1988թ. Բաքվից տեղահանված հայերը Սիսիանում. ազգագրական դիտարկումներ

Խորեն Գրիգորյան

ազգագրագետ

1988թ. սկսած՝ Արցախյան հերոսամարտի տարիներին, Ադրբեջանի Հանրապետության տարբեր քաղաքներից մեծ թվով հայեր գաղթեցին Հայաստանի Հանրապետություն: Այդ տարիներին Սիսիանում հաստատվեց այս բռնագաղթված հայերի մի հատվածը, որոնք մինչև այսօր էլ իրենց կենցաղավարումը իրականացնում են հենց Սիսիանում: Ներկայացվող հոդվածում որպես կարևոր հարցադրում առանձնացվել են եկվոր հայերի և տեղաբնիկների փոխհարաբերությունները:

Հանգուցային բառեր. Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Բաքու, Սումգայիթ,փախստական, Սիսիան, Նորաշեն:

Ключевые слова: Арцах, Нагорний Карабах, Баку, Сумгаит, Сисиан,Норашен.

Key words: Artcakh, Nakorno Kharabakh, Baku, Sumgait, Sisian, Norashen.

Ադրբեջանում հայերի նկատմամբ կիրառվող ազգային հալածանքի և խտրական քաղաքականության հետևանքով, մինչև 1988թ սումգայիթյան բռնագաղթը, արդեն էապես փոխվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից ԽՍՀՄ հայ բնակչության տեղաբաշխման աշխարհագրությունը: Սովորական էր դարձել այն, որ Ադրբեջանում բնակվող հայերն արտագաղթում էին Հայկական ԽՍՀ, միութենական այլ հանրապետություններ: Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից մեկ շաբաթ անց տեղի ունեցան սումգայիթյան իրադարձությունները, երբ գազանաբար, XX դ. սկզբին տեղի ունեցած Հայերի ցեղասպանության թուրքական մեթոդներով սպանվեցին շուրջ երեք տասնյակ, գուցե և ավելի, Ադրբեջանի հայազգի քաղաքացիներ: Ադրբեջանական կառավարության կազմակերպած հայահալած քաղաքականության հետևանքով ընդհանուր առմամբ 1988-1995թթ բնավեր եղան 419 հազ. փախստականներ և հարկադիր վերաբնակեցվածներ, որոնցից 360 հազարը Ադրբեջանական ԽՍՀ-ից, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ 48 հազ., Հյուսիսային Կովկասի երկրներից՝ ընդհանուր առմամբ 10-11 հազ.: Նրանցից Հայաստանում ապաստանեցին 381 հազ., այդ թվում՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանակից տարածքներից հարկադրաբար վերաբնակեցվածները կազմեցին 72 հազար:

Ժամանակակից հայկական էթնոսում, համենայն դեպս Հայաստանի Հանրապետության տարածքում, ներէթնիկական ագրեսիվությունը շատ ուժեղ է և թափանցում է ամենուր, մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտները: Պատճառները շատ են՝ մրցակցություն, ճնշվածություն և մշտական զրկանքներ, տեղի ու հնարավորությունների պակաս, համազգային արժեքների և գաղափարների թուլացում և այլն:

Սիսիան քաղաքի նոր թաղամասերից է Նորաշենը: Այն կառուցվել է 1997-98թթ. ընթացքում և հիմնականում բնակեցված է Ղարաբաղյան հերոսամարտի տարիներին Ադրբեջանի հանրապետության քաղաքներից՝ Բաքվից, Սումգայիթից, տեղահանված հայ բնակչությամբ: Նշենք, որ 1988թ շարժման ժամանակ, երբ տարերայնորեն հայ բնակչությունը տեղահանվում էր վերևը նշված քաղաքներից, դեռևս չկային այնպիսի միջոցներ, որոնք կապահովեին առաջին անհրաժեշտության պայմաններով: Անձնական դիտարկումներից ելնելով՝ պետք է փաստել, որ այդ տարիներին Սիսիան քաղաք և շրջակա գյուղեր է տեղափոխվել հայերի հիմնականում այն հատվածը, որն այս կամ այն կերպ կապեր ուներ Սիսիան քաղաքի և շրջակա գյուղերի հետ: Սրանք կամ հարազատներ են ունեցել, կամ հենց իրենք, մինչև Ադրբեջանում բնակություն հաստատելը, բնակվել են հենց Սիսիանում:

Պետք է նշել նաև, որ Սիսիան քաղաքում շարժման տարիներին Ադրբեջանից գաղթած հայ բնակչությունը սկզբնական շրջանում բնակեցվել է հանրակացարաններում, ծանոթների, բարեկամների տներում, իսկ այն ընտանիքները, որոնք կարողացել են Բաքվում գտնվող իրենց բնակարանները վաճառել, Սիսիանում այդ գումարներով բնակարաններ էին գնում կամ վարձում: Սրա մասին Վ. Խոջաբեկյանը գրում է. «1988թ սկսվեց Ադրբեջանի հետ հակամարտությունը: Նա չհայտարարված պատերազմ սկսեց Հայաստանի դեմ: Ադրբեջանից բռնագաղթվեց Ադրբեջանում բնակվող ամբողջ հայ բնակչությունը՝ թողնելով վիթխարի տարածք, տուն ու տեղ, ունեցվածք և կայք: Հայաստանից արտագաղթեցին ադրբեջանցիները. սրանք 2,7 անգամ ավելի պակաս էին, քան Ադրբեջանից բռնագաղթված հայերն էին: Ադրբեջանցիները մեծ մասամբ իրենց տներն ավելի լավ պայմաններում փոխանակցեին հայերի հետ: Հայերը զանգվածաբար կուտակվեցին Հայստանում: Նրանք Ադրբեջանից բռնագաղթվեցին՝ հազիվ դիմանալով սպանդին, ու մի կերպ ճողոպրեցին դեպի Հայաստան: Նրանց որոշ մասը Հայաստանում ադրբեջանցիների հետ փոխանակեց իրենց բնակարանները և աշխատանք ձեռք բերեց: 1997-98թթ. Սիսիանի արևելյան ծայրամասում կառուցվեց թաղամաս, որն անվանվեց Նորաշեն: Անվան ընտրությունը կապված է նրա հետ, որ Սիսիանում այս թաղամասը նոր էր և խոպան տարածքում էր կառուցվել, այն քաղաքից մոտ 3 կմ հեռու էր ընկած, իսկ այդ տարածքը երբեք չի բնակեցվել: Այս թաղը ունի հետևյալ կառուցվածքը. բաղկացած է չորս փողոցներից, որոնք դասավորված են միմիանց զուգահեռ: Ամեն փողոցում հինգ-վեց շինություն կա: Տները միահարկ, ուղղանկյուն կառույցներ են՝ երկթեք տանիքով: Ամեն մի տուն նախատեսված է երկու ընտանիքի համար, սակայն որոշ ընտանիքներ, բազմանդամ լինելով, մի ամբողջ այսպիսի տնային կառույց են զբաղեցնում: Այն տները, որոնք երկու ընտանիք են զբաղեցնում, միջնապատով կիսված են, իսկ բնակարանային մակերեսը բաժանվում է ըստ ընտանիքի անդամների քանակի: Այսպես, նշենք, որ տան համալիրի մեջ է մտնում տնամերձ այգին, որը և տան դիմացի և հետևի կողմից է, ինչպես նաև արդեն բնակության տարիներին հենց բնակիչների կողմից կառուցված ցախանոցները: Այստեղ կան այնպիսի տնտեսություններ, որոնք նույնիսկ գոմ ունեն և անասնապահությամբ են զբաղվում: Ծայրամասային լինելով՝ այս թաղամասը բնակչությանը հնարավորություն է տվել զբաղվել նաև հողագործությամբ: Բացառություն են կազմում  մի քանի տնտեսություններ, որոնք իրենց հատկացված հողային տարածքը չեն մշակում: Այդ տնտեսությունների եկամտային աղբյուր է հանդիսանում առևտուրը, ՌԴ-ում աշխատող հարազատների կողմից ուղարկված միջոցները: Նշենք նաև, որ հողագործությամբ զբաղվող տնտեսությունները ևս վաճառքի միջոցով են իրացնում իրենց մշակած բանջարեղենը: Հիմնականում մշակում են կարտոֆիլ, որը կլիմայի ցուրտ պայմանների պատճառով միակ բերքի աղբյուրն է: 1999-2011թթ. ընթացքում այս թաղամասից բնակիչները տեղափոխվել են կամ քաղաքի առավել կենտրոնական փողոցներ, կամ շրջակա գյուղեր՝ առավելապես գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, կամ էլ Երևան: Այսօր Նորաշեն թաղում ապրում է 22 ընտանիք, որոնցից երկուսը այստեղ վարձով են բնակվում: Մնացյալ 20 ընտանիքը  1988թ տարբեր ամիսներին գաղթել է հիմնականում Բաքվից:

Հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ այս ընտանիքներից ոմանք մինչև Ադրբեջան տեղափոխվելը բնակվել են Սիսիան քաղաքում: Հիմնականում այս ընտանիքների կանայք սիսիանցի էին և տեղահանումների տարիներին ընտանիքով տեղափոխվել են Սիսիան: Այս կարծիքին ենք հանգում՝ ելնելով նրանից, որ հարցումների ժամանակ կանանց մեծ մասը իրեն կոչում էր «Սիսիանի աղջիկ», որը հարս է գնացել տեղահանումներից 10-15 տարի առաջ: Սրանք Սիսիանում գտնվող բարեկամների հետ միշտ կապ են պահպանել, եղել է նաև փոխայցելություններ: Ելնելով դրանից պետք է փաստել, որ Բաքվից գաղթած և Սիսիանում բնակեցված հայ ընտանիքները հիմնականում վերադարձողներ են: Նշենք նաև, որ հարցումների ժամանակ պարզ դարձավ, որ վերաբնակեցման առաջին տարիներին լարված հարաբերություններ են եղել գաղթականների և բնիկ սիսիանցիների միջև: Նախ նշենք, որ այս թաղի անունը սիսիանցիների կողմից ստացել է «Փախստականների մահլա» անունը, որն էլ հենց այսօր մնացել է կիրառության մեջ: Պետք է փաստել, որ սկզբնական տարիներին նրանց նկատմամբ արդեն սիսիանցիների /այստեղ սիսիանցի է ընկալվում բնիկը/ վերաբերմունքն էր թշնամաբար և նույնիսկ երեխաներին չարություն անելուց զերծ պահելու համար ասում էին. «խելոք մնացեք, թե չէ կտանենք փախստականներին կհանձնենք ծեզ». այստեղ իհարկե «փախստականը» ընկալվում էր որպես օտար: Այս բացասական վերաբերմունքը կապված է ոչ միայն Ադրբեջանի տարածքից գաղթած հայերին օտար ընկալելով, այլ նաև սոցիալ-կենցաղային բնույթ է կրում: Այսպես. սիսիանցիների հողամասերը՝ «դաչաները», ընկած էին «Փախստականների մահլա»-ի կողքին և այս «դաչաներից» գողություններ էին կատարվում, իսկ այդ գողությունները բարդվում էին այս թաղամասի բնակիչների վրա, ելնելով դրանից էլ՝ ավելի էր մեծանում խորթությունը: Հաճախ էին պատահում այնպիսի իրավիճակներ, երբ գողություն արված «դաչայի» տերը կռվով իջնում էր «Փախստականների մահլա» և ամբողջ թաղով մեկ «փնտրում» կարծեցյալ «գողին»: Սակայն այժմ այն մարդիկ, որոնք գաղթել են Ադրբեջանից, իրենց առավել հանգիստ են զգում, իսկ բնիկ սիսիանցիների կողմից էլ այնքան էլ օտար չեն ընկալվում: Ըստ մեր դիտարկումների՝ դա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ այս «դաչաները» այլևս չեն մշակվում, ու էլ պատճառ չկա գողին փնտրելու:

Բանասացներից մեկը նշեց նաև այն անունները, որոնցով իրենց դիմել են վերաբնակեցման առաջին տարիներին. «շուռ տված հայեր», «փախստականներ» և այլն: Վերջին անունը մեծ կիրառություն ունի նաև այսօր: Այսպես, անձնական դիտարկումներից ելնելով նշենք, որ առօրյայում, վատը, անփութությունը երեսին ասելու խոսք է դարձել «հո դու փախստական չե՞ս» արտահայտությունը, որը սկզբնական շրջանում առկա արհամարական, վիրավորական ժեստը կորցնելով՝ այսօր որպես հանդիմանություն է մնացել: Սկզբնական շրջանում հարաբերությունների լարված լինելու պատճառ է հանդիսացել նաև լեզուն: Բաքվում բնակվող հայերը հիմնական շփման լեզու կիրառել են ռուսերենը, իսկ տեղափոխվելով Հայաստան՝ հայերենի անվարժ տիրապետումը ևս հանդիսացել է շփմանը խոչնդոտող, սրա մասին ասում էին նաև հենց իրենք՝ տեղահանված հայերը, ըստ որոնց պատմածների, իրենք առաջին տարիներին նեղվում էին, որ չէին կարողանում հայերենը վարժ կիրառել: Որպես խոչնդոտ կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ այս ընտանիքները տեղափոխվել էին թշնամական երկրից, որի վառ ապացույցն են հանդիսանում այդ տարիներին արմատացած արտահայտությունները. «թուրքի մեջ են ապրել՝ թուրք են դառել», «իրանցով ըլներ՝ հետ չէին դառնա» և այլն: Սրա առնչությամբ նշենք, որ այս վերջին արտահայտությունները առավել տարածված էին Արցախյան պատերազմի տարիներին ճակատում զինվորներ ունեցող անձանց շրջանակներում. կարծես թե որպես մեղավորներ դիտվում էին այս մազապուրծ բռնագաղթվածները:

Վերաբնակեցման առաջին տարիներին պետության կողմից ուշադրության կենտրոնում լինելը այսօր ևս նկատվում է այս հայերի մեջ, սրանք սպասելիքներ ունեն պետական մարմիններից, և դա փոխանցվել է նաև նրանց Սիսիանում ծնված և մեծացած երեխաներին: Այսպես. հարցումների ժամանակ 20-22 տարեկանները, որոնք Սիսիանում էին ծնվել, աշխատանք չլինելու մասին խոսելիս նշում էին, որ իրենք «փախստական» են և պետք է իրենց առավել ուշադրություն դարձնեն և աշխատանք տրամադրել: Նույնը կարելի է նշել նաև հակառակ պարագայում. եթե որևէ հարց քաղաքային իշխանությունների կողմից չի բավարարվում, ապա նրանք դա վերագրում են այն հանգամանքին, որ իրենք «փախստական են», օտար, ու դրա համար էլ իրենց նկատմամբ ուշադրություն չի դարձվում:

Ընդհանուր առմամբ փաստենք, որ այսօր Սիսիանում Ադրբեջանից գաղթած հայերը գտնվում են քիչ թե շատ սոցիալ-կենցաղային բարվոք պայմաններում, սակայն թե′ բնիկների և թե′ հենց իրենց կողմից ընկալվող «փախստական» լինելու հանգամանքը քիչ թե շատ բարդացնում է բնիկ սիսիանցիների հետ նորմալ փոխհարաբերություններ հաստատելը, ինչպես նաև խանգարում է սոցիալ-կենցաղային բարվոք պայմաններ ստեղծելուն:

Գրականություն 

  1. Խոջաբեկյան Վ., Ցեղասպանությունը և հայաթափությունը Ադրբեջանում /1918-1990-ական թվականներ/, ՊԲՀ 1, Երևան, 2005, էջ 22:
  2. Մարության Հ., Ցեղասպանության հիշողությունը որպես նոր ինքնության ձևավորիչ, ՊԲՀ 1, Երևան, 2005թ, էջ 57:
  3. М о в с е с о в а  И., Вандализм в Баку, Ереван, 1991.
  4. Խոշաբեկյան Վ., Արցախը փորձության ժամին, Երևան, 1991:
  5. Մելիք-Շահնազարյան Լ., Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ, Երևան, 1999:
  6. Նալչաջյան Ա., Էթնիկ հոգեբանություն, Երևան, 2001թ, էջ 126:
  7. Խոջաբեկյան Վ., Հայաստանի բնակչության տեղաշարժերի միտումները XX դարի վերջին և XXI դարի սկզբին, ՊԲՀ 2, Երևան, 2004 էջ 5:

 

1988г. депортированные бакинские армяне в Сисиане /этнографические наблюдения/

Начиная с 1988г. в годы Карабахского конфликта, из разных городов Республики Азейрбаджана, армяне болшимы групами мигриривали в Республику Армения. В те годы в г. Сисиан для многых из них стал место жителство, каторые да сех пор бытуют здесь. В данном статьии важнейший вапрос ваздвигнут переотношения между пришелцамы и местными жителямы.

The Armenians Displaced from Baku in 1988 in the Town of Sisian/Ethnographical Observations/

The national persecution and discrimination against the Armenians in Azerbaijan made thousands of them leave their homes.  419 thousand people were exiled forcibly and resettled in Armenia and Russia, 360 thousand of which from the Azerbaijan SSR, 48 thousand from Nakorno Kharabakh, 10-11 thousand people from different countries of Coucauses. 381 thousand of them took refugee in Armenia, among them those who were resettled from the areas of Armenian-Azerbajan borderline.  During the years of the ”movement” the Armenians were billeted wherever there was space, in the hostels, at friends’, relatives’. The families, which were able to sell their flats in Baku, bought new houses in the town of Sisian, or rent them. From 1997 to 1998 a new quarter was built in the eastern part of Sisian, which was called Norashen /New settlement/. Today 22 families live in Norashen, two of which on rent. The 20 families were exiled mainly from Baku during the different months of 1988. Today they have more or less good social-living conditions, but both for the native and resettled people the fact of being a “refugee” makes difficulties in their relationships.

Leave a Reply