ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական ամենամյա գիտաժողով

YSU filologyՆոյեմբերի 10-14-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական միջբուհական ամենամյա գիտաժողովի աշնանային նստաշրջանը: Գիտաժողովի հիմնական նպատակը ֆակուլտետի ուսանողների ուսումնասիրությունների ներկայացման համար հարթակ ապահովելն էր:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ամենամյա ուսանողական միջբուհական գիտաժողովներ՝ գարնանային և աշնանային նստաշրջաններով: Այս կիսամյակը ևս բացառություն չէր: Նոյեմբերի 10-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց ուսանողական միջբուհական գիտաժողովի աշնանային նստաշրջանը:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ: Ա.Ավագյանը ողջունեց ներկաներին՝ գիտականորեն հագեցած և հետաքրքրիր աշխատանք մաղթելով բոլորին, իսկ մասնակիցներին ճիշտ գիտական աշխատանք գրելու վերաբերյալ մի քանի խորհուրդ տվեց:

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սաթենիկ Կարապետյանը նույնպես ողջունեց բոլոր ներկաներին՝ հույս հայտնելով, որ գիտաժողովը հետաքրքիր և արդյունավետ ընթացք կունենա:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս կոնկրետ թեմաներ չէին առաջադրվել. ուսանողներն ընտրել էին թեմաներ՝ ըստ իրենց նախասիրությունների, իսկ կազմակերպիչները ներկայացված նյութերը նախապես խմբավորել էին և առանձնացրել չորս բաժանմունքներ՝ Գրականություն, Մանկավարժություն, Հայոց լեզվի պատմություն և Ժամանակակից հայոց լեզու: Վերջին երկու բաժանմունքների նիստերը նվիրվեցին ֆակուլտետի անվանի դասախոս Հովհաննես Բարսեղյանի պայծառ հիշատակին:

Աշնանային այս նստաշրջանի ընթացքում զեկուցումներով հանդես եկավ 45 ուսանող: Նշենք նաև, որ գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ և ասպիրանտներ ոչ միայն Մայր բուհի տարբեր ֆակուլտետներից, այլև Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտից, Գորիսի պետական համալսարանից և Էջմիածնի Գևորգյան ճեմարանից:

Ավելացնենք, որ «Հայկական գիտական համագործակցություն» գիտակրթական ցանցի (ArmScoop) և Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համագործակցության շրջանակներում ուսանողների լավագույն հոդվածները կհրապարակվեն նաև ArmScoop-ի կայքում` նպաստելով հայագիտության զարգացմանը:

 

Leave a Reply