Արցախյան հերոսամարտի արձագանքները հայ գրականության մեջ

Գրականությունը կարողանալու հնարավորություն է` պատերազմն ատել տալու:

Լևոն Խեչոյան

Թագուհի Ղազարյան

Պատմական կարևորագույն իրադարձությունները միշտ էլ հետո դարձել են գեղարվեստական գրականության նյութ՝ անկախ նրանից, թե դրանք ինչ ավարտ են ունեցել: Այդպես էր Ավարայրի ճակատամարտից հետո, այդպես էր 1915 թվականից հետո, այդպես էր Հայրենական մեծ պատերազմից հետո, և, ըստ օրինաչափության, այդպես պիտի լիներ, նաև Արցախյան հերոսամարտից հետո, առավել ևս, որ այն պսակվել էր հաղթանակով: Արցախյան հերոսամարտի հաղթանակի տարիները համընկան Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին: Սակայն ծանր սոցիալական պայմանները, հուսախաբ արած քաղաքական գործիչները, մեծ մասշտաբներով արտագաղթը ինչ-որ չափով արգելակեցին Արցախյան հերոսամարտի թեման, և այն, ինչ ակնկալվում էր այս թեմայի առնչությամբ, գեղարվեստական գրականության մեջ չեղավ:

Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանը այս կերպ է բացատրում այդ երևույթը. «Երբ ինչ-որ դժբախտություն է լինում, մարդ սկզբնական շրջանում խելագարության վիճակում է: Երբ կարողանա դուրս գալ այդ խելագար վիճակից, մարսի այդ դժբախտությունը, նոր կարող է անդրադառնալ այդ իրադարձությանը»[1]: Այնուամենայնիվ, այս տարիների վերաբերյալ, թեև ոչ այն ծավալներով և այն ցնծությամբ, որ սպասվում էր, գրականություն ստեղծվեց: Սակայն ստեղծված գրականությունն էլ չեղավ այն փառաբանականը, որ ակնկալվում է հաղթանակներից հետո: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր «Բարձունքը մերն է, տղերքը չկան» հոդվածում գրականության այսօրինակ միտվածության համար առանձնացրել է երկու պատճառ.

  1. Մենք սովոր չենք հաղթանակներ գովերգել, մեր գրականության պատմությունը սգացող է:
  2. Մեր գրողները որդեգրեցին ոչ թե հաղթանակը փառաբանելու, այլ պատերազմին ՈՉ ասելու քաղաքականությունը[2]:

Այս հարցին յուրովի պատասխանում են նաև իրենք՝ գրողները, հայրենիքի հանդեպ սերը, պատերազմի ցավն ու ազատամարտիկների հանդեպ ունեցած ակնածանքը այն զգացումներից չեն, որ պետք է հայտարարվեն ամպագոռգոռ բառերով և ի ցույց աշխարհի.

Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն` ինչպես բոլորը,
և անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես, իհարկե, ոչ բոլորը:
Զոհվածնե’ր, հրաժարվեք նրանց ծաղիկներից, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են`
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…[3]

(Վարդան Հակոբյան «Բանաստեղծության փոխարեն»)

1999 թ. լույս տեսած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտի մասին: Միայն այս գրքի օրինակով կարելի է համոզվել վերը նշված դրույթներում: Գիրքը բազմապլան է. նկարագրում է պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը: Պատերազմի մասին մենք իմանում ենք Օնան զինվորի օրագրային գրառումներից, որոնք չափազանց ժլատ են պատերազմի մասին պատկերացում տալու համար. «… «Գրադը» ամբողջ գիշեր խփում է շրջկենտրոնին: Վաղը պիտի հարձակվենք: Գյուղում խուլ լռություն է» կամ «Սեպտեմբերի երեքին, չորսին, իննին, տասին, տասնմեկին մեծ մարտեր եղան… Ինչ կավագույն աշուն է, ինչ փառահեղ ամիս` բերքի ժամանակ…»[4]:  Վեպում բոլորովին այլ կերպ է նկարագրվում և բացահայտվում զինվորի կերպարը, որն ավանդաբար եղել է հայրենիքի անձնվեր պաշտպան, հայրենիքի համար ինքնակամ կյանքից հրաժարվող հերոս: Խեչոյանի զինվորը մեկն է, որ հայտնվել է պատերազմի կիզակետում և պարտադրված, ակամա շարունակում է ապրել այդ պատերազմի կանոններով` առանց կեղծ պաթետիզմի, առանց վերամբարձության: Սակայն պետք չէ կարծել, թե Խեչոյանի զինվորն ունակ չէ վեհանձնության և անձնազոհության: Մարտական ընկերներն օրեր շարունակ իրենց հետ տեղափոխում են մահացած ընկերոջ դին, գիշերներն այն թաղում և ցերեկները նորից հանում ու տեղափոխում են իրենց հետ, որպեսզի այն թշնամու ձեռքը չընկնի: Զինվորներից մեկը արկով մտնում է նախարարություն և սպառնում պայթեցնել բոլորին` իրեն էլ հետը, եթե տղաներին օգնություն չուղարկեն: Կամ նույն այդ զինվորը, իմանալով, որ մարտական ընկերները իր կյանքի համար կպայքարեն, գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ հաշմված ոտքերով մտնում է տներից մեկն ու հայտարարում, որ դուրս չի գալու. տղաները նահանջի տեղ չունեն, չեն կարող հեռանալ, այնտեղ իրենց մարտական ընկերն է, պարտավոր են կռվել:

Խեչոյանի համար սահմանի այս կողմում կռվող զինվորը ոչնչով չի տարբերվում սահմանի այն կողմում գտնվող զինվորից. նրանք ոչ բարի են, ոչ չար, դաժան են, երկուսն էլ կյանքի կռիվ են տալիս, երկուսն էլ սպանում են գերիներին փոխանակելուց առաջ: Հակառակորդի զինվորն էլ զինվոր է, նա էլ ապրել է ուզում, նա էլ ունի տուն, գյուղ, որն ունի միայն իրեն հատուկ բուրմունքը, նա էլ փոքր ժամանակ վազել է գառների հետևից և քերծված ոտքերով տուն վերադարձել, նա էլ ունի պատմություն և հիշողություն: Խեչոյանը կարողանում է թշնամու մեջ էլ տեսնել մարդուն: Երբ երկու թշնամի բանակների զինվորները հանկարծ բաց դաշտում միայնակ դուրս են գալիս դեմ դիմաց, հանկարծ տեսնում ենք, որ անկախ ազգային պատկանելությունից, սրանք երկու մարդիկ են, որոնք հայտնվել են պատերազմի մեջ և պայքարում են նախ և առաջ իրենց կյանքն ու գոյությունը շարունակելու համար: Ազգային, կրոնական պատկանելությունը, լեզուն, ճաշակը, համոզմունքները, գաղափարները, ամեն բան մի պահ անհետանում է, և միմյանց առջև կանգնում են երկու անդեմ մարդիկ, որոնց առաջնային նպատակը ապրելն է. «Երկուսով ակնթարթորեն նույն բաներն ենք անում` միանգամից տեսանք իրար… Շարժում առ շարժում կրկնում ենք միմյանց… նշան ենք բռնում դեմ առ դեմ` միևնույն մահացու տեղի վրա: Այդ պահին սայթաքում ենք միաժամանակ` ոտքներիս տակից գլաքար է փախել: Հասկանում ենք: Հասկացել է` չի հասցնի»[5]:

Պետք չէ կարծել, որ Խեչոյանն այս կերպ` փորձելով պատերազմից խուսափել, չի սիրում հայրենիքը և նույնն էլ քարոզում է ընթերցողին, կամ փորձում է սիրել տալ թշնամուն: Ամենևին: Այս ամենը խոսում է այն մասին, որ Խեչոյանն ամենից առաջ հումանիստ է, բայց նաև սիրում է այն հողը, որը ծնունդ է տվել իրեն, որի պատմական ու մշակութային աղբյուրներից սնվելով՝ ինքը կայացել է որպես մշակութային գործիչ և մարդ. «Հանճարը նաև սիրում է այն հողը, որտեղ ծնվել է, իսկ Հայրենիքը և´ սիրում, և´ իր մեջ սպանում է հանճարին: Հավերժական հակադրություն արարման և ոչնչացնող ոգու»: Խեչոյանին իր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ անվերջ մի հարց է տաջում. «Ինչպե՞ս է լինում, նաև դարեր շարունակ այդպես է պատահել, որ իրենք են մեզ ջոկում, ընդունում, հեռացնում, ինչի՞ց է, որ միշտ հայտնվում ենք ուրիշների խաչմերուկում»[6]:

Զինվորն ու հայրենիքը դիալեկտիկական հակադրամիասնության մեջ են. «Զինվորը հայրենիք է ստեղծել, հայրենիքը` զինվոր, մեկը մյուսին ապրեցնող, իրար երկու ծայրահեղ հակադրություններ են» : Զինվորը էկզիստենցիալ, սահմանային վիճակ է, նրա յուրաքանչյուր նոր դրսևորում կարող է լինել նախորդի ժխտումը: «Անհնար է միանգամից լինել պատերազմի ներսում և նրա ամբողջ ծավալը տեսնել: Զինվորն անընդհատ երկվության մեջ է` տատանվող, սայթաքող, վախկոտ:

Հերոսը նրա էությունը չէ:

Այնպես չէ, թե նա ատում է հողը, հայրենիքն ու հերոսությունը: Ոչ: Միշտ հավատարիմ է այն հողին, որի համար էլ ինքն իրեն զինվոր է դարձրել»[7]:

Նկարագրելով պատերազմը` հեղինակը կարևորագույն խնդիր ունի` պատերազմն ատել տալ, քանի որ ինքը հավատում էր, որ գրականությունը պատերազմն ատել տալու միջոց է: Պատերազմ տեսած զինվորը երբեք խաղաղության չի հասնում ինքն իր ներսում, պատերազմի հոտը միշտ մնում է նրա մեջ, տագնապեցնում նրան, հիշեցնում մեռելների, պատերազմի մասին` մինչև հոգեկան խանգարման հասցնելը. «Հոտը թաքնվել է մարմնիս հիշողության մեջ, որպեսզի ինձ խոսեցնի ինձ հետ… կտրի կապը իմ և աշխարհի միչև… Հոտը քնած է իմ ամեն մի բջջի մեջ կամ որպես Ասված, կամ որպես ունայնություն»[8]: Պատերազմներն սկսվում են, բայց չեն ավարտվում այն տեսած սերնդի համար: «Ամենասարասափելին էն կլինի, երբ կսկսեն նրանց մեռածների ոգիները մեր մեջ բնակվել»,- զգուշացնում է Օնանը պատերազմի ընթացքում[9], իսկ գրքի վերջում զինակից ընկերներից մեկի խոստովանությամբ ցավով նշում, որ չեն կարողացել խանգարել թշնամու մեռելներին. «Դա հենց քո քարոզած պատահարն է, թողել ենք` թշնամու մեռելները մտնեն մեր մեջ, իրենց բնույթն ենք ստացել»[10]: Սա բոլոր բանակների և բոլոր զինվորների ճակատագիրն է: Վեպն ընթերցելով ու այս ամենի միջով, իբրև ընթերցող, աստիճանաբար անցնելով՝ վեպի վերջում հասկանում ես, որ հեղինակը կարողացել է կատարել իր առջև դրված նպատակը` պատերազմն ատել տալը:

Հովհաննես Երանյանի «Զինադադար» վիպակը նույնպես այս տարիների արձագանքն է: Այն նկարագրում է հետպատերազմյան շրջանում Արցախում նոր վերաշենացող մի գյուղակի՝ Կովսականի մասին: Այս վիպակում ևս բարձրաձայնվում են մի շարք կարևոր խնդիրներ.

  • Պատերազմ տեսած զինվորի համար այն մեկ անգամ սկսվում է և այլևս չի ավարտվում:
  • Կեղծ ազատամարտիկների խնդիրը, որ կար նաև Խեչոյանի մոտ. մի անգամ պատերազմի դաշտ մտած ինքնակոչ «ազատամարտիկները» անխնա թալանում են հայրենիքը՝ պատերազմի անվան տակ:
  • Իսկական զինվորը պատերազմի դաշտում է մնում, նա կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, անցյալ, մասնագիտություն, կյանք…[11]:

Բոլորովին պատահական չէ, որ վիպակը վերնագրված է ոչ թե «Հրադադար», այլ «Զինադադար», այս խորհրդանշական վերնագիրը ահազանգում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և զգոնության կոչ է անում:

Սուսաննա Հարությունյանի «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակում ներկայացվում է պատերազմի ողջ աբսուրդը. հերոսը անընդհատ հանձնվում է մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմին՝ փաստաթուղթ չունենալու պատճատով: Երկու կողմերն էլ կարծում են, թե նա հակառակորդ ազգից է: Այստեղ սուր սարկազմ կա նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդեպ, հերոսը գրանցված է «Կարմիր խաչ»-ում, ուրեմն՝ նրան սպանել չի կարելի, բայց ծեծել՝ որքան ուզես: Ահա այսպես մեկ օրում պատերազմը խեղում է մարդու կյանքն ու ճակատագիրը՝ «դուրս է եկել սեփական ճակատագրից և այլևս չի վերադարձել»[12]:

Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» վեպն այս թեմայով ամենածավալուններից է: Վեպի մեջ միահյուսված են վավերագրությունն ու միստիկան: Այստեղ նկարագրված իրադարձությունները (ցույցեր, միտինգներ, կուսակցական նիստեր, պատերազմ, երկրաշարժ) վավերացվում են ճշգրիտ օրով և ժամով, վեպում կարող ենք հանդիպել նաև մեզ շատ հայտնի անունների՝ Խաչիկ Ստամբոլցյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլն: Սակայն այն ունի նաև երկրորդ շերտ՝ միստիկականը, որն արտահայտվում է Ուսուցչի և Մամոնի կերպարներով, Մանուկի ծնունդով: Վեպում ևս շոշափվում է այն ցավոտ խնդիրը, որ իսկական ազատամարտիկները գնահատված չեն: Այստեղ նկարագրված է նահանջի և ոչ թե հաղթանակի ուղին[13]:

Պոեզիայում ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել բանաստեղծական թեմատիկայի երկու տիպ՝ բանաստեղծություններ՝ ձոնված զոհվածներին, և բանաստեղծություններ դեռ ապրող ազատամարտիկների մասին: Առաջին խմբի թվին պատկանող բանաստեղծություննեը շատ ավելի խրոխտ են և ոգեշնչող: Դրանք, ինչպես և կարելի էր ակնկալել, վերացարկված են, և այդ վերացարկվածության շնորհիվ ավելի են մոտենում զինվորին ուղղված բանաստեղծություների դասական մոտեցումներին: Խաչիկ Մանուկյանն իր բանաստեղծության մեջ ճարտասանական հարց է տալիս. կորցնելով այդ տղաներին և տեղը տարածք ձեռք բերելով երկիրը շահե՞ց, թե՞ կորցրեց.

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին…
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան[14]։

(Խաչիկ Մանուկյան «Գոյամարտ»)

Հեղինակն ուզում է իր արյունն էլ խառնած լինել մյուսների արյանը և չգիտի՝ ինչպե՞ս ապրել զոհվածների կյանքի հաշվին, այն մարդկանց հաշվին, որոնց ինքն անձնապես ճանաչել է, և որոնք չկան: Սրանք դեռևս վարդան մամիկոնյաններ չեն, որ անցյալի հեռվից հիշենք նրանց, այդ հերոսները հեղինակներին ծանոթ, մտերիմ, հարազատ մարդիկ են: Ահա նաև այստեղից է գալիս այս գրականության հաղթանակի, ցնծության և հրճվանքի պակասի պատճառը.

Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ[15]։

(Խաչիկ Մանուկյան «Գոյամարտ»)

Երկրորդ խմբի բանաստեղծությունների մասին կարելի է ասել, որ դրանք ունեն ընդգծված սոցիալական շեշտ: Ազատամարտիկների չգնահատված լինելու, հետպատերազմյան շրջանում սոցիալական խնդիրների առջև կանգնած լինելու թեման շարունակվում է նաև այս թեմայով գրված բանաստեղծություններում.

Պատերազմի գինն է չեղած ոտքը նրա:
Ստորգետնյա անցուղիում նստել,
Հենակները կողքին զենքի նման դրել
Թե ո՞վ կտա մի կում օղու դրամ …
Իսկ երկիրը նրա կրունկից էր գծվում

Եվ ավարտվում՝ ոտնաթաթի ծայրին
Բայց կանգնելու հիմա իր պաշտպանած հողին
Մեկ ոտքի տեղ-իրավունքը ունի[16]:

(Հուսիկ Արա, «Եվ հենց փողոցում»)

Նույն թեմայի շուրջ նույն խնդիրների բարձրաձայնումն ենք տեսնոմ նաև Դավիթ Մշեցու մոտ.

Մի ծեր ֆիդայի՝ քրջոտ շորերով, փրչոտ մորուքով,
Փողոցում փռված՝ հաց է ողորմում՝
Թունդ հայհոյելով մարտական դիրքում զոհված ընկերոջ
Մուրացկան մորը,
Որն էլ իր հերթին
Անեծք է տեղում
Որդու մարտական ընկերոջ գլխին,
Որ թաթ է գցում իր օրվա հացին…[17]:

Սոցիալականից բացի, առկա է նաև հոգեբանական շերտը: Վերևում արդեն նշվեց, որ արձակում ամենաշատ քննարկվորղ խնդիրներից մեկն էլ զինվորի հոգեվիճակն էր, այն, որ մարդկային հոգեբանությունը խեղվում է պատերազմի դաշտում և այլևս երբեք չի վերականգնվում, չի դառնում այն, ինչ նախկինում էր, զինվորի հոգին կարծրանում է մարտադաշտում: Սա չի շրջանցվում նաև չափածոյի մեջ.

Կռիվ գնացին, ով սիրել գիտեր,
Ով սիրել գիտեր, սովորեց ատել,
Պահապան կանգնիր նրանց սիրուն, տեր,
Ով սիրել գիտեր, սովորեց ատել[18]:

(Սամվել Մարտիրոսյան «Ազատամարտ»)

Արցախյան հերոսամարտի արձագանքները կարելի է տեսնել նաև Արա Նազարեթյանի, Վրեժ Իսրայելյանի, Հրաչ Բեգլարյանի, Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի, Արմեն Շեկոյանի, Իգնատ Մամյանի, Լևոն Ջավախյանի, Աշոտ Գաբրիելյանի, Գոռ Հարությունյանի, Էդուարդ Հարենցի, Կարինե Աշուղյանի, Սարգիս Հովսեփյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Ասատրյանի և շատ ուրիշների ստեղծագործություննրում: Այնպես որ ասել, թե Արցախյան հերոսամարտը մեծ արձագանք չգտավ գրականության մեջ, կնշանակի առնվազն անտեղյակ լինել գրական գործընթացին: Սակայն, ի հակադրություն սպասվածի, այս արձագանքները փառաբանական գրականություն չէին:

Ինչպես համոզվեցինք, այս հարցում իրավացի էր գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ մենք սովոր չենք փառաբանական գրականություն ստեղծելու (գուցե նաև հաղթանակների), բացի այդ մեր բերած ստեղծագործություններից գրեթե բոլորի դեպքում տեսանք, որ հեղինակները փորձում են պատերազմն ատել տալ՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչի համար է այն տեղի ունենում: Սակայն յուրովի իրավացի է նաև Դավիթ Ասատրյանը: Անհնար է գեղեցկախոսել ու փառաբանական ձոներ ուղղել այն արհավիրքին, որի միջով անցել ես, Արցախյան հերոսամարտը, անշուշտ, մեր պատմության ամենափառահեղ էջերից է, սակայն, ինչպես տեսանք, գրեթե բոլոր հեղինակները, որ ստեղծագործել են այս թեմայով, կամ պատերազմի բովով անցած մարդիկ են, կամ՝ դրա ծանր հետևանքներն իրենց վրա կրած մարդիկ, ուստի դժվար կլիներ այդ հեղինակներից փառաբանական ու հրճվալից գրականություն ակնկալել: Նրանցից շատերի համար էական է դառնում պատերազմի հոգեբանական կողմը, նաև՝ սոցիալ-քաղաքականը, որը ևս ազդում է հոգեբանականի վրա: Նրանք փորձում են թափանցել զինվորի հոգեբանական խորքերը, բացի այդ՝ կար և շարունակում է լինել նաև ազատամարտիկի չգնահատվածության խնդիր: Ի՞նչ փառաբանման կամ հրճվանքի մասին կարող է խոսքը լինել այս պարագայում:

Այն սերունդը, որն ապրել է պաերազմը, տեսել այն, զգացել մաշկի վրա, ամենայն հավանականությամբ արդեն չի ստեղծի հաղթանակը փառաբանող գրականություն: Փոխարենը այդ գրականությունը կարելի է ակնկալել գրական այն սերնդինց, որը չի եղել պատերազմի դաշտում և դրա հոգեբանական շերտերի մեջ ներթափանցելու փոխարեն կարող է տեսնել հաղթանակի կարևորությունն ու քաղաքական նշանակությունը և արդեն պատմականորեն գնահատական տալ այդ դեպքերին:

[1] Ժամանակակից գրողները մտահոգ են. «Դասական ուղղվածության գրականությունը չի խրախուսվում»:

[2] Արքմենիկ Նիկողոսյան, Բարձունքը մերն է, տղերքը չկան:

[3] Վարդան Հակոբյան, բանաստեղծություններ:

[4] Լևոն Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Երևան 2006, էջ 94:

[5] Նույն տեղում, էջ 146:

[6] Լևոն Խեչոյան, Եվրոպայի երկաթե ճանապարհներին:

[7]  Լևոն Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Երևան, 2006:

[8] Նույն տեղում, էջ 73:

[9] Նույն տեղում, էջ 99:

[10] Նույն տեղում, էջ 148:

[11] Տե՛ս Հովհաննես Երանյան, Զինադադար, Երևան, 2005:

[12] Տե՛ս Սուսաննա Հարությունյան, Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010:

[13] Տե՛ս Հովիկ Վարդումյան, Կանթեղ, Երևան, 2010:

[14]  Մանուկյան Խաչիկ, Բանաստեղծություններ:

[15] Նույն տեղում:

[16] Հուսիկ Արա, Լուսանցքի մարդիկ, Երևան, 2003:

[17]  Դավիթ Մշեցի, Քառասուն դար քառասուն տարում, Երևան, 2013, էջ 52:

[18]  Սամվել Մարտիրոսյան, բանաստեղծություններ:

Leave a Reply