Սամսոն Ավետյան․ Հարվարդից Հայաստան՝ գիտելիքներով զինված

999152_523597944355769_1734574957_nArmScoop-ը սկսում է հարցազրույցների շարք արտասահմանյան բուհերում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդների  հետ: Առաջին հյուրը Սամսոն Ավետյանն է:

Սամսոն Ավետյանը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Arrow Global ներդրումային ընկերության  հիմնադիրն  ու  ղեկավարը, ներկայում ՀՀ-ում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի նախագահն է: Նա նաև «A Insights» կայքի հիմնադիրն է:

Ինչպե՞ս առաջացավ տնտեսագիտական վերլուծություններ ներկայացնող կայքի`«A Insights»-ի ստեղծման գաղափարը:

-Կայքի ստեղծումն ուներ երկու նպատակ: Առաջինը ներդրումային կազմակերպությունում կատարված վերլուծությունների և ուսումնասիրությունների լուսաբանումն է: Այն որոշ առումով նաև մարքեթինգային գործիք է « Arrow Global Ltd»-ի համար: Իսկ երկրորդ նպատակը ՀՀ տնտեսության մասին խորը և արժեքավոր վերլուծությունների ներկայացումն է: Ես, լինելով տնտեսագետ, նման տեղեկատվություն ստանալու պահանջ ունեի, սակայն այն կա՛մ բացակայում էր, կա՛մ անորակ էր: Ներկայում էլ, առկա նյութերը հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են և հաճախ անհամեմատելի արևմտյան թերթերի և ամսագրերի կողմից ներկայացվողների հետ: Մինչդեռ, ըստ իս, անչափ կարևոր է իմանալ ՀՀ տնտեսության մասին: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսության (որը մաս էր կազմում ԽՍՀՄ տնտեսության) վերաբերյալ իրազեկումը կրում էր գլխավորապես գաղափարական շեշտադրումներ: Իսկ այսօր, երբ հզոր տնտեսություն ունենալը մեր անկախ երկրի ապահովութան և անվտանգության կարևորագույն նախադրյալներից է, կարծում եմ՝ տնտեսության վիճակի մասին համարժեք տեղեկատվությունը ևս շատ կարևոր է:

Ինչպե՞ս եք պատկերացնում կայքի զարգացումը:

-Դեռևս այդ մասին չեմ մտածում: Իհարկե, կցանկանայի, որ այն ավելի հասանելի լիներ, սակայն կայքը դեռևս կես տարի է, ինչ գործում է, և ես չեմ ցանկանում շատ առաջ նայել: Բայց մի բան նկատելի է. երբ որ հրապարակվում է Հայաստանի տնտեսության մասին հոդված, որը տեխնիկական առումով այնքան էլ հագեցած չէ, ապա այցելությունների թիվը կտրուկ աճում է :

Ի՞նչ խնդիրներ եք այսօր տեսնում ՀՀում տնտեսագիտական կրթության ոլորտում և արդյոք փորձու՞մ եք դրսում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ՀՀում տնտեսագիտական կրթության զարգացմանը:

-Ես երբեմն դասախոսություններ եմ ունենում բուհերում, առավել հաճախ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և ուրախությամբ կարող եմ ասել, որ նշանակալիորեն դրական փոփոխություն կա: Տարիներ առաջ իմ արտահայտած մտքերը ոչ ավանդական էին համարվում, իսկ այսօր պատկերը փոխվել է:  Մենք անցում ենք կատարել կապիտալիստական համակարգի ու այսօր մեզ, իրոք, անհրաժեշտ են լավ տնտեսագետներ ու ձեռներեցներ:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում տնտեսագիտության զարգացմանը նպաստելուն, դա դեռևս իրականացնում ենք Հարվարդի շրջանավարտների ակումբի միջոցով` հրավիրելով դասախոսների և գործարարների՝ կազմակերպելով տարբեր թեմաներով քննարկումներ:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր երիտասարդները ունեն մեծ պոտենցիալ: Մենք շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք: Ես ողջունում եմ այն ուսանողներին, որոնք ցանկանում եմ ստանալ բարձրակարգ կրթություն և դա ծառայացնել երկրի շահերին. վերջին հանգամանքը շատ էր կարևորվում նաև Հարվարդում:

Զրույցի վերջում Ս. Ավետյանը հավելեց, որ թեև ՀՀ տնտեսությունը զարգացնելը հեշտ չէ, սակայն եթե կա խնդիր՝ կա նաև լուծում: Եվ այս դեպքում լուծմանը մեծապես կնպաստի միջազգային փորձի ուսումնասիրումը և կիրառումը, ինչպես նաև՝ բարեփոխումների դեպքում հետևողականությունը:

Հարցազրույցը վարեց Շուշան Մարգարյանը:

One thought on “Սամսոն Ավետյան․ Հարվարդից Հայաստան՝ գիտելիքներով զինված

Leave a Reply

Your email address will not be published.