Գրաբարյան և աշխարհաբարյան լեզվական շերտերը Հակոբ Կարնեցու «Տեղագիր վերին հայոց» երկի խոնարհման համակարգում

Թամարա Պողոսյան

ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Գրաբարյան և աշխարհաբարյան շերտերի ուսումնասիրությունը 17-րդ դարի մատենագիր Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկի խոնարհման համակարգում ի ցույց է դնում հետաքրքիր արդյունքներ, որոնք կարևոր են 17-րդ դարի հայերենի լեզվավիճակը բնութագրելու համար: 17-րդ դարը հայոց լեզվի զարգացման հատուկ ժամանակաշրջան է, որը հայտնի է վաղ աշխարհաբարի երևան գալով: Այն տարբեր հեղինակների մոտ տարբեր ձևերով է հանդես եկել: Երբեմն գերիշխել են գրաբարի տարրերը, երբեմն՝ որևէ բարբառի, միջին հայերենի օրինաչափությունները:

Հոդվածում ուսումնասիրված են «Տեղագիր Վերին Հայոց» երկի խոնարհման համակարգի գրաբարյան և աշխարհաբարյան լեզվական շերտերը: Ուսումնասիրության արդյունքում հեղինակը հանգել է այն եզրակացության, որ երկի խոնարհման համակարգը հետևյալ հարաբերակցությամբ գրաբարյան և աշխարհաբարյան իրողությունների ամբողջություն է. դրական խոնարհում՝ գրաբարյան լեզվական շերտ-95%, աշխարհաբարյան լեզվական շերտ-5%, ժխտական խոնարհում՝  գրաբարյան լեզվական շերտ-86%, աշխարհաբարյան լեզվական շերտ-14%:

Բանալի բառերՀակոբ Կարնեցի, «Տեղագիր Վերին Հայոց», վաղ աշխարհաբար, խոնարհման համակարգ, գրաբարյան շերտ, աշխարհաբարյան շերտ, Կարնո բարբառ,  կու, կ մասնիկներ:

Գրաբարյան և աշխարհաբարյան լեզվական շերտերը Հակոբ Կարնեցու «Տեղագիր վերին հայոց» երկի խոնարհման համակարգում

17-րդ դարի մատենագիր Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» աշխատությունը վաղաշխարհաբարյան բնագիր է: Այն զուտ պատմագրական երկերի թվին չի դասվում, սակայն պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք ոչ միայն Կարինին և նրա շրջակայքին են վերաբերում, այլև Օսմանյան Թուրքիայի կազմակերպած  պատերազմներին, կործանարար ասպատակություններին:

Լեզվական առանձնահատկությունների տեսանկյունից ուսումնասիրելով Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը՝   սույն աշխատանքում զատելու ենք գրաբարյան և աշխարհաբարյան լեզվական շերտերը երկի խոնարհման համակարգում: Վաղ աշխարհաբարը մեր լեզվի զարգացման յուրօրինակ ժամանակահատված է, ունի իրեն բնորոշ առանաձնահատկություններ, որոնք առկա են երկի խոնարհման համակարգում՝ միախառնված գրաբարյան իրողությունների հետ: 17-18-րդ դարերում աշխարհաբարը տարբեր հեղինակների մոտ տարբեր ձևերով է հանդես եկել: Երբեմն գերիշխել են գրաբարի տարրերը, երբեմն՝ որևէ բարբառի, երբեմն՝  միջին հայերենի օրինաչափությունները:

Հայոց լեզուն իր զարգացման ընթացքում որոշ չափով պարզեցրել է խոնարհման համակարգի բազմաձևությունը: Գրաբարի խոնարհման համակարգը ներառում էր չորս խոնարհում՝ -ա, -ի, -ե, -ու, (ո-միայն գոմ բայում), ներկայի և կատարյալի հիմքեր, որոնցից կազմվում էին երեք եղանակների ութ հիմնական  բայաձևերը: Հայերենի զարգացման հետագա ընթացքում փոփոխություններ կրեց նաև խոնարհման համակարգը՝ ձեռք բերելով նոր պատկեր: Մեր ուսումնասիրած երկի լեզվի խոնարհման համակարգը գրաբարյան և աշխարհաբարյան իրողությունների ամբողջություն է կազմում և ունի որոշ յուրահատկություններ:

Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկի խոնարհման համակարգը քննելիս առանձնացրել ենք մի քանի խումբ: Նախ անդրադառնանք դերբայներին: Ինչպես հայտնի է, գրաբարի քերականության մեջ առանձնացվում է չորս դերբայ՝ անորոշ, ապառնի, անցյալ և ենթակայական (ներկա): Երկի լեզվում դերբայական համակարգը հիմնականում գրաբարյան է: Բացարձակ գերակշռում ունի անցյալ դերբայը: Հաճախակի չէ անորոշ դերբայի կիրառությունը, որը մեծ մասամբ հանդիպում է գործիական հոլովաձևով: Առավել նվազ կիրառություն ունի ենթակայական դերբայը: Քանի որ հեղինակը պատմում է արդեն տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապառնի դերբայի գործածություն չենք նկատում:

Ներկայացնենք վիճակագրական պատկեր դերբայների կիրառության վերաբերյալ, որը կօգնի առավել լավ պատկերացում կազմել երկի խոնարհման համակարգի գրաբարյան շերտի մասին: Աղյուսակում ներառված են միայն անցյալ և անորոշ դերբայները, քանի որ մենք որպես ենթակայական դերբայ դիտել ենք այն ձևերը, որոնք որպես գոյական չեն գործածվել (ժուռ գալող-1 դեպք): Անցյալ և անորոշ դերբայները բաշխվում են հետևյալ կերպ՝

անցյալ դերբայ անորոշ դերբայ
87% 13%

Անդրադառնանք խոնարհված ձևերին: Երկի խոնարհման համակարգն ընդգրկում է գրաբարյան բոլոր պարզ ժամանակները՝ բացի հորդորական հրամայականից: Բաղադրյալ ժամանակներից վկայված են հետևյալ ժամանակները՝ վաղակատար-հարակատար ներկա, օրինակ՝ շինեալ է /9/, զարդարեալ է /10/, է ասացեալ /12/ և այլն, վաղակատար-հարակատար անցյալ, օրինակ՝ այլայլեալ և խանգարեալ էր /22/, եկեալ և տնաւորեալ էին /22/, մտեալ էր /32/ և այլն, լինիմ  բայով կազմված սահմանական ներկա, օրինակ՝  ահաբեկեալ լինին /27/, սփռեալ լինին /40/, կերակրեալ լինին /40/ և այլն: Բաղադրյալ մյուս ժամանակներիկիրառության օրինակներ չենք գտել: Ստորև ներկայացված է առաջին, երկրորդ ապառնիների, բուն և արգելական հրամայականների, նաև վաղակատար-հարակատար ներկայի, վաղակատար-հարակատար անցյալի կիրառության վիճակագրական պատկերը՝

առաջին ապառնի երկրորդ ապառնի բուն  հրամայական արգելական հրամայական վաղ.-հար. ներկա վաղ.-հար. անցյալ
5 18 9 4 28 18

Ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ ժամանակներն ընդգրկված չեն այս պատկերում. դրանց գործածությունը, բնականաբար, շատ մեծ հաճախականություն ունի: Դրանց համեմատությամբ առաջին և երկրորդ ապառնիների նվազ կիրառությունը վկայում է հայոց լեզվի զարգացման ներքին ընթացքի, գրաբարից դուրս՝ աշխարհաբարյան լեզվական միջավայրի մասին: Հետաքրքիր է այն իրողությունը, որ գրաբարի ստորադասական եղանակի առաջին և երկրորդ ապառնիները շատ նվազ, բայց որոշ չափով կիրառվել են, մինչդեռ դրանք պիտի ամբողջությամբ վերացած լինեին: Մի քանի պահպանված ձևերը պարզապես գրաբարաբանություն կարելի է համարել: Իսկ այն հանգամանքը, որ հորդորական հրամայականն ընդհանրապես չի գործածվել, արդեն աշխարհաբարյան իրողություն է: Գրաբարյան հորդորական հրամայականը կամ հրամայական եղանակի ապառնին աշխարհաբարում թարգմանվում էր ըղձական, պայմանական, հարկադրական ապառնիներով, երբեմն նաև՝ հրամայականով: Հորդորական հրամայական ժամանակում ներգործաձև և կրավորաձև  խոնարհման բայերը ստանում էին –ջիր, –ջիք վերջավորությունները, իսկ խառը խոնարհման բայերը՝ իջիր, –իջիք: Երկում հորդորական հրամայական ժամանակի որևէ կիրառություն չկա. այն ընդհանրապես ներառված չէ երկի լեզվի խոնարհման համակարգում:

Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկի լեզվի խոնարհման համակարգում առկա է ոչ գրաբարյան իրողությունների լայն շերտ, որում մի շարք բայերի խոնարհված ձևերը ներառում են նաև կու, կ մասնիկներ: Ստորև բերված են աշխարհաբարյան բայական  իրողությունները մատնանշող օրինակներ՝

  1. ….և լինի յոյժ ախորժ և զարմանալի պանիր, որ ի Ստամպօլ և յԱրզրում փաշային աղերս կումատուցանեն…. /13/,
  2. ….սոքա կուլնուն գինեաւ, խաղողով և ձիթապտղով և ամենայն մրգով…. /18/,
  3. ….առժամայն սրոյ ճարակ կուտայ զինքն և զիւրայինքն  /25/,       
  4. ….Թուրք կամ հայ շինական Քուրդ կամ գիւղօրէից աղայ ի գանգատ գան, առժամայն կուսպանանէ կամ իւր գաւառէն կուհանէ և ի բերդէն կուվանէ, և զիշխանութիւնն այլոց կուտայ, և կամ կութալանէ կաշառօք զինքն…. /25/,
  5. ….ոչ ոք կարէ ընդդէմ հրամանի նորին կեալ. կամ կումահացուցանէ կամ կուկեցուցանէ, կուզէ դատաւոր, դատաստանաւ կուդատէ և ի կենաց կուհանէ  /25/,
  6. ….այլ հնար չկայ, թագաւորն կամ վէզիրն մանզուլ կանեն և ուրիշ փաշայի կուտան քաղաքն…. /26/,
  7. ….չորս հինգ Հայ  որ գնան գանգատ ի Ստամպօլ, վաղվաղակի զգլուխն կուկտրէ իւրն…. /26/,
  8. ….և թէ մէկ մարդ որ անկանի ի մէջ պատերազմին, ի Ստամպօլայ տասն տեղ կուգրեն… ./28/,
  9. …. դէպի Հապաշստան տիրեցին և անտի մինչև ի  յԵամանու երկիրն, ուր ղահֆան կելանէ…./28/,
  10. ….զի տիրեալն ամենայն կարող է առանց բերդի պահելմէկ մատ գրով կամենայ կուկեցուցանէ, կամենայ կումահացուցանէ /29/,
  11. ….թէ յԵրուսաղէմայ երկիրն երկոտասան թագաւորութիւն բաժանեաց, իսկ դա մէկ փոքր փաշայի է տուէլ…. /29/:
  12. ….և մեծութիւն սորա երկու կանոն սաղմոսիւ հազիւ կուշրջապատի…. /31/,
  13. ….այնչափ աղբիւր կայ ի մէջ բերդին, յորժամ ի դուրս ելանեն որկու ջաղացք յառաջ կուհանեն /31/,
  14. Ապա զգեստին տանելն այնչափ չէինք հոգալ, բայց զայն կուլայաք, որ Օսմանցոց իշխանութեանս չար սովորութիւն մի կայր, որ զտանուտէրն կուբռնէին, թէ զգողն քո ցոյց տո°ւր  մեզ, որ մենք հախէն գամք  /56/,
  15. ….և ասաց, թէ պարտիք գտանել զնոսա թէ ի լերինս և թէ այլ գաւառսապա թէ ոչ զձեզ կտտամահ կուառնեմ փոխանակ նոցա…. /56/,
  16. Եւ սկսաւ մի ըստ միոջէ ասել զոր ինչ գողութիւն արարեալ էին, թէ այսով տասն եկեղեցի կանէ, որ բացեալ եմք…. /57/,
  17. ….որ երկու դասով կու երգէաք զամենայն շարականս և զայլ ամենայն տուն առ տուն…. /60-61/:

Առաջին հայացքից կու, կ մասնիկների առկայությունն ընթերցողին կարող է ստիպել մտածել, որ դրանք կապված են Կարնո բարբառի հետ, քանի որ Հ. Կարնեցին Կարինից է եղել: Նշենք, որ Կարնո բարբառում սահմանականի ներկան և անցյալ անկատարը կազմվում են ըղձականի համապատասխան ժամանակների և կը մասնիկի հարադրությամբ, սակայն այդ մասնիկը դրվում է խոնարհվող բայից հետո, ձայնավորով սկսվող բայերը կ կամ գ  ստանում են նաև սկզբից, օրինակ՝ կէղնիմ կը, կուդէմ կը[1] և այլն: Իսկ Ա. Ղարիբյանը նշում է, որ ձայնավորով սկսվող բայերի դեպքում կը մասնիկը դրվում է միաժամանակ բայից առաջ և հետո՝ արտահայտելով շարունակականության գաղափար, ընդ որում միավանկ բայերից առաջ կու է դրվում, իսկ հետո՝ կը[2]Վերոհիշյալ ձևերում նման օրինաչափություն չկա: Հետևաբար վերոհիշյալ ձևերում դժվար է տեսնել Կարնո բարբառի հետքեր: Այս դեպքում մենք հիմնականում գործ ունենք կու մասնիկի հետ: Դա միջինհայերենյան իրողություն է,  որը, ըստ մեր նախապես նշած սկզբունքի, փոխանցվել է աշխարհաբարյան շերտին: Արսեն Այտընյանն իր քննական քերականության մեջ այս մասնիկն անվանել է «զարմանահրաշ»: Ըստ Հ. Աճառյանի՝ կու մասնիկի առաջին վկայությունը տրվել է 12-րդ դարում, Մխ. Հերացու մոտ կա երկու կիրառություն՝ կու գայ, կու լինի: Հետագայում՝ կիլիկյան շրջանում, այն հեղինակների համար սովորական իրողություն է դարձել[3]: Սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար ժամանակների կազմությունը հայ լեզվաբանության մեջ դիտվում է որպես տարբերակիչ հատկանիշ գրաբարի և հետգրաբարյան շրջանների միջև, որն արտահայտվում է դրանց կազմությամբ՝ կու մասնիկով և առանց դրա: Ինչ վերաբերում է բերված օրինակների շարքում 11-րդ և 14-րդ  կետերի խոնարհված ձևերին՝ տուէլ էչէինք հոգալ, ապա այստեղ ունենք վաղակատար դերբայով կազմված ժամանակաձևեր: Եթե գրաբարում եալն արտահայտում էր անցյալում սկսված և ավարտված գործողություն, նաև դրա հետևանքով առաջացած վիճակ, ապա միջինհայերենյան շրջանում ել, –եր մասնիկները  բայական ժամանակային իմաստ էին արտահայտում: Նորակազմ վաղակատար դերբայը համալրում էր սահմանական եղանակի նոր ժամանակաձևերը՝ կազմելով վաղակատար ներկա և վաղակատար անցյալ ժամանակաձևեր:

Ներկայացնենք վիճակագրական պատկեր խոնարհված ձևերի վերաբերյալ: Այս վիճակագրությունն ընդգրկում է միայն դրական խոնարհման ձևերը՝

գրաբարյան լեզվական շերտ աշխարհաբարյան լեզվական շերտ
95% 5%

Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկում առանձնացրել ենք բայաձևերի մի խումբ, որն ընդգրկում է կայ պակասավոր բայով կառույցները: Այս կառույցները հեղինակը հաճախ է գործածում: Կայ պակասավոր բայն ունի ներկա՝ կայկան, անցյալ անկատար՝ կայր, կային, առաջին ապառնի՝ կայցէ, կայցեն ժամանակները, սակայն միայն 3-րդ դեմքում: Ներկայի առաջին դեմքի գործածությունը՝ կամկամքհանդիպում է հազվադեպ: Ա. Աբրահամյանն այս պակասավոր բայի ժխտականի կազմության համար նշում է չ մասնիկը, իսկ  ոչ-ով ժխտականի կազմությունն այլ իմաստ է արտահայտում՝ չի մնում, չի կանգնում[4]:  Մինչդեռ  Հ. Ավետիսյանը և Ռ. Ղազարյանը  նշում են, որ այս բայը չպետք է շփոթել ա լծորդության կալ կանոնավոր բայի հետ, որի ժխտականը կազմվում է ոչ-ով, իսկ կայ պակասավոր բայի ժխտականը կազմվում է չ մասնիկով[5]: Երկում այս պակասավոր բայը հանդիպում է ոչ թե միայնակ, այլ դերբայների հետ՝ կազմելով հարադիր կառույցներ: Բերենք համապատասխան օրինակներ՝

  1. ….և յետ Բ. ամացն ապա ուղարկեաց ի ԽորՎիրապն, որպէս գրեալ կայ լիակատար պատմութեանն իւրում /11/,
  2. ….և ունի վանքս երկու, և այլ եկեղեցիք բակում, որ այժմ աւերեալ և ամայի կան ի ձեռս Տաճկաց /17/,
  3. ….և է ի մէջ մայրի անտառացն որ փիճի ասեն, և Ազատմայրի կոչեն, որ ոչ սկիզբն տեսեալ ոք կայ և ոչ ծայրն հասեալ…. /19/,
  4. ….անասունք և հօտք ոչխարաց իբրև զաստեղս երկնից սփռեալ կան ընդ երեսս դաշտին…. /22/,
  5. ….որ գրեալ կայ զանուանս նոցա ի դրանն արքունի, որ հանապազ օլօֆայն և հացն կուտեն ԼՌ. ոգի…. /26, 29, 45/
  6. Եվ ամենայն տուն Հայի և Տաճիկի միապէս շինեալ կան և շինին. զանազանութիւն ոչ կայ…. /31/,
  7. ….քարտաշ գեղեցիկ շինուածովք եկեղեցիք բազումք, որ այժմ ի ձեռս Տաճկաց անկեալ կան, զորն արարեալ են ամբարանոցք…. /32/,
  8. Կանայ և Վրաստան դուռն կոչեն, որ զարմանալի խաչեր կան դրօշմեալ ի պարիսպն, հիանալի տեսողացն…. /37/,
  9. ….և կան բնակեալ մինչ ի քառասուն հազար տուն մարդիկք իսպահիք և ենկիչարիք յոյժ ընչասէրք…. /37/,
  10. ….և վաճառականք ի չորից կողմանց Հայոց ազգէս անթիւ կան նստեալ տարին բոլոր բովանդակ ի գնել …. /34/,
  11. Եւ բերդս այս շինեալ կայ բարձրանիստ տեղիս իբր թագաւորական գահոյք նստեալ առ ստորոտով բարձր լերին…. /37-38/,
  12. ….և վայրի երէք և եզունք բազում սփռեալ կան ի ձորս և ի գլուխս լերանց…. /40/,
  13. ….և հասանէ ընդ առաջ սուրբ Յովհաննէսու վանիցն, որ կայ անդ ամփոփեալ զճկոյթ սրբոյն Յովհաննու Կարապետին…. /51/,
  14. Եւ ելեալ վաղվաղակի գնացաք որ մարդիկք արիւնաշաղախ անկեալ կան և զգեստքն ամենայն տարեալ էին…. /55/:

Կայ պակասավոր բայով կառույցների հաճախ գործածությունը կարելի է համարել հեղինակի լեզվի առանձնահատակություններից մեկը, որը կարող էր թելադրել ժամանակաշրջանը: Այս ձևերը 3% են կազմում երկի խոնարհման համակարգում: Ինչպես նկատում ենք, այն հիմնականում գործածվում է անցյալ դերբայի ուղեկցությամբ: Երկուսն էլ  ծագմամբ գրաբարյան իրողություններ են, սակայն հեղինակի կողմից նմանատիպ կառույցների հաճախակի կիրառությունը երկում կարելի է համարել աշխարհաբարյան ժամանակաշրջանի լեզվական միջավայրին հատուկ իրողություն:

Անդրադառնանք ժխտական խոնարհմանը: Գրաբարում ժխտական խոնարհման ձևերը կազմվում էին ոչ ժխտականով և չ մասնիկով, իսկ արգելական հրամայականը ստանում էր մի բառ-մասնիկը: Այս բառ-մասնիկը ժխտական իմաստով կարող էր դրվել նաև ապառնի ժամանակների, երբեմն նաև անորոշ դերբայի վրա[6]: Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկում ժխտականի  գրաբարյան ընդունված ձևերի կողքին ունենք նաև որոշ հետաքրքիր օրինակներ: Նախ նշենք, որ ոչ ժխտականի կիրառությունն ավելի հաճախակի է չ մասնիկի և մի բառ-մասնիկի կիրառությունից: Ստորև տրվող պատկերը կօգնի առավել լավ պատկերացում կազմել  երկի ժխտական խոնարհման մասին՝

ոչ չ մի
18 15 4

Ժխտական խոնարհման մեջ կան գրաբարյան օրինաչափություններից դուրս իրողություններ, որոնք պիտի խմբավորենք աշխարհաբարյան լեզվական շերտի մեջ:  Համապատասխան օրինակներով  նշենք այդ իրողությունները՝

  1. ….տասն օր չի յամենար, իւր մօտն գտանել պարտին թէ պարոն և թէ գաւառաց տէր…. /26/,
  2. ….առ եզերբն գետոյս են բնակեալք, որ ամենևին ձիւն չեն տեսանել…. /49/,
  3. Ապա զգեստն տանելն այնչափ չէինք հոգալ, բայց զայն կուլայաք…. /56/,
  4. ….ճշմարիտն ասացէ°ք. դուք անուանի մարդիկ էք, թագաւորի անուն ձեր վերայ է. ես ձեզ ղմիշ չեմ աներ…. /57/,
  5. ….որ թէ քրիստոնեայ լինէր իշխանն, այնպիսի իրս չէր անէր…. /59/:

Նշված ձևերը գրաբարից դուրս իրողություններ են, որոնք ձևավորվել են հայոց լեզվի զարգացման հետագա ընթացքում: Քանի որ երկում նշված են ժխտական խոնարհմամբ, այդ պատճառով խմբավորել ենք աշխարհաբարյան իրողությունների այս բաժնում: Ներկայացնենք ժխտական խոնարհման վերաբերյալ վիճակագրական մոտավոր պատկեր՝

գրաբարյան լեզվական շերտ աշխարհաբարյան լեզվական շերտ
86% 14%

Այսպիսով՝ Հ. Կարնեցու երկի խոնարհման համակարգի քննությունից պարզվում է, որ ընդհանուր գրաբարյան իրողությունների կողքին հեղինակը գործածել է բազմաթիվ հետգրաբարյան, աշխարհաբարյան ձևեր, հաճախ՝ միախառն կերպով: Վաղաշխարհաբարյան ենթաշրջանի  մի շարք հեղինակներ իրենց ժամանակի լեզվական վիճակը բնութագրում են հին գրական հայերենի կամ գրաբարի, «քաղաքական» կամ քաղաքացիական հայերենի և բարբառների առկայությամբ: Սա հենց վաղ աշխարհաբարի էական առանձնահատկություն է, և լեզվի այս առանձնահատկությամբ բնութագրվում է Հ. Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը:

Նման քննությունից հետո կարող ենք փաստել, որ Հ. Կարնեցու երկի  լեզվի խոնարհման համակարգում առատապես հանդիպող գրաբարյան իրողությունների հետ որոշակի տոկոսով կիրառվել են նաև նոր՝ աշխարհաբարյան բայական ձևեր: Դրանց ընդհանուր հարաբերակցությունը կազմում է  86:14-ի: Կարծում ենք՝ կարելի է փորձել քննել, թե որքանով է լեզվական այս ցուցիչը գործում վաղաշխարհաբարյան մյուս երկերի համար:

[1] Մկրտչյան Հ., Կարնո բարբառը, Երևան, 1952,  էջ 70:

[2] Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Երևան, 1952,  էջ 409-410:

[3] Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV Ա, Երևան, 1989, էջ 389:

[4] Աբրահամյան Ա., Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976, էջ 209:

[5] Ավետիսյան Հ. Մ., Ղազարյան Ռ. Ս., Գրաբարի ձեռնարկ, Երևան, 2007, էջ 160:

[6] Ավետիսյան Հ. Մ., Ղազարյան Ռ. Ս., նշվ. աշխ. Էջ 45:

Тамара Погосян

ДРЕВНОАРМЯНСКИЕ И НОВОАРМЯНСКИЕ  ЯЗЫКОВЫЕ   ПЛАСТЫ   В  СПРЯЖЕННОЙ СИСТЕМЕ СОЧИНЕНИЯ АКОБА КАРНЕЦИ ТОПОГРАФИЯ ВЕРХНЕЙ АРМЕНИИ

Ключевые  слова: Акоб  Карнеци,  “Топография Верхней Армении”,    ранний ашхарабар, спряжение, древноармянский пласт, новоармянский  пласт, диалект Карина,  ку, к  частицы.

Изучение древноармянских и новоармянских  пластов  в спряженной  системе в  сочинении  Акоба  Карнеци   “Топография Верхней Армении”  (XVII в.) выявляет интересные результаты,  важные для   описания  языка  XVII  века,  начального периода исторического развития  армянского языка, известного под названием  раний ашхарабар. Ранний ашхарабар включает около два века: от началы 17-ого века до половины 19-ого века. В течении этой эпохи ранний ашхарабар имел разный вид  в сочинениях  разных авторов. Иногда  преобладали элементы  грабара, иногда  какого-то диалекта, иногда законамерности средного  этапа развития армянского языка.

Мы исследовали  разные глагольные  элементы  в спряженной  системе этого сочинения  17-ого века и группировали древноармянские и новоармянские  глагольные факты. Можем утверждать, что спряженная  система этого сочинения составляет целость дреноармянских и новоармянских элементов, которые имеют следущее соотнешение:  положительное  спряжение: древноармянский языковый пласт-95%, новоармянский языковый пласт-5%, отрицательное спряжение: древноармянский языковый пласт-86%, новоармянский языковый  пласт-14%.

Tamara Poghosyan

THE OLD ARMENIAN AND MODERN ARMENIAN  LINGUISTIC   LAYERS IN THE CONJUGATIONAL SYSTEM  OR HAKOB  KARNETSI’S  WRITING   “HIGHER ARMENIAN TOPOGRAPHY”

Key wordsHakob Karnetsi , “Higher Armenian topography”,  Modern Armenian,  Conjugational system, Old Armenian layer, Modern Armenian layer, dialect of Karin, ku, k particles.

 

The research of  Old Armenian and Modern Armenian layers in the conjugational system of  Hakob Karnetsi’s writing  “Higher Armenian topography”  shows interesting results  which are important for description of Armenian language during  17th century.  It is a special period of development of Armenian language which is known as Modern Armenian. It includes the period of the beginning of 17th century until the end of 19th century.  The  Modern Armenian was different in different author’s writings.  Sometimes  the Old Armenian elements prevailed, sometimes the elements of any dialect or the Middle Armenian regularities.

We have studied different  verbal elements of  Old Armenian and Modern Armenian facts in the conjugational system of   “Higher Armenian Тopography”   during the  research. After the research we concluded that the conjugational system  of writing is a completeness of  Old Armenian and Modern Armenian elements which have the  following correlation: positive conjugation-old Armenian linguistic layer  95%,  modern Armenian linguistic layer-5%, negative conjugation- old Armenian linguistic layer-86%,  modern Armenian linguistic layer-14%.

Leave a Reply

Your email address will not be published.