«Նոբելյան օրեր Երևանում»․ աննախադեպ իրադարձություն Հայաստանի գիտական կյանքում

NobelDays-YerevanԱպրիլի 12-15-ը Հայաստանն առաջին անգամ «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով գիտակրթական միջոցառման շրջանակներում կհյուրընկալի նոբելյան 5 մրցանակակիրների, որոնք կներկայացնեն քիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության ոլորտներին վերաբերող մասնագիտական զեկույցներ, գիտության խնդիրներին վերաբերող հանրային դասախոսություններ, ինչպես նաև կմասնակցեն հասարակական թեմաներով և մասնագիտական քննարկումների։

Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվող այս եզակի միջոցառումը խոստանում է դառնալ Հայաստանի գիտական կյանքում երբևէ կազմակերպված ամենանշանավոր իրադարձություններից մեկը: «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնությունն իր նշանակությամբ և ներկայանալիությամբ աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ 

«Նոբելյան օրերի» ընթացքում դասախոսություններով հանդես կգան կենսաբան Ահարոն Չիհանովերը (Իսրայել), բյուրեղագետ Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Իսրայել), բժիշկ և ֆիզիոլոգ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-Իչի Նեգիշին (Ճապոնիա): 

«Ոգեշնչի՛ր և ստեղծի՛ր» կարգախոսով անցկացվող դասախոսությունների ընթացքում կներկայացվեն Երևան հրավիրված նոբելյան մրցանակակիրների գիտական բացառիկ նվաճումներն ու նրանց մասնագիտական ձեռքբերումները: 

Միջոցառումը նաև գիտական երկխոսության ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև: Սա աննախադեպ հնարավորություն է՝ տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել Նոբելյան ժառանգությանն արժանի։

Թեև միջոցառման թիրախային խումբը բժշկագիտության, քիմիայի և ֆիզիկայի ոլորտների գիտնականներն ու ուսանողներն են, դասախոսությունները բաց են լինելու բոլորի համար, որոնք նախապես գրանցվել են։ Դասախոսությունները կանցկացվեն անգլերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Դրանք կտեսաձայնագրվեն և հետագայում ևս հասանելի կլինեն։ Միջոցառումը բաղկացած է երկու բաղադրիչից։ Ապրիլի 12-ին հրավիրված գիտնականները Մարզահամերգային համալիրում հանդես կգան չորս հանրային դասախոսություններով, որոնք նվիրված են գիտության համընդհանուր խնդիրներին, իսկ հաջորդ երկու օրերին կներկայացնեն իրենց նեղ մասնագիտական դասախոսությունները:

Ինչպես միջոցառմանն ընդառաջ՝ ապրիլի 11-ին, ԵՊԲՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսում փաստեց «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող, ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, կազմակերպիչ կողմի հիմնական նպատակն է միջոցառման օրերին և դրանից հետո Հայաստանում համապատասխան միջավայր ստեղծելը, բացի այդ, միջոցառումը միտված է նաև գիտական աշխարհի ուշադրությունը սևեռելու Հայաստանի վրա՝ որպես կարևոր գիտական կենտրոնի։ Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց՝ Հայաստանի պետականաշինության համար գիտության զարգացումը չափազանց մեծ դեր ունի, և այս տեսակետից հայ գիտական հանրության համար շատ կարևոր է անցկացվող միջոցառումը։

Դեռևս 2010 թվականի ապրիլին Կոնստանտին Ենկոյանի նախաձեռնությամբ և անձնական հրավերով Հայաստան է այցելել «Նոբելյան օրերի» ներկա մասնակիցներից՝ 2004 թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չիհանովերը, որը Բժշկական համալսարանում նեղ մասնագիտական և բարձրագույն կրթության խնդիրների վերաբերյալ դասախոսություններ է կարդացել։ Կոնստանտին Ենկոյանի և Ահարոն Չիհանովերի միջև դեռևս մինչ այդ կայացած մտերմությունն ու մասնագիտական կամուրջն էլ հիմք է հանդիսացել Երևանում Նոբելյան օրեր անցկացնելու գաղափարի համար։ 2010 թ․ Ա․ Չիհանովերի դասախոսությունների ձևաչափն էլ պահպանվել է նաև ներկա միջոցառման ընթացքում։

«Միջոցառման հիմնական թիրախային խումբը ուսանողներն են, բացի այդ, առաջին անգամ ներգրավել ենք նաև աշակերտներին: Ապրիլի 14-ին առանձին հանդիպում կազմակերպենք աշակերտների հետ, որի ընթացքում կներգրավվեն ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցների աշակերտները։ Սա շատ կարևոր է, քանի որ սերը գիտության նկատմամբ աշակերտական տարիներից պիտի կայանա»,- մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Կոնստանտին Ենկոյանը:

Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց նաև, որ իրենց նպատակն է Նոբելյան մրցանակակիրների մոտ հետաքրքրություն առաջացնել տեղի հայ գիտնականների հանդեպ և նրանց հետ գիտական համագործակցության առիթ ու հնարավորություն ստեղծել։ Ըստ ԵՊԲՀ ռեկտորի՝ դրանք զուտ դասախոսություններ չեն․ Նոբելյան մրցանակակրի դասախոսությունը լուրջ արվեստ է, այն նաև վարպետության դասընթաց է դասախոսների համար, թե ինչպես մատչելի ձևով ներկայացնել գիտական խնդրը, և դրա լուծման համար ներգրավել  համապատասխան գիտական ներուժ։ «Կա մի ասացվածք՝ տաղանդավոր մարդն այն թիրախին է հասնում, որին ուրիշները չեն կարողանում հասնել, իսկ հանճարեղները կարողանում տեսնել այն թիրախները, որոնք ուրիշները չեն կարող տեսնել: Մեզ համար իրենց տեսածն է կարևոր»,- ընդգծեց Միքայել Նարիմանյանը։ 

Նախաձեռնության մասնակից, ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մովսիսյանը, կարևորելով միջոցառումը ուսանողության համար, նշեց, որ նման կարգի գիտնականների հետ շփումն արդեն շատ մեծ ոգեշնչում կլինի իրենց համար։ Արդեն իսկ տարբեր համալսարաններ ու ոլորտներ ներկայացնող շատ մեծ հետաքրքրված լսարան կա։ «Սա մեզ համար շատ մեծ հնարավորություն է գիտական մտքեր փոխանակելու համար, որի արդյունքում, ինչպես ուսանողներից մեկը նկատեց, գուցե մեր ուսանողների մեջ առաջանա իրենց նոբելյան գաղափարը»,- նշեց Մարիամ Մովսիսյանը։ Իսկ նախաձեռնության մեկ այլ մասնակից, 12-րդ դասարանի աշակերտ Քրիստինե Ալեքսանյանն ընդգծեց․ «Շատ երիտասարդներ երազում են հանդիպել աստղերի հետ, և այժմ մեզ համար իսկապես հնարավորություն է ընձեռված հանդիպելու իրական աստղերի՝ մեծ գիտնականների հետ: Սա եզակի հնարավորություն է մեզ համար, նույնիսկ շատ հզոր երկրների աշակերտներ նման հնարավորություն չունեն»,- ասաց դպրոցականը:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում` www.nobeldays.am, ինչպես նաև պարբերաբար թարմացվող տեղեկատվության համար այցելել միջոցառման Nobel Days in Yerevan ֆեյսբուքյան խումբ։

Leave a Reply

Your email address will not be published.