Գրքի շնորհանդես․ «Գրամշիի Մարդկության շրջանակը և Հայաստանը»

Gramsci-2Մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Գրամշիի Մարդկության շրջանակը և Հայաստանը» գրքի շնորհանդեսը․ հեղինակներ՝ Ա․ Մերջեան, Ս․ Հովհաննիսյան, Ն․ Մկրտչյան։ Շնորհանդեսի կազմակերպիչն է Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ Միջոցառումը նվիրված է իտալացի ականավոր մարքսիստ տեսաբան Անտոնիո Գրամշիի (1891-1937) ծննդյան 125-ամյակին։ 

Ժամանակը․ մայիսի 5, ժ․ 14:00-15:30
Վայրը․ ՀԱՀ, «Փարամազ Ավետիսյան» մասնաշենք, «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ, 3-րդ հարկ (Մ․ Բաղրամյան պող․, 40) 
Լեզուն․ անգլերեն և հայերեն

Գրքի շնորհանդեսի ընթացքում տեսակապով ելույթ կունենա ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Բութիջիջը (Joseph A. Buttigieg), որն ԱՄՆ-ում Ա․ Գրամշիի «Բանտային տետրեր» խորագրով աշխատությունների ժողովածուի բազմահատոր քննական հրատարակության խմբագիրն ու թարգմանիչն է։ 

Գիրքը կոլեկտիվ մենագրություն է, որտեղ ներկայացվում են գրամշիականության և Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությունները։ Ուշադրության կիզակետում պահելով Անտոնիո Գրամշիի՝ 1916թ․ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրված «Հայաստան» ակնարկ-հոդվածը՝ հեղինակներն այն հետազոտել են Գրամշիի գերիշխանության տեսության ծիրում։ Առաջադրվել է մի դրույթ, համաձայն որի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորագույն քայլերից է Հայաստանը և հայությունը Գրամշիի մատնանշած «մարդկության շրջանակի» մեջ ներառելը։

Գրքի նախաբանը հեղինակել է ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

Գիրքը հասցեագրված է պատմագետներին, քաղաքագետներին, միջազգայնագետներին, փիլիսոփաներին, ինչպես նաև հայոց պատմությամբ հետաքրքրվող լայն հասարակությանը։

Հեղինակների մասին

Արա Մերջեանը (Ara Merjian) Նյու Յորքի համալսարանի իտալական արվեստի պատմության դոցենտ է և նույն համալսարանի բակալավրի ուսումնական ծրագրի ղեկավարը։ Նա «Ջորջո դե Կիրիկոն և մետաֆիզիկական քաղաքը․ Նիչշե, մոդեռնիզմ, Փարիզ» գրքի հեղինակն է։ 

Սմբատ Հովհաննիսյանը ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ է, նաև հրավիրյալ դասախոս է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Նարեկ Մկրտչյանը ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ է, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրիատում հայոց պատմության դասավանդման ծրագրի համակարգողը։

Leave a Reply

Your email address will not be published.