Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցին և նրա տապանագիրը. հոդված

Արսեն Է. Հարությունյան

Պատմ. գիտ. թեկնածու

18-րդ դարի նշանավոր հոգևոր գործիչ, Ս. Էջմիածնի միաբան, գրիչ (գրագիր), ծաղկող Երեմիա արքեպիսկոպոս Օշական­ցու՝ մինչ օրս պատշաճ ուշադրության չարժանացած գործունեությանն ու «ծաղկողական» արվեստին անդրադառ­նալու առիթը վերջերս՝ Ս. Էջմիածնի միաբանական գերեզ­մանոցում ուսում­նա­սիրություններ կատա­րելիս՝ մեր ուշադրությունը գրաված նրա օրորո­ցաձև տապա­նա­­քարի 7 տողանի չափածո արձանագրու­թյան բովանդակությունն է: 

Երեմիա Օշականցու տապանագիրը

Հայ վիմագիր բանաստեղծությունների շարքին պատկանող տապանագրում Երեմիա Օշականցին հիշա­տակ­վում է իբրև «…գրագիր յոյժ վարժ եւ արի, նրբարուեստ ծաղկօղ թղթոցըն վեհի…».

tapanagir

ԸՆԴ ԱՅՍՈՒ ՎԻՄՈՎ ՄԱՐՄԻՆՆ ԱՄՓՈՓԻ,

ԵՐԵՄԻԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ, /

ՈՐ ԲԸՆԻԿ ՏԵՂԵԱՒ ԷՐ ՅՕՇԱԿԱՆՑԻ,

ՄԻԱԲԱՆ ԳԱՀԻՍ ԵՒ ԱՅՐ ՊԻՏԱՆԻ, /

ԶԻ ԷՐ ԳՐԱԳԻՐ ՅՈՅԺ ՎԱՐԺ ԵՒ ԱՐԻ,

ՆՐԲԱՐՈՒԵՍՏ ԾԱՂԿՕՂ ԹՂԹՈՑԸՆ ՎԵՀԻ /

ԵՒ ՄԵԾԻ ՎԵՀԻՆ ՏëԷûՐ ՍԻՄԷՕՆԻ,

ԷՐ ԾԱՌԱՅ ՆԱԵՒ ՕՐՀՆԱԾՆԻ ՈՐԴԻ, /

ՈՐՈՒՄ ԳԹԱՍՑԻ ՓՐԿԻՉՆ ԱՄԵՆԻ,

ԱՌՆԵԼՈՎ ԱՐԺԱՆ ՏԵՍՈՅՆ ԻՒՐ ԲԱՐԻ /

ՏԱԼՈՎ ԺԱՌԱՆԳԵԼ ԸԶԿԵԱՆՍՆ ԱՆՁԿԱԼԻ

ԵՒ ՊԱՐԱԿՑԵԼՈՎ ՍՐԲëՈûՑՆ ԳԸՆԴԻ /

Ի ԹՎԻՆ ՌՄԼ. (1781), Ի ՅՈՒՆԻՍԻ ԻԳ. (23)[1]: 

Տապանագրից պարզվում է, որ Երեմիան իր ժամանակի նշանավոր գրա­գիր-նո­տար­ներից է, որն աչքի է ընկել նաև «ծաղկողական» արվեստում և արժա­նացել Ամենայն Հայոց կաթողիկոսներ Սիմեոն Ա. Երևանցու (1763-1780) և Ղուկաս Ա. Կարնեցու (1781-1799) (թեպետ վերջինիս անունը տապանագրում չի հիշվում) թղթե­րը, հավանաբար, կոնդակները, նամակներն ու տարաբնույթ գրագրությունները գրե­լու, նաև նկարազարդելու պատվին:

tapanagir2

Նկ. 1 Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցու տապանաքարը, 1781 թ. 

Երեմիա Օշականցին այն եզակի նկարազարդող-ծաղկող հոգևորականներից է, որի՝ հիշյալ մասնագիտությանը տիրապետելու մասին վկայում է նաև տապանագիրը:

Մատենագրական վաստակը 

Երեմիա Օշակացու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից դատելով՝ նա ձեռագրեր է ընդօ­րի­նակել ու ծաղկել դեռևս իր սարկավագության տարիներին: Օրինակ, Մ. Մաշտոցի անվան Մատե­նադարանի (այսուհետ՝ ՄՄ) Հմր 10677՝ 1757 թվականից հետո Էջմիած­նում գրված «Յակո­բայ Շամախեցւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի հիշա­տա­կա­րանում նշվում է. «…նաեւ զիս՝ ըզԵրեմիաս զսարկաւագս հանճարա­պա­կասս, որ գրեցի եւ ծաղկեցի զայս …»[2]: Մատենադարանի մեկ այլ՝ դարձյալ Էջմիածնում 1760-1761 թթ. գրված Հմր 2646 «Մովսէս Կաղանկատուացի. Պատմութիւն Հայոց» ձեռա­գրի ծաղկողը ևս Երեմիա սար­կավագն է. «Եւ ես խնդրեմ ի ձէնջ յիշել ի Քրիստոս զթարմա­տար եւ զբազմամեղ, զգանա­պարտական եւ զպատժապարտ, զպար­սաւա­պատեհ ծառայս նորին եւ ձեր ամենեցուն զդպիրս Ղունկիանոս զտաժան­մամբ գծօղս սորա եւ մանաւանդ զծաղկօղս սորին զԵրեմիաս սարկաւագս՝ զհարա­զատ պաշտօ­նեայս սոյն մեծի հայրապետիս…»[3]: Վերոնշյալ հիշատա­կարանները վկայում են, որ դեռևս երիտասարդ հասակից Երեմիան ունեցել է նկարչական բարձր ճաշակ ու հմտորեն տիրապետել հիշյալ մասնագիտությանը:

Հայ մանրա­նկարիչների մատենագիտական ցանկում արվես­տա­բան Ա. Գևորգ­յանը հիշատա­կում է Երեմիա Օշականցուն, որը ստեղծագործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և Սիմեոն Երևանցու պատվերով ձեռա­գրեր նկարա­զարդել Էջմիած­նում: Հայ մանրա­նկարչական ար­վեստն ըստ Ա. Գևորգյանի՝ շուրջ տասնչորս հարյուրամյակի (6-19-րդ դդ.) պատմու­թյուն ունի և «…իր ոճական առանձնայատկութիւնների, գեղարուեստական բարձր մակարդակի, ընդգրկած թեմաների եւ դրանք ստեղծող տաղանդաւոր նկարիչների շնորհիվ, այսօր համաշխարհային ճանաչման է արժա­նացել ու գիտական բազմաթիւ ուսումնա­սիրութիւնների նիւթ դարձել»[4]:

Մաշտոցյան Մատենադարանում են պահվում Երեմիայի նկա­րա­զարդած երկու ձեռա­գիր «Մաշտոց ձեռնադրութեան» (ՄՄ Հմր 2891, 2892), որոնց գրիչը Եփրեմ վարդա­պետն է՝ հետագայում Եփրեմ Ա. Ձորագեղցի (1809-1830) կաթողիկոսը: Ըստ ՄՄ Հմր 2891 ձեռագրի գրչության ծավալուն հիշատակարանի՝ վերջինս ՙնոտարական արհես­տին՚ տիրապե­տելու համար պարտական է Երեմիային. «…քանզի ի նմանէ ունիմ ուսեալ զգիրս, որ մեծաւ երկամբ եւ աշխատութեամբ ուսոյց ինձ զարհեստս նօտարութեան, որում Տէր լիցի վարձա­հատոյց»[5]: Եփրեմ վարդապետը Երեմիային իբրև ուսուցիչ է բնորոշում նաև հիշա­տա­կարանի վերջում. «Յիշեսջիք և զծաղկօղ սորին և ուսուցիչն ինձ զարհեստս նօտա­րութեան զԵրեմիա արքեպիսկոպոսն վերոյ յիշեցեալ, հանդերձ ծնողօք իւրովք»[6]:

Մատենադարանում պահվող ևս չորս ձեռագրի (ՄՄ Հմր 1056, 1817, 2646, 10677) գրիչ և ծաղկող Երեմիային Ա. Գևորգյանը պայմանականորեն նույնաց­նում է Երեմիա Օշականցու հետ, քանի որ Երեմիա գրիչը ևս գործել է 18-րդ դ. երկ­րորդ կեսին և ձեռագրեր ընդօրինակել Էջմիածնում[7]:

Կարծում ենք՝ հիշյալ ձեռագրերի մանրանկարչության համադրությունն իսկա­պես հաս­տատում է Ա. Գևորգյանի տեսակետը. նպատակ չունենալով խորանալ արվեստաբանական հարցերի քննության մեջ, գտնում ենք, որ դրանք աչքի են ընկնում նկարազարդման մանրամասների՝ կիսախորանների, ճակատազարդերի, լուսանցազարդերի (բուսական, թռչնային, սափոր), վերջնազարդերի (ծաղկային), զարդագրերի (թռչնագիր, կենդանագիր) բա­զում ընդհանրություններով: Առանձնանշելի են հատկապես ՄՄ Հմր 2891 և ՄՄ Հմր 2892 ձեռագրերի գրադաշտի խորանակերպ զարդանկարներով սյունակները: Գունազարդ­ման տեխնիկան ևս նմանօրինակ է. Երեմիա ծաղկողն առատորեն օգտագործում է ոսկի, գույներից գերակշռող են վառ կարմիրը, ծիրանին, կապույտը, կանաչը[8] (նկ. 2-11):

Վերոնշյալ ձեռագրերի հիշատակարանները հաճախ բովանդա­կալից են. դրան­ցում մանրա­մասն տեղեկություններ են հաղորդվում գրչության շարժա­ռիթների ու նպատակի, գունա­զարդման տեխնիկայի, ոսկու օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Հիշատա­կա­րաններում բազ­միցս հանդիպում են Երեմիային ուղղված «գծող», «գրագիր», «նրբարուեստ  նկարա­կերտ», «գեղեցկագիր նօտար», «գրիչ», «ծաղկող», «խորհրդական դպիր» և այլ նմանատիպ բնորոշում­ներ, որն ինչպես վերը նշեցինք, արտահայտված էր նաև տապանագրում: Օրինակ, վերո­նշյալ ՄՄ Հմր 2891 ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Զոր տեսանելով շնոր­հընկալ եւ օրհնածին որդւոյ սոյնոյ տեառնս մերոյ սրբազնկա­տար վեհապետի տեառն Երեմիայի արքեպիսկոպոսի յՕշականցւոյ, քաջ քարտուղարի եւ գեղեցկագիր նօտա­րի Աստուածաէջ սրբոյ գահիս եւ նրբարուեստ նկարակերտի, շարժեցաւ եւ նա ի յիղձ բարի երփնազարդել զսոսա գեղեցկագոյն ծաղկօք եւ ձագա­գրօք, եւ յազնիւ եւ ի զա­նազան երանգոց, եւ ի մաքուր ոսկւոյ…»[9]: Այս բավականին ուշա­գրավ հիշատակա­րա­նը փաստացի տեղեկություններ է հաղորդում Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած պաշտոն­ների ու նկարազարդման նյութերի վերաբերյալ: Նա հիշ­վում է ոչ միայն իբրև «քաջ քարտուղար» և «գեղեցկագիր նօտար», այլև «նրբարուեստ նկարակերտ», որը զանազան գեղեցիկ գունային երանգներով ու մա­քուր ոսկով նկարազարդել-ծաղկել է ձեռագիրը: Ի դեպ, ուշագրավ է նաև Մայր տա­ճարի՝ «Աստուածաէջ սրբոյ գահ» ձևով հիշատակումը:

1767-1768 թթ. Էջմիածնում գրված ՄՄ Հմր 2 «Պետրոս Աղամալեան-Բերդումեան. Աղբիւր բացեալ» ձեռագրի ստացողը նույն ինքը Երեմիա եպիսկոպոս Օշականցին է, իսկ գրիչը՝ Մայր Աթոռի նշանավոր նոտար Ղունկիանոս Աշտա­րակեցին. վերջինս և իր մայրը թաղված են Ս. Էջմիածնի միաբանական գերեզմա­նոցում: Ձեռագրի Հայոց ՌՄԺԷ. (1768) թվակիր ծավալուն և բավականին խոսուն ստացողի հիշատակարանը, որ ըստ ամենայնի՝ Երեմիայի ինքնագիրն է, ամփոփում է տեղեկություններ նրա ծննդավայրի, ձեռագրի պատվիր­ման շարժառիթների, աշխա­տանքի, զբաղվածության և այլևայլ հարցերի վերաբերյալ: Նա հայտնում է, որ իր իղձն ու ցանկությունն էր ամբողջական ունենալ Ավետարանի առակների մեկնություն­ները, որի համար խնդ­րանքով դիմել է ժամանակի նշանավոր աստվածաբան, փիլի­սոփա, Ս. Էջմիածնի միա­բան Պետրոս եպիսկոպոս Նախիջևանցուն[10], որը և ընդա­ռաջել է նրան: Սակայն, աշխատանքի ծանրաբեռնվածու­թյունը թույլ չի տվել, որ Երեմիան անձամբ գրեր իր մատյանը, որի մասին հաղորդում է հետևյալը. «Զոր և յետ յաւարտ և ի կատարումն հասու­ցանելոյն, շնորհեաց ինձ՝ ամե­նանուաստ Երեմիա յոգնամեղ եպիսկոպոսիս, հաւա­տով և սիրով խնդրողիս և փափագողիս սոյնոյ աստուածային յորդառատ և զովա­ցուցիչ աղբեր։ Եւ ես, ի նոյնոյ հեղինակէն, երկրորդաբար գրեցուցի զսա արդար վաս­տա­կօք իմովք այլոյ ումեմն եղբօր, վասնզի ես չունէի ժամ գրելոյ՝ վասն նօտա­րական և ծաղկարարական գործոյս իմոյ ծանրութեան և մշտաշխատութեան, որպէս զի որքան կենդանիս եմ՝ վայելիցեմ զսա և յետ մահուան իմոյ լիցի անջնջելի յիշատակ հոգւոյ իմոյ և ի վայելս տիրացու Զաքարիայ եղբօրորդւոյն իմոյ»[11]: Հիշատակա­րանից պարզվում է, որ դյուրին չի եղել Երեմիա Օշականցու աշխա­տանքը, նոտարական ու ծաղկարարական գործն այնքան մեծ ժամանակ է պահանջել նրանից, որ չի կարողացել անգամ իր համար ցանկալի ու երկար սպասված գործն անձամբ գրել:

Երեմիա Օշականցին տպագիր աշխատություններում

Երեմիա Օշականցին իբրև արհեստավարժ ծաղկող քանիցս հիշատակվում է Մա­ղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի և Գյուտ ավագ քահանա Աղանյան­ցի աշխա­տություններում: Վերջինս Երեմիային բնորոշում է իբրև «սիրուն գեղագիր», «ընտիր քարտուղար», «նրբարուեստ նկարող և ծաղկագրող». «Այս Երեմիան մի շատ սիրուն գեղագիր էր, ընտիր քարտուղար, նրբարուեստ նկարող և ծաղկագրող զանազան գոյներով և մաքուր ոսկով»[12]: Ս. Էջմիածնի նվիրակության թեմերի ցանկը ներկա­յացնելիս, Գյուտ Աղանյանցը հիշատակում է կազմողին՝ նոտար Երեմիա Օշական­ցուն, որը «Սիմէոն կաթուղիկոսի նախապատիւ սպասաւոր, Մկրտիչ արքեպիսկո­պոսի սանիկն էր և վերջը հասաւ արքեպիսկոպոսութեան աստիճանին»[13]: Վերջին տեղեկությունը կարևորվում է այնքանով, որքանով որ պարզում է Երեմիայի՝ Սիմեոն կաթողիկոսի սպասավորներից Մկրտչի սանիկը լինելու հանգամանքը: Նշենք, որ Մկրտիչը վախճանվել է 1789 թ. հուլիսի 8-ին և թաղված է Ս. Էջմիածնի միա­բանական գերեզմանոցում: Օրորոցաձև տապանաքարի հնգատող վիմագրում նա դարձյալ հիշ­վում է իբրև Սիմեոն վեհի մեծ պաշտոնյա: Ս. Հռիփսիմե վանքի հյուսիսարևմտյան հին պարիսպն իր բուրգերով ու կամարակապ դարպասով կառուցվել է վերջինիս մի­ջոց­ներով` 1776 թ., որի մասին է վկայում դարպասի արևելահայաց որմին ագուց­ված քարի շինա­րարական արձանագրությունը. «…շինեցաւ արտաքին պարիսպ Ս⌊ր⌋բ⌊ո⌋յ վանիցս, հանդերձ երկու բրքովքն, եւ կամարակապ դրամբս՝ արդեամբք Տ⌊եառ⌋ն Սի­մէօնի ս⌊ր⌋բ⌊ա⌋զ⌊ա⌋ն կ⌊ա⌋թ⌊ո⌋ղ⌊ի⌋կ⌊ո⌋սի սպասաւոր Մկրտիչ եպ⌊ի⌋ս⌊կո­պո­ս⌋ին…»[14]:

Երեմիա Օշականցու կազմած «Ս. Էջմիածնի նուիրակութեանց թէմերը» մատյանի վերջում առկա է ծավալուն հիշատակարան, որը հրատարակել է Գ. Աղանյանցը: Ըստ հիշատակարանի՝ Սիմեոն կաթողիկոսի բաղձանքն էր կազմել մատյաններ ու ցուցակներ, որոնցում պետք է արձանագրվեին. «…թեմք և վիճակք սրբոյ Աթոռոյս. թէ որք նուիրակացն սորին էին շրջագայելիք և թէ որք առաջնորդացն ի Հայրապետաց սորին կարգելոց հովուելիք»[15]: Հայրապետի՝ միանգամայն մեծ կարևորություն ունե­ցող նախաձեռնությունն իրականացվում է Երեմիա նոտարի ձեռքով: Ավելորդ չենք համարում այստեղ ևս մի հատված մեջբերել հիշատակարանից. «Ես՝ նուաստա­գունեղ ծառայս նորին և ձերումդ ազնուութեան Երեմիա աբեղայս՝ նօտարս սրբոյ գահիս, հաւաստի տեղեկութեամբ, անթե­րութեամբ և ուղիղ դասութեամբ ժողովեցի ի մի վայր զընդհանուր թեմս և զվիճակս սրբոյ Աթոռոյս. զքաղաքս, զղասապայս, և զգլխաւոր գիւղօրայս նոցին յիւրաքանչիւրումն դասու: Զի ես յիմում ժամանակի և յետագայքն իմ յիւրաքանչիւր դարս անաշխատ գտցուք և գրեսցուք: …Ուստի և տեառն իմոյ սրբազանի կատարեցան բարի կամք, որ ի վաղուց կամէր այսմ այսպէս լինել… Գրեցաւ ի ՌՄԺԴ. (1765), յունիսի ԺԸ. (18)»[16]: Այսինքն, հիշյալ թվակա­նից սկսած և հե­տագա տարիներին ևս պետք է շարունակաբար լրացվեին, կազմվեին ու ամբողջաց­վեին Մայր Աթոռի վերոնշյալ ցուցակներն ու գրանցման մատյանները:

Սիմեոն կաթողիկոսի՝ հիշյալ նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրագործումը Երեմիա նոտարին վստահելու առնչությամբ տեղեկու­թյուններ է հաղորդում նաև Մ. Օրմանյանը: Ըստ նրա՝ Սիմեոն Երևանցու ձեռնար­կումները. «…կը ծառայեն թէ գոր­ծունէութեանց կանոնաւորութիւն տալու, եւ թէ եղելութեանց նպատակն ու յիշա­տակը պահպանելու»[17]: Նա նաև շեշտում է, որ վեհափառ հայրա­պետը. «…նու­իրա­կութեանց մասին տեղեկութիւններ հաւաքելու գործը յանձնեց Երեմիա նոտարին, որ նշանակէ իւրաքանչիւր թեմին նուիրակը, անոր արդիւնա­ւորութիւնը եւ զանազան խնդիր­նե­րը»[18]: Այսօրինակ վկայությունները փաստում են Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բարձր դիրքը, կաթողիկոսից վստահություն, հարգանք ու սեր վայելելը, ինչպես նաև իր գործում հմուտ, գիտակ ու աշխատասեր լինելը:

Երեմիա Օշականցին քանիցս հիշատակվում է նաև ձեռնադրությունների ցուցակ­ներում: Այս առումով կարևորվում է հատկապես ՄՄ Հմր 2 «Աղբիւր բացեալ» ձեռագրի վերոնշյալ հիշատակարանի վերջնամասը, ուր թվագրմանը զուգահեռ նշվում է. «Արդ գրեցաւ աստուածային բուրաստանս ի թուականիս մերում ՌՄԺԷ. (1768), ի վեցերորդում ամի հայրապետութեան վեհափառ տեառն մերոյ Սիմէօն սրբազան կաթուղիկոսին, յորմէ ընկալեալ եմ զերիս հոգևոր շնորհս, այսինքն՝ զքահանայութիւն, զվարդապետութիւն և զեպիսկոպոսու­թիւն…»[19]: Հիշատակա­րա­նում հեղինակը, այս­ինքն՝ Երեմիա Օշականցին, հստակ մատնանշում է, որ իր երեք հոգևոր աստիճան­ները, որ են՝ քահանայություն, վարդապետություն և եպիսկոպոսու­թյուն, ստացել է Սիմեոն Երևանցի սրբազան հայրա­պետից:

Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ձեռնադրությունների ցուցակում պահ­պանված մի ուշագրավ վկայության համաձայն՝ 1767 թ. Մայր Աթոռի միաբաններից մի քանիսի հետ եպիսկոպոսության աստիճան է շնորհվել նաև գրագիր Երեմիա Օշականցուն. «Ի ՌՄԺԶ. (1767) թուոջս. մետասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զԵղվարդեցի լուսարար Գրիգոր վարդ.[20], զԿարբեցի Սարգիս վարդ., զԱռնճեցի Յօսէփ վարդ., զՅօշականցի գրագիր Երեմիայ վարդ. … ի փետրվարի ԺԱ. (11)»[21]: Հիշատակություններից մեկն էլ, որ ըստ էության՝ նույնանում է նախորդի հետ, կապված է Հնդկաց երկրի նվիրակ Հովհաննես վարդապետի փոխա­րեն նույն պաշտոնում նշանակված Սիմեոն կաթողիկոսի սպասավոր Հովսեփ վար­դապետի հետ: Քանի որ վերջինս եպիսկոպոս չէր, ուստի կաթողիկոսը «…ի ԺԱ. (11) աւուր փետրվ[ար] ամսոյն և ի բարեկենդանի միջի կիւրակէին, որ զկնի տօնի սրբոյ Հայրապետին Իսահակայ, ձեռնադրեաց զնա եպիսկոպոս: Ընդ որում ձեռնադրեաց ևս ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս զԵղվարդեցի Գրիգոր (որ էր լուսարար սրբոյ գահիս). զԿարբեցի Սարգիս և զժամասած Ստեփաննոս և զՅօշականցի Երեմիա վարդա­պետսն, որ գրագիր էր սրբոյ Աթոռոյս»[22]:

Գրագիր, ծաղկող Երեմիա Օշականցին և վերոհիշյալ Ղունկիանոս գրիչն ըստ ամենայնի՝ հիշատակվում են նաև Հակոբ Շամախեցու (Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1759-1763) «Գիրք աղօթից, որ կոչի հաց նեղելոց» տպագիր աշխատության «Աղերս յիշատակի գծագրո­ղացն գրքոյս» բաժնում: Հիշման ու աղերսի տողերն այսպես են եզրափակ­վում. «Այլ և աղաչեմք յիշել վերջաբար. զերկոսին եղբարս՝ զնօտարս անկատար: ըզԵրեմիաս և զՂունկիանոսս. զնախագըրիչս տառիս փըրկարար: Զի զմեզ յիշելով և դուք յիշիջիք. յամենատեառնէն և զվարձս ընկալջիք… Իսկ թիւըն մեր յոր այսք աւարտեցան. հազար երկերիւր և մի եօթնական (1758)…»[23]: Ըստ էության՝ տպագիր աշխատության համար հիմք հանդիսացող ձեռագիրը Երեմիայի ու Ղունկիանոսի գրչին է պատկանել: Կարծում ենք՝ խոսքը Էջմիածնում գրված վերոնշյալ ՄՄ Հմր 10677 «Յակոբայ Շամախեց­ւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի մասին է (չնայած նրան, որ Ա. Գևորգյանը ձեռագրի գրիչ և ծաղկող հիշատակում է միայն Երեմիային):

Ամփոփելով վերոշարադրածը՝ պետք է արձանագրել, որ 18-րդ դարի երկրորդ կեսին իր բեղուն գործունեությամբ ու բնատուր տաղանդով աչքի ընկած գրագիր, ծաղկող Երեմիա արքեպիսկոպոս Օշականցին Մայր Աթոռի միաբանության՝ տվյալ ժամանակի արդյու­նաշատ հոգևոր գործիչներից էր, որի ստեղծագործական ուղին նշանավորվեց ու լավագույնս դրսևորվեց հատկապես մատենագրության մեջ: Նա վախճան­վել է 1781 թ. հունիսի 23-ին: Ս. Էջմիածնի միաբանական գերեզ­մանոցում գտնվող օրորոցաձև տապա­նաքարի արձանագրությունը պարզապես լրացնում ու վա­վե­րացնում է նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ ցայսօր հայտնի փաստա­գրերը:

Երեմիա Օշականցու մանրանկարչական արվեստից նմուշներ Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերում

Eremia1

 

Eremia2

Eremia3

Eremia4

 

Summary

THE WRITER AND MINIATURIST YEREMIA OSHAKANTSI AND HIS EPITAPH

Arsen E. Harutyunyan

The writer and miniaturist of the 18th century Yeremia archbishop Oshakantsi is buried in the monastic cemetery of St. Echmiatsin. His prolific activity was particularly remarkable during the reign of the Catholicos Simeon Yerevantsi (1763-1780), as it is also evidenced by the epitaph.

Some manuscripts painted by him are kept in the Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts “Matenadaran” (N 1056, 1817, 2646, 2891, 2892, 10677). These were studied by art specialist A. Gevorgyan. The miniatures of Yeremia Oshakantsi are especially distinguished by their painting peculiarities: here the bright colors and gold are predominant.

The data about Yeremia Oshakantsi is preserved in the publications of Maghakia archbishop Ormanyan and Gyut senior priest Aghanyants. The epitaph, which is represented in this article, accomplishes and verifies the existing facts about his life and manuscript activity.

Резюме

РУКОПИСЕЦ И МИНИАТЮРИСТ ЕРЕМИЯ ОШАКАНЦИ И ЕГО ЭПИТАФИЯ

Арсен Э. Арутюнян

Рукописец и миниатюрист 18-го века Еремия Ошаканци похоронен на монастырском кладбище Св. Эчмиадзина. Наиболее плодотворным периодом его деятельности было время правления католикоса Симеона Ереванци (1763-1780), о чем свидетельствует, в частности, эпитафия. Некоторые из иллюстрированных Еремией рукописей хранятся в собрании Матенадарана им. Месропа Маштоца (N 1056, 1817, 2646, 2891, 2892, 10677), исследованием которых занимался исскуствовед А. Геворгян. Миниатюры архимандрита Еремии Ошаканци особенно отличает их колористика – для них характерно преобладание ярких цветов и используемое золото.

Сведения о Еремии Ошаканци сохранились также в трудах архимандрита Магакии Орманяна и протоиерея Гюта Аганянца. Рассматриваемая эпитафия подтверждает и дополняет ранее известные факты о его жизни и деятельности как автора рукописей.

Հրատարակված է՝ «Վէմ» համահայկական հանդես, 2014, թիվ 3 (47), էջ 114-124:

[1] Տապանագիրը հիշատակվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Արարատ սարկավագ Գափոյանի (Տեր Ղևոնդ) ավարտաճառում՝ առանց որևէ ծանոթագրության: Տե′ս Արարատ սարկավագ Գափոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանություն, Ս. Էջմիածին, 1998, էջ 101:

[2] Տե′սԱ. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն. IX-XIX դդ., Եր., 1997, էջ 180:

[3] Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հ. Ը., խմբագրութեամբ Գ. Տէր-Վարդանեանի, Եր., 2013, էջ 919:

[4] Տե′ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ., էջ 5:

[5] Նույն տեղում, էջ 182:

[6] ՄՄ ձեռ. Հմր 2891, էջ 76բ:

[7] Տե′ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ., էջ 181:

[8] Մանրանկարները համեմատելու նպատակով վերոնշյալ ձեռագրերը մեզ տրամադրեց Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գ. Տեր-Վարդանյանը. հայտնում ենք մեր շնորհակալությունը:

[9] Տե′ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, էջ 182:

[10] 18-րդ դարում ապրած ու գործած Պետրոս եպիսկոպոս Նախիջևանցին կամ Բերդումյան-Աղա­մալյանը ժամանակի բազմարդյուն, շնորհաշատ հոգևորականներից է, որը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ավելի քան 160 ձեռագիր պարունակում է նրա շուրջ 20 անուն գործերը. դրանք հիմնականում ունեն աստվածաբանական, մեկնողական, փիլիսոփայական բնույթ: Կյանքից հեռացել է 1787 թ. և թաղված է Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում: Պետրոս Նախիջևանցու կյանքն ու մատենագրական վաստակը նախորդ ուսումնասիրողների նյութերի հիման վրա առավել հանգամանորեն ներկայացրել է Միքայել վրդ. Աջապահյանը: Տե′ս Միքայել վրդ. Աջապահյան, Պետրոս արք. Բերդումյան. Կյանք և մատենագրական վաստակ, «Էջմիածին», 1991, Է-Ը, էջ 33-48:

[11] Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հ. Ա., կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Եր., 1984, էջ 12:

[12] Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ., Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, հրատ. Գիւտ քահանայ Աղանեանց, Թիֆլիս, 1894, էջ 797:

[13] Նույն տեղում:

[14] Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրությամբ Ա. Տեր-Ստեփանյանի, Ս. Էջմիածին, 2014, էջ 187: Տե′ս նաև Ղ. Ալիշան, Այրարատ. բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 241: Վիմական տարեգիր, կազմեաց Կ. Կոստանեանց, Ս. Պետերբուրգ, 1913, էջ 213:

[15] Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ., էջ 805:

[16] Նույն տեղում, էջ 806:

[17] Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հ. Բ., Եր., 2001, էջ 3499-3500:

[18] Նույն տեղում, էջ 3500:

[19] Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հ. Ա., էջ 13-14:

[20] Կարծում ենք՝ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում թաղված երբեմնի լուսարար Գրիգոր եպիսկոպոս Եղվարդեցին է, որը վախճանվել է 1787 թ.: 1771 թ. նրա «աշխատասիրությամբ» և վարպետ Գասպարի գլխավորությամբ վերանորոգվել են Մայր տաճարի և երկու խորանների տանիքը, հարավային զույգ սյուները, ինչի մասին է վկայում տաճարի արևելյան փոքր զանգակատան ներսում ագուցված քարի 6 տողանի վիմագիրը:

[21] Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԱ. Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, մասն III. վերջին, հրատ. Գիւտ Աղանեանց ա. քահ., Թիֆլիս, 1913, էջ 456:

[22] Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ., էջ 642-643:

[23] Հայ գիրքը 1512-1800 թվականներին. հայ հնատիպ գրքի մատենագիտություն, [կազմեցին]  Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, Եր., 1988, էջ 447-448:

Leave a Reply

Your email address will not be published.