[ARMSCOOP] Վահան Տեր -Մելքոնյան. «Լեզուն նման է ծաղկի, այն անընդհատ պետք է խնամել»

1008729_10151509376213691_209869036_o

Ձեզ ենք ներկայացնում արտասահմանյան բուհերում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդների  հետ մեր հարցազրույցների շարքից հերթականը. մեր զրուցակիցն է Վահան Տեր -Մելքոնյանը: Այլ հարցազրույցները տես այստեղ:

-Ինչու՞ որոշեցիր կրթությունդ շարունակել Գերմանիայում և ինչու՞ մեկ տարի անց վերադարձար:

Նախ ասեմ,  որ մասնագիտությամբ լեզվաբան եմ  և մինչև Գերմանիա մեկնելս, սովորել եմ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Գերմանիայում մինչ այդ մասնակցել էի ամառային դասընթացների և հասկացել, որ  Արևմտյան Եվրոպան լեզու սովորել ցանկացողի համար անգնահատելի արժեք ունի, և  Գերմանիան, որպես բազմազգ երկիր, հնարավորություն կտա սովորելու ու գործածելու տարբեր լեզուներ: Հետևաբար, դիմեցի Այխշտեթի համալսարան՝ միջազգային հարաբերությունների ասպարեզում մասնագիտանալու նպատակով:  Նախքան այդ, Մարբուրգում մասնակցեցի լեզվի երկամսյա դասընթացի, որտեղ տեսա մշակութային այն բազմազանությունը, որ փնտրում էի ու որի կարիքը ունեի: Գալով համալսարան` հասկացա, որ Հայաստանում ստացածս գիտելիքները համադրելի են գիտելիքների այն պաշարի հետ, որը ստանում էի Այխշտեթում: Տարբերությունը այն էր, որ Այխշտեթի իմ լսարանում նստած էին 30 ուսանող, որոնք բոլորը մասնակցում էին դասին, իսկ Բրյուսովում 60 ուսանողից 4-5 հոգի էին մասնակցում դասին:

Այնուամենայնիվ, համալսարանս շատ մեկուսացած քաղաքում էր, որտեղ նոր մարդկանց հանդիպելը գրեթե անհնար էր: Ամիսներ անց ինքս էի բարձրաձայն ինձ հետ խոսում, որ մարդկային ձայն լսեի: Մյուս կողմից էլ դասընթացի շեշտը ամբողջությամբ դրված էր տնտեսագիտության վրա, ինչը ինձ համար օտար էր և անհետաքրքիր: Երեք անգամ հայտ ներկայացրի քաղաքս փոխելու նպատակով և մերժվելուց հետո վերադարձա Հայաստան, ինչի համար չեմ փոշմանում:

1147936_10201445380566704_1953999826_nԱյխշտեթ-Ինգոլշտաթի կաթոլիկ համալսարանը (Katholische Universität Eichstätt-Ingolstadt) հիմնադրվել է 1980թ. որպես գիտական քոլեջ: Ինչպես պնդում են իրենք՝ համալսարանակնները, համալսարանը հավատարիմ է ինչպես գիտական, այնպես էլ կաթոլիկ ավադույթներին: Համալսարանը համագործակցում է 200-ից ավել այլ բարձրագույն կրթական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանի պաշտոնական կայքը՝ www.ku.de:

-Ի՞նչ տվեց քեզ այդ մեկ տարին Գերմանիայում:

Անշուշտ,  շատ բան եմ սովորել: Առաջին հերթին` ինքնուրույն ապրել, ինչը ինձ շատ օգնեց հետագայում բանակում: Ձեռք եմ բերել հաղորդակցման  հմտություններ և բազմամշակութային գիտելիքներ, որոնք գրքերում գտնելը շատ բարդ է կամ անգամ անհնար: Առիթ եմ ունեցել ծանոթանալու և շփվելու պարսիկների և թուրքերի հետ, սովորելու նրանց լեզուն, անմիջական շփում ունենալու նրանց մշակույթի հետ:

 Մեկ այլ բան, որ ինձ հիացրեց Այխշտեթում, գրադարանն էր: Չեմ կարծում, որ նման գրադարան երբևէ էլի կտեսնեմ: Այնտեղ գտել եմ խաչակրաց արշավանքներին վերաբերող հայերեն աղբյուրներ և անգամ՝ հայագիտական գրականություն:

-Գիտեմ, որ պոլիգլոտ ես: Քանի՞ լեզվի ես տիրապետում և ինչպե՞ս ես սովորել դրանք:

Լիարժեք տիրապետում եմ 10 լեզվի`հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն, նորվեգերեն, ադրբեջաներեն, օսմաներեն, իսկ արաբերեն և չինարեն գիտեմ մասամբ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մայրս անգլերենի մասնագետ է և տիրապետում է նաև ռուսերենին և ֆրանսերենին: Մանուկ տարիքից հայերեն, ռուսերեն և  անգլերեն լեզուների իմացությունը զուգահեռ զարգացել է ինձ մոտ` չխանգարելով միմյանց: Լեզվաբանական համալսարան ընդունվելուց հետո սկսեցի ինքնուրույն սովորել գերմաներեն: Վերջինիս նկատմամբ սերը նույնպես մանկուց է գալիս և կապված է իմ ընկերներից մեկի հետ, ով Գերմանիայում էր ապրում: Ամեն անգամ, մեր տուն գալիս, նա գերմանական քաղցրեղեն էր ինձ բերում: Գերմաներենի դեպքում ինձ համար անչափ գրավիչ է նաև նրա արտասանությունը և գերմանալեզու հարուստ գրականությունը: Այնուհետ սովորել եմ թուրքերեն և պարսկերեն, որոնք յուրացնելուն շատ նպաստեց այն  միջավայրը, որտեղ ապրում էի: Հայաստան վերադառնալուց հետո առ այսօր սովորում եմ արաբերեն և նորվեգերեն:

Ապագայում նախատեսում եմ սովորել իսլանդերեն ևս: Այն յուրահատուկ լեզու է բոլոր առումներով: Վերջին 1000 տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, այն կղզիաբնակների լեզու է, որով խոսում է ընդամենը 300.000 մարդ: Իսլանդերենը համամարդկային արժեք ունի, իսլանդացիները  դողում են իրենց լեզվի վրա:

-Ի՞նչ է տալիս քեզ այդքան լեզուների իմացությունը:

Լեզուներ իմանալը եզակի հնարավորություն է ընձեռում բացահայտելու տվյալ երկրի մշակույթը: Կարող ես լսել  նրանց ազգային երաժշտությունը և օպերաները, դիտել ֆիլմերը առանց թարգմանության, կարդալ բազմաժանր և արժեքավոր գրականություն, բացահայտել նրանց բանահյուսությունը, դիցաբանությունը և այդ ամենով՝ ազգի էությունը: Լեզուների իմացությունը բանալի է, որ շատ դռներ է բացում:

-Ի՞նչով ես զբաղվում հիմա և ի՞նչ ծրագրեր կան ապագայի հետ կապված:

Այժմ աշխատում եմ որպես թարգմանիչ՝ ազատ գրաֆիկով, ինչը ինձ հնարավորություն է տալիս սեփական գրաֆիկով առաջնորդվել և շարունակել նոր լեզուների ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, 2 գիրք եմ թարգմանում ֆրանսերենից և գերմաներենից: Առաջինը Ամին Մաալուֆի «Խաչակրաց արշավանքները արաբների աչքերով» գիրքն է, ինչը պատմական  եզակի տվյալներ է պարունակում նաև հայերիս մասին: Երկրորդը «Գերմանական աստվածների և հերոսների պատումներ» գործն է, որը ամուսինների համատեղ աշխատանք է: Ուրախ կլինեմ, եթե թարգմանությունը ավարտելուց հետո հրատարակչությունները  հետաքրքրություն ցուցաբերեն դրանք տպագրելու: Իսկ եթե ոչ, ապա «pdf» տարբերակով կտեղադրեմ համացանցում, այդպիսով հնարավորություն կտամ մարդկանց դրանք կարդալու, քանի որ համացանցում  հայերենով, հատկապես գիտական գրականությունը որոշակիորեն չի բավականացնում: Այսօր գրականություն կարդալու համար անհրաժեշտ է իմանալ ռուսերեն կամ անգլերեն, կամ այլ տարածված լեզու:  Իհարկե, աշխատանքներ տարվում են, սակայն քանի որ դեռևս չեմ հանդիպել գերմանական դիցաբանության մասին հայերեն գրականության, որոշեցի իմ ներդրումը ունենալ հայերենով գերմանագիտության զարգացման մեջ: Տեսականորեն ցանկություն կա նաև դասավանդելու, բայց այս գաղափարը դեռ սաղմնային վիճակում է:

Կցանկանայի նաև գերմանագիտական հետազոտությունների կամ ուսուցման կենտրոն տեսնել Հայաստանում: Գուցե և ապագայում ինքս ձեռնարկեմ: Այնուամենայնիվ, դեռ հստակ ծրագրեր չունեմ:

Այժմ ունեմ  փոքր խումբ, որտեղ ընդգրկված անձանց անվճար սովորեցնում եմ գերմաներեն: «Աշակերտներիս» ինքս եմ ընտրել` ընդգրկելով այնպիսի մարդկանց, ովքեր իրոք ոգևորված ուզում են սովորել գերմաներեն: Եթե խումբը լիներ վճարովի, ապա հնարավորություն չէի ունենա ինքս ընտրելու աշակերտներիս:

-Ասում են՝ երկու-երեք լեզու իմանալուց հետո նոր լեզու սովորելը շատ ավելի հեշտ է: Համաձա՞յն ես սրա հետ:

Լեզուների թվի աճին զուգընթաց, սովորելը և´ հեշտանում է, և´ դժվարանում: Անշուշտ ընթացքում մշակվում են մեխանիզմենր, որոնք օգնում են նոր լեզուն առավել արագ սովորել: Սակայն, մյուս կողմից էլ, լեզուն ծաղկի է նման: Այն անընդհատ պետք է խնամել: Եթե գիտես 4 լեզու և սովորում ես 5-րդը, ապա պետք է «ջրել» այդ 4-ը և նաև սովորել 5-րդը:

Հարցազրույցը վարեց Շուշան Մարգարյանը:

Leave a Reply

Your email address will not be published.