Ոճրի և պատժի նարդոսյան ընկալումը «Ադամամութին» և «Հոպոպը» նովելներում

Սաթենիկ Կարապետյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրանտ

Հոդվածում քննության են առնվում ոճրի և պատժի դրսևորման կերպերը Նար-Դոսի «Ադամամութին» և «Հոպոպը» նովելներում: Հայ գրականագիտության մեջ գրեթե անդրադարձ չի եղել այս խնդրին: Ուսումնասիրելով նշված նովելները, ոճրի և պատժի նարդոսյան ընկալումը համեմատելով Ֆ. Դոստոևսկու՝ նույն խնդրի ընկալման հետ՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ Նար-Դոսը ոչ թե ուղղակիորեն, այլ ենթատեքստում է դնում ոճրի և պատժի հարցը: Բայց սա սովորական, իրավական մակարդակի ընկալում չէ: Հոգեբան-գրողը հարցը դնում է ուրիշ հարթության վրա: Ոճրի և պատժի նարդոսյան ընկալումը վերաբերում է բարոյական մակարդակին: Փորձ է արված հասկանալ երկու կարևոր հարց. ո՞վ է ոճրագործը, ինչպիսի՞ն է պատիժը: Երկու նովելներում էլ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ոճիրն իր մեջ արդեն ընդգրկում է պատիժը:

Բանալի բառեր. նովել, ոճիր, ոճրագործ, պատիժ, իրավական մակարդակ, բարոյական մակարդակ, ենթատեքստ:

Ոճրի և պատժի նարդոսյան ընկալումը «Ադամամութին» և «Հոպոպը» նովելներում

Հայ գրականագիտության մեջ գրեթե անդրադարձ չի եղել ոճրի և պատժի նարդոսյան ընկալման խնդրին: Թեման ուշարժան է, որովհետև Նար-Դոսը չի գնում ոճրի և պատժի հարաբերություն մեկնաբանման սովորական ճանապարհով:

Նար-Դոսը խորաթափանց գեղագետ-հոգեբան է: Նա, ինչպես իրավացիորեն նկատում է գրականագետ Ա. Տերտերյանը, իր խուզարկու, սրատես աչքերով դիտում է կյանքը, ընկալում այն և կերտում է տիպեր[1]: Նրա նովելների ոճի համար հատկանշական է կենսունակ օբյեկտիվիզմը, որը հեռու է նատուրալիստական պատկերման մակերեսայնությունից: Հեղինակն ընթերցողին ասում է կենսական մեծ ճշմարտություն՝ ելակետ ունենալով այն իրականությունը, որի ականատեսն է եղել:

Նար-Դոսը հետազոտող գրող է: Նա անընդհատ դիտում է կյանքը, գտնում նրա դրսևորումների ներքին կերպերը, և դրանք դարձնում ստեղծագործության նյութ:

Ճիշտ է նկատում ուսումնասիրող Ստ. Թոփչյանը,Նար-Դոսի հերոսները «հեռու են միագիծ, սխեմատիկ սահմանումներից և չեն կարող միանշանակ չար կամ բարի, վատ կամ լավ, տգեղ կամ գեղեցիկ լինել»[2]: Նույնը կարող ենք ասել ոճրի և պատժի նարդոսյան ընկալման մասին: Սա ոճրի և պատժի սովորական, իրավական մակարդակի ընկալում չէ: Հոգեբան-գրողը հարցը դնում է այլ հարթության վրա: Ըստ էության գրողն ուղղակիորեն չի էլ դնում ոճրի և պատժի հարց, բայց դա ընկալելի է ենթատեքստում:

Պիտի հասկանանք երկու կարևոր հարց, ո՞վ է ոճրագործը, ինչպիսի՞ն է պատիժը:

Գեղարվեստական ցնցող մի պատկեր է «Ադամամութին» նովելը: Հեղինակը սոցիալական խնդրիրների ճնշման արդյունքում մարդու դրսևորման կերպերն է փորձում բացահայտել:

Գրողը մի քանի դիպուկ վրձնահարվածով կերտումէ այն սարսափելիպայմանների պատկերը, որի մեջ գոյատևում են նովելի հերոսները. «Այդ տուն կոչվածը մի բավական մեծ խրճիթ էր, որ երբեմն տիրոջ կթան կովերի համար գոմի տեղ էր ծառայում: Պատերն այնքան խոնավ էին, որ քիչ էր մնում ջուր կաթեր: Գետնից բավական բարձր գտնված մի հատիկ լուսամուտի չորս ապակիներից երկուսը կոտրված էին և տեղը թղթեր էին կպցրած»[3]: Քաղցը այս խղճուկ տնակում ապրող թշվառ ընտանիքի մշտական ուղեկիցն էր: Ցուրտն էլ մյուս կողմից էր նեղում. «Աշնան և ձմռան ամիսներին քաղցն այնքնան զգալի չէր այդ աղքատ ընտանիքի համար, որքան՝ ցուրտը…» (էջ 144):

Հենց սկզբից ուվագծվում է Շուշանի՝ ընտանիքի մոր, կերպարը: Երկունքի մեջ էր այդ փոքրամարմին, լղար կինը: Հազիվ երեսուն տարեկան էր, բայց արդեն չորս զավակ ուներ, մեկն էլ շուտով լույս աշխարհ պիտի գար: «Ո՞ւմ համար, ինչի՞ համար: Ի՞նչ օրումն էին արդեն եղածները, որ մեկն էլ պիտի ավելանար» (էջ 108): Ճարտասանականական հարցերի այս շարքը, որ հեղինակը հնչեցնում է նովելի սկզբում, հետո՝ նովելի վերջին հատվածում, յուրովի պիտի հնչի արդեն հերոսուհու շուրթերից:

Գրողը նովելում քայլ առ քայլ բացում է նոր շերտեր՝ պատասխանելով «ի՞նչ օրումն էին արդեն եղածները» հարցին: Ավագ որդին՝ Սեդրակը, փախել էր տնից, չնայած փոքր հասակին՝ մի քանի անգամ բանտ նստել: Իբրև խորագետ հոգեբան՝ Նար-Դոսը հրաշալիորեն ընկալում և պատկերում է մյուս երեխաների կենսակերպը, նրանց հոգեբանության բնորոշ գծերը: Ահա կծկվել են երկու փոքրիկները մի հնամաշ յափնջու տակ. «Այդ յափնջին թուխս նստած հավի դեր էր կատարում, իսկ նրա տակ ցրտից պատսպարված երեխաները ճուտերի էին նման» (էջ 109): Եվ երբ քամու կատաղի հարվածներից դուռը սովորականից ավելի էր չխչխկում, նրանք անմիջապես գլուխները հանում էին յափնջու տակից և այնպիսի հայացքով նայում դռանը, կարծես մարդու էին սպասում: Իսկ սպասում էին ավագ քրոջը՝ Սոնեին, ավելի ճիշտ՝ նրա բերած հացին: Մանկան հոգեբանության այսպիսի խոր ընկալումը հզոր լիցքեր է տալիս նովելին: Հետագա դրվագները (երեխաների ցնծությունը քրոջ բերած հացը տեսնելիս («Ցուրտը մոռացան նրանք, որովհետև հաց տեսան»), Սոնեի հպարտ երջանկությունը, որ հացի հետ նաև պանիր էր բերել, երեխաների անմեղ կռիվը հացի համար և աննկատ հաշտությունը) ևս ասվածի ապացույցն են:

Այդուհանդերձ, նովելի գագաթնակետը վերջին հատվածն է: Փոթորկալից գիշերվանից հետո՝ ադամամութին, Շուշանը սեփական ձեռքերով խեղդում է նորածին մանկանը՝ համոզված լինելով, որ նրա մեռնելը շատ ավելի մխիթարական է, քան ապրելը: Սպանելով մեկին՝ փրկում է մյուս երեքին. «Ի՞նչ եմ անում… ի՞նչ եմ անում… քիչ ունե՞մ… քեզ ո՞նց պահեմ… քեզ ո՞նց պահեմ…» (էջ 116):

Առաջին հայացքից թվում է՝ հեղինակը ոչինչ չի դատապարտում, սոսկ անտարբեր ձևով արձանագրում է եղելությունը, փորձում պահպանել կողմնակի դիտողի խոսքի սառն ու անտարբեր եղանակը: Բայց արտաքին անտարբերության քողի տակ դժվար չէ նկատել թաքուն կերպով արտահայտված բողոքն ու վիշտը: Ի վերջո, ենթատեքստում ընկալելի է ոճրի և պատժի խնդիրը:

Նար-Դոսը հրաշալի ծանոթ է եղել ռուս գրականությանը և, բնականաբար, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը որոշակի ազդեցություն պիտի ունենար նրա վրա[4]: Բայց Նար-Դոսը խնդիրը մի փոքր այլ հարթության վրա է դնում: Ըստ Դոստոևսկու՝ եթե կա ոճիր, ապա կա պատիժ, և ոչ մի նպատակ չի արդարացնում միջոցները: Ընդ որում, ոճրի և պատժի Դոստոևսկու ընկալումը վերաբերում է թե՛ իրավական և թե՛ բարոյական, հոգեբանական մակարդակներին: Նար-Դոսի նովելում կա ոճիր, բայց չկա իրավական պատիժ: Նարդոսյան պատժի ընկալումը միայն բարոյականի ոլորտում է: Մայրը սպանել է սեփական զավակին. սա ոճիր է, որ հենց իր մեջ ընդգրկում է պատիժը: Իրավական ոչ մի պատիժ չի կարող ավելի խիստ լինել:

Գրողը չի մտնում մանրամասների մեջ, հոգեբանական մեծ տեղաշարժեր չի նկարագրում, և սա բնական է: Մեկ նովելի տարածքում Նար-Դոսը չէր կարող տեղավորել հոգեբանական այնպիսի մեծ տեղաշարժեր, ինչպիսին բերում է Դոստոևսկին իր վեպում: Ընդ որում, եթե ուշադիր լինենք, կարող ենք նկատել, որ Դոստոևսկու վեպի սյուժեն հարուստ չէ դեպքերով: Վեպի նյութը, ըստ էության, կարելի է մեկ պատմվածքի շրջանակներում էլ սպառել: Բայց գործողությունների փոխարեն՝ սյուժեն զարգանում է՝ հենվելով հոգեբանական վերլուծությունների և ինքնավերլուծությունների վրա: Նար-Դոսի նովելում հերոսուհու ինքնավերլուծությունը  սահմանափակվում է միայն մեկ նախադասությամբ. «Ի՞նչ եմ անում… ի՞նչ եմ անում… քիչ ունե՞մ… քեզ ո՞նց պահեմ… քեզ ո՞նց պահեմ…» (էջ 116): Բայց դա էլ բավական է նրա հոգեկան դրամայի ողջ խորությունն ընկալելու համար: Նար-Դոսը չի բացատրում, դա թողնում է ընթերցողին: Մի դիպուկ նախադասությունն ամբողջ ստեղծագործության բանալին է դառնում, գաղափարաբանության էպիկենտրոնը: Եվ այստեղ շահում է նովելը:

Ի վերջո, ո՞վ է մեղավորը, ո՞վ է ոճրագործը: Շուշա՞նը: Իսկ միգուցե կարի՞քը: Այդ ամենակուլ, անկուշտ կարի՞քը: Թերևս երկուսն էլ: Բայց ավելի շատ մեղավոր էթույլմարդու տեսակը, չպայքարող, հանձնվող մարդու տեսակը: Կյանքի թելադրած սոցիալական բախումներում մարդը կա՛մ կործանվում է, որովհետև անկամ է, կա՛մ կարողանում է հաղթահարել դրանք, որովհետև կամային է:

Ուշարժան է նովելի վերնագիրը: Ոճրի ու պատժի կայացման ժամանակը նշող վերնագիրը՝ «Ադամամութին», կարծում ենք, հակադրությունը (օրվա ծնունդ-մանկան մահ) սրելու նպատակ ունի:

Հարկ ենք համարում նկատել, որ Նար-Դոսի այս նովելի վերջին հատվածը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել: Այսպես, ուսումնասիրող Գ. Հովսեփյանը գրում է. «Սակայն որքան կշահեր «Ադամամութին» պատմվածքը ռեալիստական կատարման տեսակետից, եթե արձակագիրը խուսափած լիներ վերջում հիվանդագին ֆիզիոլոգիզմից, որը ակնհայտորեն նատուրալիստական պատկերման արտահայտություն է… Եվ, իրոք, գրվածքի վերջաբանը վատ տպավորություն է թողնում ընթերցողի վրա… Չէ՞ որ այդօրինակ ֆիզիոլոգիզմները, նատուրալիստական տարրերը չեն կարող գրավել ընթերցողին: Արդարությունը պահանջում է ասել, որ ամբողջ պատմվածքի բովանդակությունը վերարտադրելիս հեղինակը ելել է կյանքի ճշմարտությունից, սակայն վերջում չի հասել ցանկացած արդյունքին, և դրանից տուժել է զգալիորեն ընդհանուր տպավորությունը»[5]:  Մենք համաձայն չենք այս դիտարկման հետ և մեր աշխատանքում արդեն նշել ենք, որ նովելի գագաթնակետը հենց վերջին հատվածն է, որովհետև այստեղ է խտացված գրողի ասելիքը: Սարսափելի ոճրի՝ հենց այդպիսի մանրամասն նկարագրության մեջ է թաքնված գրողի որոշակի վերաբերմունքը պատկերվող նյութի նկատմամբ: Ընդ որում, չպետք է անտեսել, որ Նար-Դոսը այդ պատկերը կերտելիս մի հետաքրքիր ու, մեր կարծիքով, համոզիչ հնարանքի է դիմում. նորածնի սպանության տեսարանը ներկայացվում է ոչ թե հեղինակի, այլ մանկան՝ Սոնեի աչքերով: Սա ինքնին ենթադրում է մանրամասների այդպիսի նկարագրություն: Ինչ վերաբերում է նատուրալիստական պատկերներին, ապա կարող ենք ասել, որ նատուրալիզմը երբեմն անհրաժեշտ է ռեալիզմի կայացման համար և այս նորավեպում խիստ արդարացված է:

Ոճրի և պատժի խնդիրը մի փոքր այլ է «Հոպոպը» նովելում: Եթե նախորդ նովելում որոշակի էր սոցիալական հանգամանքների գործոնը, ապա այստեղ առաջնահերթ է դառնում մարդու՝ որպես ինքնատիպ բնավորության, հոգեբանական շերտերի բացահայտումը[6]:

Նովելի հենց սկզբից կերպավորվում է զինագործ Ասատուրը՝ «հնամաշ արխալուղով, կաշե գոտկով, արբեցողությունից ուռած-կարմրած դեմքով մոտ քառասուն տարեկան մի մարդ, որ ամբողջ թաղում և բազարում հայտնի էր Հոպոպ մականունով» (էջ 78): Գրողը բացում է մականվան իմաստը, և այդքանը բավական է հերոսի էությունը հասկանալու համար. «Ամբողջ թաղը Հոպոպ մականունով էր կնքել զինագործ Ասատուրին, ժողովրդական այն առածի հիման վրա, որ ասում է, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույնն է հոտած»: Եվ իսկապես, շատ հոտած, այսինքն կռվարար մարդ էր զինագործ Ասատուրը» (էջ 81): Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նրա առօրյա բառապաշարի զարդն էին կազմում հատընտիր հայհոյանքները, ապա պատկերը ամբողջական կդառնա: Մշտական ծեծ ու տուրուդմբոց. ահա բնորոշը նրա կենցաղում: Գրողը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հոպոպը խիստ վախենում էր ոստիկանությունից և նույնիսկ մի քանի անգամ պատժվել էր մեծ-մեծ մկներով լի նկուղում: Փաստորեն առօրյա մանր մեղքերի համար նա ստանում էր համապատասխան պատիժ: Մի ուրիշ տեսակի պատիժ էր նաև փողոցի երեխաների ու կանանց ծաղրը, որ սովորական երևույթ էր դարձել: Բայց գրողը գնում է երևույթի խորքային բացահայտման: Հասարակությունից օտարված մարդը, իր միջավայրում նսեմանալով, պիտի գտներ մի տեղ, որտեղ կարողանար հաստատել իր տղամարդկությունը. այդ տեղը դառնում է ընտանիքը, և կնոջ գլխին է կոտրվում տղամարդու նսեմացումների բեռը: Այստեղ, ինչպես նկատում է Վ. Սաֆարյանը, բացահայտվում է Հոպոպի՝ որպես թույլ մարդու, բնավորության տիպական գծերից մեկը՝ ինքնագովությունն ու հոխորտանքը[7]:

Ի վերջո, հերթական, ինչպես հեղինակը մի քանի անգամ շեշտումէ, «սովորական» ծեծի տեսարանի ժամանակ տեղի է ունենում անսպասելին.կինը կոտրում է Հոպոպի հաջողությունն ապահովող (համենայն դեպս ինքը՝ Հոպոպը, այդպես էր կարծում) գավը, և «կարմիր գինին ներկեց գետինը լերդացած արյան սև գույնով» (էջ 58): Պատկերը տպավորիչ է, որովհետև մի տեսակ նախապատրաստում է հաջորդող ողբերգությանը. «Հոպոպը ցնցվեց և կանգ առավ հանկարծ: Նրան թվաց, թե իրեն տվին գետնովը: Աչքերը մթնեցին: Էլ չիմանալով, թե ինչ է անում, արագորեն կռացավ, մի մեծ քար վերցրեց գետնից և ծայրահեղ կատաղի թափով շպրտեց փախչող կնոջ հետևից» (էջ 86): Գրողն ավելորդ մանրամասների մեջ չի մտնում, նույնիսկ ուղղակիորեն չի նշում՝ մահացավ կինը, թե ոչ: Ընդամենը մեկ նախադասությամբ ավարտում է նովելը՝ մնացածը թողնելով ընթերցողի երևակայությանը. «Հռհռացող փողոցը հանկարծ լռեց և քարացավ» (էջ 86): Առկա է սարսափելի ոճիրը, պիտի լինի նաև պատիժը: Չնայած հեղինակը չի խոսում, բայցինքնին հասկանալի է, որ իրավական պատիժը կլինի: Այլ է խնդիրը բարոյական պատժի դեպքում: Ինչպես նախորդ նովելում, այստեղ ևս ոճիրն է իր մեջ ընդգրկում պատիժը:

Այսպիսով, «Ադամամութին» և «Հոպոպը» նովելներում Նար-Դոսը թեև ոչ ուղղակիորեն, այլ ենթատեքստում դնում է ոճրի և պատժի հարցը: Բայց սա սովորական, իրավական մակարդակի ընկալում չէ: Հոգեբան-գրողը հարցը դնում է ուրիշ հարթության վրա: Ոճրի և պատժի նարդոսյան ընկալումը վերաբերում է բարոյական մակարդակին: Երկու նովելներում էլ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ ոճիրն իր մեջ արդեն ընդգրկում է պատիժը:

Բառերի և նկարագրությունների մեջ գրողը ժլատ է, նա ավելի շատ բանալի-նախադասություններ է տալիս, որոնք իրականում շատ ավելի ընդգրկուն են, քան սովորական, երկարաշունչ նկարագրություններն ու վերլուծությունները: Իսկ այդպիսի նախադասությունները գրողի զարմանալի դիտողունակության արդյունք են:

Այս և այլ հատկանիշների հատկանիշների շնորհիվ վերոնշյալ նովելները անջինջ մնում են ընթերցողի հիշողության մեջ: Իսկ դա նշանակում է, որ գրողը հասել է իր նպատակին:

[1]Տե՛ս Տերտերյան Ա., Երկեր, Երևան, 1980, էջ 109:

[2]Նար-Դոս, Երկեր, առաջ.՝ Ստ. Թոփչյան, հ. 1, Երևան, 1989, էջ 11:

[3]Նույն տեղում, էջ 107: Հետայսու նովելների բնագրերից կատարվող մեջբերումները կլինեն սույն գրքից, փակագծերում կնշվեն էջերը:

[4]Ուշագրավ է, որ «Աննա Սարոյան» վիպակում հիշատակվում է Դոստոևսկու անունը: Տե՛ս Նար-Դոս, նշվ. աշխ., էջ 453-454:

[5]Հովսեփյան Գ., Նար-Դոս, Երևան, 1961, էջ 177-178:

[6]Տե՛ս Սաֆարյան Վ., Գրողի և կերպարի անհատականությունը, Երևան, 2001, էջ 194-195:

[7]Տե՛ս նույն տեղը, էջ 195:

Satenik Karapetyan

NAR-DOS’S PERCEPTION OF CRIME AND PUNISHMENT IN “IN PITCH DARKNESS” AND “HOOPOE” SHORT STORIES

Keywords: Short story, crime, criminal, punishment, moral level, juridical level, implication

Our aim is to study the manifestation of the aspects of crime and punishment in Nar-Dos’s short stories “In pitch darkness” and “Hoopoe”. This problem has almost not been reflected in armenian literary criticism. Studying the mentioned short stories, comparing Nar-Dos’s perception of crime and punishment with Dostoevsky’s perception of the same problem we concluded that Nar-Dos put on the problem of crime and punishment not in straight meaning, but in implication. But it is not perception of ordinary, juridical level. Writer-psychologist puts the problem on different level. Nar-Dos’s perception of crime and punishment applies to moral level. We should understand who the criminal is and what sort of punishment there is. In these short stories is created such a position, when crime includes the punishment itself.

Сатеник Карапетян

НАРДОСОВСКОЕ ВОСПРИЯТИЕ ПРЕСТУПЛЕНИЯ И НАКАЗАНИЯ В НОВЕЛЛАХ “В КРОМЕШНОЙ ТЬМЕ” И “УДОД”

Ключевые слова: новелла, преступление, преступник, наказание,  нравственный уровень, правовый уровень, подтекст.

Нашей целью является изучение видов проявлений преступления и наказания в новеллах Нар-Доса “В кромешной тьме” и “Удод”. В армянском  литературоведении почти не было отражения этой проблемы. Изучая указанные новеллы, сопоставляя нардосовское восприятие преступления и наказания с восприятием этой проблемы Достоевским, пришли к тому выводу, что Нар-Дос ставит проблему преступления и наказания не  прямо, а в подтексте. Но это не восприятие обычного, правового уровня. Писатель – психолог  ставит вопрос на другом уровне. Нардосовское восприятие преступления и наказания относится к нравственному уровню. Мы пытались понять два важных вопроса: кто преступник и каково наказание. И в этих новеллах создается такое положение, когда само преступление заключает в себе наказание.

Leave a Reply

Your email address will not be published.