խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Վարժապետյան կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ

Հայ կրթական հիմնարկության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը տրամադրվում է երիտասարդ հայ գիտնականներին, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրելու Ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետևանքները հայ ազգի վրա։ Կրթաթոշակի դիմումի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

 

Scholarships

Հովնանյան կրթաթոշակ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը) բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։
Ե՞րբ դիմել. աշնանային կիսամյակի համար հայտերն ընդունվում են մայիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, գարնանային կիսամյակի համար՝ մինչև նոյեմբերի վերջ։

Հայտին կից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է տպագրված և ստորագրված տարբերակով նշված ժամանակահատվածում հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» գրասենյակ (հասցե՝ Երևան, Հանրապետության 37)։ Հիմնադրամի կողմից նախընտրելի է ներկայացնել անգլերեն հայտաձևը, սակայն անգլերենի չիմացության դեպքում հնարավոր է ներկայացնել նաև հայերեն հայտաձևը։ Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Leave a Reply