Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Armenian-azerbaijani-war
Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները/ Էդգար Էլբակյան, խմբ՝ Ալվինա Աղաբաբյան: – Եր., Հեղ. հրատ., 2015. – 188 էջ:

Հայ-ադրբեջանական հակամարտության, պատերազմի* ու նորագույն ռազմական գործողությունների վերաբերյալ հայկական՝ ոչ այդքան հարուստ մասնագիտական գրականությունը լրացվել է կարևոր փաստագրական-վերլուծական աշխատությամբ: Լույս է տեսել Էդգար Էլբակյանի հեղինակած «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը (խմբագիր՝ Ալվինա Աղաբաբյան)։ Գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի 1988-1994 թթ. և ներկայիս՝ 2014-2015 թթ. շրջափուլերը։ Մատնացույց են արվում հակամարտության ծագման պատճառներն ու հայաստանանպաստ լուծման հնարավոր ուղիները: Գրքի Հուշամատյանը ներառում է 2014-2015 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 10 հայ զինծառայողների կյանքի և սխրանքի նկարագրությունը:

Գիրքը բաղկացած է երեք մասից։ Հաշվի առնելով ներկայում շարունակվող ռազմական գործողությունների օրգանական կապը և հարակցական առնչությունը 1990-ական թվականների պատերազմի հետ՝ առաջին մասում քննության է առնվում հենց այդ պատմական շրջանը։ Հեղինակի դիտարկմամբ՝ թեև մասնագիտական և հրապարակախոսական գրականության մեջ հայ-ադրբեջանական պատերազմի այդ փուլի (1988-1994 թթ.) մասին շատ է գրվել, այնուամենայնիվ, առկա նյութերում տակավին մեծ բաժին են կազմում հերոսապատումները, հուշագրությունները, հարցազրույցները, ժամանակագրությունները։ Ուստի գրքում փորձ է արված վեր հանել պատերազմի պատճառներին, վերջինիս պարբերականացմանը, հայկական և ադրբեջանական գործողությունների պատճառահետևանքային կապերին, հայկական կողմի տարած հաղթանակը պայմանավորող գործոններին վերաբերող հարցերը: Առաջին մասում համառոտ ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակագրական պարբերականացումը, ընթացքը, առանցքային ռազմական գործողությունները, ինչպես նաև ընդհանուր տրամաբանությունը և հայկական կողմի հաջողությունները պայմանավորող գործոնները։

Գրքի երկրորդ մասում շարադրված է 2014-2015 թթ. պատերազմական շրջափուլի քննական վերլուծությունը: Ներկայացված են թշնամու կողմից հրադադարի խախտման պատճառները և հետապնդած նպատակները, հայկական կողմի հակաքայլերը, ինչպես նաև թեմայի ընդհանուր ծիրում տեղավորվող հարակից ենթաթեմաներն ու հարցերը։ Գրքի երրորդ մասը հուշամատյան է՝ նվիրված 2014-2015 թթ․ պատերազմում մարտնչած և հերոսաբար զոհված տասը զինծառայողների հիշատակին՝ Արմեն Հովհաննիսյան, Արարատ Խանոյան, Ազատ Ասոյան, Զորիկ Գևորգյան, Սարգիս Մովսիսյան, Վարդան Մկրտչյան, Արշակ Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Հակոբ Խաչատրյան, Սամվել Հակոբյան։ Անվանական առանձին ակնարկներում ներկայացվում է յուրաքանչյուր զինծառայողի կյանքը՝ պատանեկությունը, նախազորակոչային շրջանը, ծառայության անցկացումը, ինչպես նաև վերջին հերոսական մարտը։ Թվարկվում են այն բոլոր պարգևները, հիշատակի միջոցառումները, հուշարձանները, անվանակոչումները և ստեղծագործությունները, որոնք նվիրված են տվյալ հերոսի հիշատակին։ Իրապատում կերպով մատնացույց են արվում հերոսներից յուրաքանչյուրի սխրանքը և հակառակորդի նպատակները վիժեցնելու հարցում ունեցած անգնահատելի ավանդը։

Աշխատության ստեղծումն իրականացվել է ««Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում (ծրագրի ղեկ․՝ Ալվինա Աղաբաբյան)։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ Կենտրոնական մասնաշենք՝ 5-րդ հարկ)։

Գիրքն անվճար ներբեռնել և ընթերցել կարող եք այս հղմամբ։

*Հեղինակն աշխատության ներածությունում տալիս է հայ-ադրբեջանական պատերազմի եզրաբանական հակիրճ բացատրությունը. «Պատերազմը կոչվում է տարբեր անուններով՝ «Ղարաբաղյան ազատագրա­կան պատերազմ», «Արցախյան [ազատագրական] պատերազմ», «Ղարաբաղա­ադրբեջանական զինված հակամարտություն», «Արցախյան հերոսամարտ» և այլն։ Կարծում ենք, որ պատերազմի անվանակոչման մեթոդաբանական խնդրա­կանը պայմանավորված է քաղաքական իրակություններով, և տվյալ դեպքում գիտությունը ստորադասվում է քաղաքականությանը։ Ըստ էության՝ 1988-1994 թթ․ ներկայիս Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Քար­ վաճառի, Քաշաթաղի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի, Մարտակեր­ տի, Ստեփանակերտի սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողու­ թյունները, որ ավարտվեցին 1994 թ․ մայիսյան հրադադարով, պատերազմ էին նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հաշվի առնելով, որ վերջինիս հիմնական և առանցքային ճակատն Արցախն էր, պատերազմը կարելի է կոչել «հայ­-ադրբեջանական արցախյան պատերազմ»։ Ուշագրավ է, որ այս ձևակեր­ պումը համընկնում է պաշտոնական Բաքվի կողմից հակամարտությանը տրվող անվանը՝ «Ermənistan-Azərbaycan, Dağlıq Qarabağ münaqişəsi» («Հայաստանա­ադրբեջանական ԼՂ հակամարտություն»), ուստի ջանալով զերծ մնալ ավելորդ շահարկումներից և թյուրըմբռնումներից՝ սույն աշխատության մեջ պատերազ­մը կկոչենք ավելի կարճ անվամբ՝ «հայ­-ադրբեջանական պատերազմ»՝ հավա­ տարիմ մնալով գիտական ճշմարտությանը»:

Leave a Reply

Your email address will not be published.