«Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու պատմական զարգացումը» թեմայով հայագիտական արշավային դասընթաց (ՀԳԱԴ) 2014

10417088_844778855535478_60072299_n

Հայագիտական արշավային դասընթաց (ՀԳԱԴ) 2014

Հայոց լեզվի և մշակույթի ակունքներն ու

պատմական զարգացումը

01A_HGAD_2014_1st_circular

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ եռամյա պարբերությամբ կազմակերպվող հայագիտական արշավային դասընթացների (այսուհետ՝ ՀԳԱԴ) հերթական շրջանը տեղի կունենա ընթացիկ տարվա (2014) օգոստոսի 4-ից մինչև 20-ը: Այն ամբողջությամբ անվճար է` շնորհիվ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» և Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի համաֆինանսավորման: Գիտարշավի տրամադրության տակ կլինի ՎՊՄԻ-ի երեսունտեղանոց ավտոբուսը:[1]

ՀԳԱԴ-ը նվիրված է Հայոց լեզվի և մշակույթի ակունքների ու պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: Դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են բ.գ.թ. (PhD 2008 Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյանի քսանամյա հետազոտությունները: Մասնակիցներն ընթացքում կստանան բոլոր նյութերի պատճենները: Գիտարշավի ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև պ.գ.դ. Կարեն Մաթևոսյանը (Մատենադարան), պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը (ԵՊՀ), պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը (հնագիտ. և ազգագրության ինստիտուտ), ա.գ.թ. Տաթևիկ Շախկուլյանը (Կոնսերվատորիա), Խաչիկ Հարությունյանը (ԵՊՀ ասպիրանտ) և այլ մասնագետներ:

Գիտարշավի դասերի ընթացքում նյութերի մատուցումը և ստուգումը ուղեկցվում են աշխույժ հարցումներով, քննարկումներով, հետաքրքրաշարժ վարժություններով: Հայոց լեզվի պատմության բազմաթիվ հարցերի շուրջ դասախոսություններ ներկայացվում են այդ խնդիրների համար կարևոր նշանակություն ունեցող վայրում, օրինակ` հուշակոթողի կամ վիմագիր արձանագրության մոտ: Բոլոր բացօթյա դասախոսությունների համար մասնակիցներին կտրամադրվեն նյութի սխեմատիկ հենքը պարունակող թերթոններ (handout-ներ), իսկ տնային պայմաններում ներկայացվելիք դասախոսությունների ընթացքում կլինի նաև powerpoint պրեզենտացիա: Այս ամենը կօգնի, որ մատուցվող գիտելիքները լինեն առարկայական ու մնայուն:

Գիտարշավի երթուղում ընդգրկված են հետևյալ վայրերը. Լոռի (Մարց, Իգատակ, Արդվի, Օձուն, Չաթինդաղ լեռ), Կողբ (Մշկավանք, Ամենափրկիչ խաչքար), Տավուշ (Նոր Վարագավանք), հյուսիսային Արցախ (Դադիվանք, Հաթերք / Աստղաբլուր, Տիգրանակերտ ևն), Արագած (Կարմիր սար [վիշապակոթողներ], Արագածի Արևմտյան գագաթ, խառնարան) և այլն: Գիտարշավի ընթացքում, հիմնական թեմատիկային զուգահեռ, տեղի կունենան նաև Հ. Թումանյանի և Կոմիտասի 145-ամյակին նվիրված սեմինարներ ու վիկտորինաներ:

Այս և նախորդ գիտարշավների կազմակերպիչները և նրանց հեղինակ ու գլխավոր պատասխանատու Հրաչ Մարտիրոսյանը ֆինանսական շահույթի ակնկալիք չեն ունեցել:

ՀԳԱԴ-ն ամբողջությամբ զերծ է կուսակցական ու կրոնական խնդիրներից:

ՀԳԱԴ-ի նպատակները

Եռամյա պարբերությամբ կազմակերպվող հայագիտական արշավային դասընթացների (ՀԳԱԴ) հիմնական նպատակն է հայագիտության տարբեր բնագա­վառ­ներում (հատկապես՝ բանասիրության մեջ) մասնագիտացող մի քանի տասնյակ առաջա­դեմ ուսանողների ու գիտաշխատողների ներկայացնել հայոց լեզվի պատմության առանցք­ային դրույթների ու խնդիրների վերաբերյալ շրջիկ դասընթաց` հայագիտության մյուս բնագավառների (հնագույն պատմություն, դիցաբանություն, ազգագրություն, բանա­հյու­սություն, արվեստի պատմություն) հետ փոխառնչությունների համատեքստում: Հա­մապա­տասխան դասախոսություններից շատերը  ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարևորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնա­վայ­րերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ, ընդ որում հատուկ ուշադրության են արժանանում դժվարամատչելի վայրերում գտնվող հուշար­ձան­ները:

Քանի որ հայ ժողովրդի ու նրա մշակույթի պատմության այլ փաստաթղթերի սակավության կամ բացակայության պայմաններում հայագիտության կնճռոտ խնդիրների լուծման հարցում անգնահատելի դեր են խաղում բանասիրական վերլուծությունն ու ստուգաբանությունը, և քանի որ մեզանում գնալով ավելանում են հայագիտության վարկն իջեցնող ստուգաբանական խեղկատակությունները, գիտարշավների ողջ ընթացքում լուրջ ուշադրության են արժանանում պատմահամեմատական լեզվաբանության հիմնադրույթներն ու ստուգաբանական մեթոդաբանությունը, հնդեվրոպաբանությունը և լեզվական ու արտալեզվական տվյալների զուգակցման մեթոդաբանության հարցերը:

Ուսուցողական գործընթացի ամենաարդյունավետ բաղադրիչը, անշուշտ, գործնական աշխատանքն է: Ուստի գիտարշավների ծրագրի մեծ մասը գործնական առաջադրանքներ են, վարժություններ, տեքստերի ընթերցումներ ևն: Վիմագիր արձանագրություններն ընթերցվում ու քննարկվում են հենց այդ արձանագրությունների մոտ:

Գիտարշավների կարևոր նպատակներից  է Հայաստանի տարբեր շրջանների գիտակրթական հաստատությունների առաջավոր ուսանողների և երիտասարդ գիտաշխատողների միավորումը: Նրանք հրաշալի հնարավորություն են ստանում միմյանց հետ ծանոթանալու, գաղափարներ ու մտահոգություններ փոխանակելու, բանավիճելու, համագործակցային հեռանկարներ քննարկելու և այլն: Այդպիսի համագործակցության տված արդյունքի ցայտուն օրինակ է armscoop.com տեղեկատվական հայտնի կայքը:

Դասախոսություններով հագեցած օրերը երբեմն ընդմիջվում են հանգստով` անտառային զբոսանքի և գետերում լողալու տեսքով: Կազմակերպվում են բանավիճային քննարկումներ, որոնց թեմաները առաջադրվում են նախապես, ինչպես նաև հայագիտական վիկտորինաներ, որոնց հարցերի պատասխանները գտնելու համար ուսանողներից պահանջվում է գիտելիքների հնարամիտ համադրություն, հաճախ նաև` հումոր:

Ովքե՞ր կարող են դիմել

Կարող են դիմել այն ուսանողները (ցանկալի է` բարձր կուրսերի) կամ երիտասարդ գիտաշխատողները, որոնք.

  • մասնագիտանում են հայագիտության տարբեր բնագա­վառ­ներում, հատկապես՝ հայոց լեզվի պատմության կամ համեմատական լեզվաբանության մեջ.
  • թեև մասնագիտանում են ոչ թե անմիջաբար հայոց լեզվի պատմության մեջ, այլ` հայագիտության որևէ այլ բնագավառում (հնագույն պատմություն, հնագիտություն, դիցաբանություն, մշակութաբանություն), բայց զգալի կարևորություն են տալիս միջգիտաճյուղային ուսումնասիրություններում համեմատական լեզվաբանության կատարած դերին և ուզում են տարրական հմտություններ ձեռք բերել այդտեղ.
  • հայագիտության մեջ չեն մասնագիտանում, բայց իրենց մոտիվացիայով ու գիտելիքներով արժանի կհամարվեն մասնակցության.
  • լրագրող են ու հաճախ են աշխատում հայագիտությանն առնչվող ասպարեզներում:

Նրանք պետք է պատրաստ լինեն արշավային կյանքի անհարմարություններին, ունենան  մարդամոտ ու կայուն բնավորություն, լինեն ընկերասեր ու վստահելի: Բացի այդ՝ նախապատրաստական փուլերում նրանք պետք է կապի մեջ լինեն կազմակերպիչների հետ (էլեկտրոնային փոստ և ֆեյսբուք) ու կատարեն նախնական աշխատանքները` պարտադիր ընթերցանություն և այլն (տես ստորև):

Այն անձինք, որոնք չեն կարող ընդգրկվել հիմնական խմբում` արշավային կյանքի դժվարություններին պատրաստ չլինելու կամ տեղերի սահմանափակության պատճառով, կարող են ընդունվել որևէ ենթափուլի մասնակցության համար:

Պարտադիր նախապատրաստություն

Ինչպես վերը նշվեց, գիտարշավային դասընթացը պետք է զգալի չափով լինի հետաքրքիր ու ինտերակտիվ և հենվի գործնական աշխատանքների վրա: Բայց որպեսզի նվազեցնենք տարրական հարցերի ամրապնդման համար անհրաժեշտ ժամանակը և առավել հետաքրքիր ու արդյունավետ կերպով օգտագործենք բուն գիտարշավի թանկ ժամանակը, անհրաժեշտ է նախապես ապահովել մասնակիցների հիմնարար պատրաստվածությունը:  Մասնակիցները պետք է ունենան գրաբարի ու հայոց լեզվի պատմության գոնե տարրական իմացություն և հենց հիմիկվանից զբաղվեն իրենց գիտելիքների թարմացմամբ կամ ամրապնդմամբ: Այդ նպատակով նրանք կարող են օգտվել գրաբարի որևէ ձեռնարկից (օրինակ` Ավետիսյան, Ղազարյան, «Գրաբարի ձեռնարկ») և, որ հատկապես կարևոր է, Հրաչ Մարտիրոսյանի կիրակնօրյա առցանց դասընթացից , որտեղ 5 նախագիտելիքներում ու առայժմ 4/5 դասերում լուսաբանվում են հայոց լեզվի հնդեվրոպական ակունքները, ժամանակագրությունը, աղբյուրները, ուսումնասիրության մեթոդաբանությունը և այլն, հանրամատչելի կերպով ներկայացվում են հայերենի պատմական հնչյունաբանությունն ու գրաբարի ձևաբանությունը, տրվում վարժություններ և դրանց պատասխանները` ինքներդ ձեզ ստուգելու համար:

Նախնական պարտադիր ընթերցանություն (կարդալ ամենաքիչը երկու անգամ).

Գ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին» հանրամատչելի գրքույկը (Երևան, «Կանչ», 1992),

● «Սասնա ծռեր» էպոսի համահավաք տեքստը.

● Լոռվա հնգօրյա ենթափուլը հիմնականում նվիրված է լինելու Հ. Թումանյանի 145-ամյակին: Այդ կապակցությամբ ձեզ հենց տեղում` Լոռվա բնաշխարհում, կներկայացվեն Թումանյանի երկերի հենքում ընկած ազգագրական ու բանահյուսական հետաքրքրագույն հարցերի շուրջ դասախոսություններ: Ուստի անհրաժեշտ է, որ նախապես շատ լավ ծանոթ լինեք Թումանյանի բոլոր ստեղծագործություններին:

Մասնակիցների ընտրությունը

Մասնակցել ցանկացողները պետք է հնարավորինս շուտ դիմեն Հրաչ Մարտիրոսյանին (hrch.martirosyan@gmail.com): Նամակում նրանք պետք է ներկայացնեն իրենց կենսագրական տվյալները, մատնանշեն ուսումնական կամ գիտահետազոտական հաստատությունը, որտեղ նրանք սովորում/սովորել կամ աշխատում/ աշխատել են: Ցանկալի է, որ նաևշարադրեն իրենց հայագիտական նախասիրություններն ու հեռանկարները և ՀԳԱԴ-ին մասնակցելու շարժառիթները: Կարող են կցել և CV-ն: Վերջնաժամկետն է հունիսի 20: Պահանջների խստության աստիճանը և վերջնաժամկետի երկարաձգման հնարավորությունը կախված կլինեն մասնակցել ցանկացողների քանակից:  Հիմնական խմբի համար պետք է ընտրվի 27-28 մասնակից: Որոշ մասնակիցներ կարող են ընտրվել որևէ տարածքում անցկացվելիք առանձին ենթափուլի համար:

Հունիսի երկրորդ կեսի ընթացքում կընտրվի մասնակիցների մեծ մասը: Հուլիսի ընթացքում նախապատրաստական աշխատանքները (հիմնականում` հանձնարարված դասանյութի յուրացում և գրականության ընթերցում) կշարունակվեն, ու այդ ընթացքում կընտրվեն մնացած մասնակիցները: Նախապես ընդունված մասնակիցները կարող են զրկվել մասնակցության իրավունքից, եթե հուլիսի ընթացքում նրանք թերանան հետագա նախապատրաստական աշխատանքներից (հարգելի բացառությունները չհաշված):

Ընտրված մասնակիցները պարտավորվում են.

● նախապես հայթայթել ուսապարկ, քնապարկ և տուրիստական ներքնակ կամ երկու տաք ադյալ (փորձը ստիպում է, որ հատուկ ուշադրություն դարձնենք այս կետին).

գիտարշավի ընթացքում.

● բարեխղճորեն ու ակտիվորեն հետևել դասախոսություններին.

● խստիվ պահպանել կարգապահական բոլոր կանոնները (դրանք` ստորև):

Կարգապահական կանոններ

Արշավային դասընթացն անխուսափելիորեն թելադրում է կանոններ` ժամանակին արթնանալ, ժամանակին պառկել քնելու, հիգիենայի հարցերն արագ կազմակերպել և այլն: Գիտարշավի ընթացքում խմբի տրամադրության տակ կլինի ՎՊՄԻ-ի երեսունտեղանոց ավտոբուսը: Սակայն որոշ ճանապարհահատվածներ պետք է անցնենք ոտքով: Հաճախ ճանապարհը կլինի երկար ու քարքարոտ: Գիտարշավի ընթացքում, իհարկե, լինելու է նաև (ակտիվ) հանգիստ` անտառային զբոսանքների ու խնջույքների, գետում լողալու, վիկտորինաների ևն տեսքով: Այդուհանդերձ` սա արշավային դասընթաց է, ուստի չպետք է մոռանալ, որ դրա մեծ մասը զբաղեցնելու են դասերը, և որ հաճախ են լինելու քայլարշավներ և լեռնային վերելքներ: Ուստի պետք է պատրաստ լինել այդ բոլոր դժվարություններին:

Գիտարշավի ամբողջ ընթացքում, բացի հանգստի ժամերից, արգելվում է հեռախոս գործածելը: Պետք է կենտրոնանալ դասանյութն առավելագույն արդյունավետությամբ յուրացնելու, հուշարձաններն ու բնաշխարհը վայելելու և արշավակիցների հետ հաղորդակցվելու վրա:

Գիտարշավի գործունեությունը խոչընդոտող, կարգապահության կանոնները խախտող կամ դասերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերող ամեն մի մասնակից իսկույն դուրս կգա խմբից:

 

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»

Տեղեկատվական աջակից` armscoop.com գիտակրթական ցանց

ՀԳԱԴ-ի հեղինակ և գլխավոր պատասխանատու`

բ.գ.թ. (Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյան

էլ. հասցե՝ hrch.martirosyan@gmail.com(հայտերն ուղարկել այս հասցեին)

հեռ. +31-71-517.6928

ՀԳԱԴ-2014-ի համակազմակերպիչ՝

ԵՊՀ ասպիրանտ Խաչիկ Հարությունյան

էլ. հասցե՝ khachik.har@gmail.com

հեռ. (+374) 93 35-04-38:

[1]Հատուկ շնորհակալություն ՎՊՄԻ-ի ռեկտոր պրոֆ. Գուրգեն Խաչատրյանին:

Նախորդ գիտարշավները (ՀԳԱԴ 2008 և 2011)` 01B_HGAD_2014_1st_circular_2008&2011

01A_HGAD_2014_1st_circular

Leave a Reply