Կարևոր նախաձեռնություն․ Գալուստ Գյուլբենկյան թարգմանությունների շարք

Calouste-Gulbenkian-Fundation«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հանդես է գալիս կարևորագույն նախաձեռնությամբ։ Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքը սկսում է թարգմանությունների շարք, որի նպատակն է հումանիտար և հասարակական գիտություններում մեծ ազդեցություն ունեցող տեքստերը հասանելի դարձնել հայերեն լեզվով, ինչպես նաև հայերեն նշանակալից տեքստերը հասանելի դարձնել այլ լեզուներով։

«Գալուստ Գյուլբենկյան  թարգմանությունների շարք»-ի թիրախում հիմնականում լինելու են 19-րդ դարի վերջերից մինչև արդի ժամանակաշրջանն ընդգրկող և թարգմանական 4 ոլորտ ներառող տեքստերը։ Թարգմանությունները կարող են լինել արևելահայերեն կամ արևմտահայերեն` կախված թարգմանչի հնարավորությունից։ Մասնավորապես, թարգմանվելու են տեքստեր՝ 

  • օտար լեզուներից հայերեն. հիմնականում կթարգմանվեն հումանիտար և հասարակական գիտությունների հիմնարար տեքստերը՝ հատկապես եվրոպական լեզուներից։ Նկատի կառնվեն բազում հետազոտական ուղղություններ՝ համապատասխան (միջ)գիտակարգային ազդեցության հիման վրա,
  • հայերենից օտար լեզուներ (եվրոպական լեզուներ). հիմնականում կթարգմանվեն հայկական աշխարհում արդի հասարակական մտքին ու նշանակալից քննարկումներին առնչվող տեքստեր,
  • թուրքերենից հայերեն. թարգմանիչների թիրախում կլինի թուրքական արդի հասարակական ու քաղաքական մտքի ընտրանին՝ ժողովածուների տեսքով,
  • հայերենից թուրքերեն․ կկիրառվի թուրքերենից հայերեն թարգմանության վերոնշյալ մոտեցումը` իրականացնելով Հայաստանում և սփյուռքում հիմնական դիսկուրսների վերաբերյալ թարգմանություններ։

Նախաձեռնության նպատակն է հայերեն տեքստերը հասանելի դարձնել գիտնականներին և ուսանողներին՝ արդի ինտելեկտուալ դիսկուրսների զարգացումը խթանելու համար։

Նախաձեռնությունը նաև նոր հնարավորություններ է ընձեռում՝ հայերենի զարգացման, մասնավորապես մասնագիտական բառապաշարի ընդլայնման, ինչպես նաև՝ հայոց լեզվի թարգմանիչների (հայերենից օտար լեզուներ և հակառակը) խմբի ընդլայնման համար։ Հիմնադրամը նախաձեռնության հաջող իրականացման համար կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ, ինչպես նաև կաջակցի թարգմանիչների թրեյնինգների նախագծերին։

Թարգմանությունների շարքն իրագործելու համար ստեղծվել է համապատասխան մասնագետների միջազգային խումբ, որոնք առաջարկելու են թարգմանության ենթակա տեքստերը։ Խմբում ընդգրկված են`

  • Շուշան Ավագյան՝ թարգմանիչ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոս, 
  • Վազգեն Ազատյան՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի դասախոս, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,
  • Հակոբ Գուլուջյան՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ֆակուլտետի հայագիտության դասախոս,
  • Սմբատ Հովհաննիսյան՝ Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու,
  • Արմինե Իշխանյան՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսորի օգնական, մագիստրատուրայի սոցիալական քաղաքականության և զարգացման ծրագրերի ղեկավար,
  • Ռայմոն Գևորգյան՝ Փարիզի համալսարանի աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի հետազոտությունների պատվավոր տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,
  • Արտաշես Մարկոսյան՝ Ստամբուլի «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ,
  • Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի (Դիրբոռն) հայագիտության և Միջին Արևելքի պատմության դասախոս, Հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն։

«Գալուստ Գյուլբենկյան  թարգմանությունների շարք»-ը ստեղծելու է վեբկայք, որտեղ հնարավորության դեպքում կհրապարակվեն թարգմանությունների էլեկտրոնային տարբերակները, նոր տերմինաբանության թարգմանությունները, թարգմանչական խնդիրների քննարկումները, թարգմանիչների և հրատարակիչների համար ռեսուրսներ և հնարավորություններ, ինչպես նաև նախագծի զարգացման մասին նորություններ։

«Գալուստ Գյուլբենկյան  թարգմանությունների շարք»-ի պաշտոնական մեկնարկը կտրվի 2016 թ փետրվարին, երբ կհայտարարվի նաև թարգմանվող և հրատարակվող տեքստերի նախնական ցուցակը։ 2016 թվականի սկզբին նաև կընտրվեն թարգմանիչների և հրատարակիչների խմբերը։

Leave a Reply

Your email address will not be published.