Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

Փաստաթղթերի ժողովածու: Կազմող և խմբագիր՝ Վ. Ղազախեցյան: Եր., ՀՀ ԳԱԱ պատմության ինստ., 2016, 228 էջ:
Փաստաթղթերի ժողովածու: Կազմող և խմբագիր՝  Վ. Ղազախեցյան: Հրատ. պատրաստեց՝ պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը։ Եր., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2016, 228 էջ:

«ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թվականներ)» փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է 2016 թ․ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։ Ժողովածուն կազմել և խմբագրել է պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանը (1926-2015 թթ․): Հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։

Ներբեռնել փաստաթղթերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը*

Փաստաթղթերի ժողովածուն նվիրված է ՀՅԴ կուսակցության գործունեությանը Խորհրդային Հայաստանում և Պարսկաստանում խորհրդային իշխանության գոյության առաջին տարիներին` 1921-1927 թթ.: Վավերագրերն ընտրովի են, այն է` գաղտընթերցված (перлюстрация) ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողով-Պետական քաղաքական վարչության կողմից:

Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:

Ժողովածուն հազվագյուտ, արժեքավոր սկզբնաղբյուր է հայագիտությամբ զբաղվող գիտական աշխատողների համար: Այն լրացնում է նախկինում «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը» (Եր., 1999) և «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)» (Եր., 2008) փաստաթղթերի ժողովածուներում ՀՅԴ-ի գործունեության վերաբերյալ հրատարակված վավերագրերը:

*Հայկական գիտական համագործակցությունը շնորհակալություն է հայտնում պ․գ․թ․ Համո Սուքիասյանին գրքի էլ․ տարբերակը սիրահոժար տրամադրելու համար։

Leave a Reply