ARMSCOOP գիտական ցանցի համահեղինակ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցը 168.am-ին

Բոլորը պետք է զբաղվեն այն գործով, որին լավագույնս են տիրապետում

168.am-ի զրուցակիցը Արմեն Մարտիրոսյանն է, ով Հայկական գիտական համագործակցություն ARMSCOOP գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատորն է: Նա եւ իր երկու ընկերները գիտական ուղղվածություն ունեցող ցանցը ստեղծել են մեկ ու կես տարի առաջ: Ներկայումս գիտական ցանցն ունի մոտ 3000 ակտիվ հետեւորդ: Ցանցի նպատակներից է  պարբերաբար տեղեկություններ տրամադրել արտասահմանում ուսանելու հնարավարությունների, կրթաթոշակների, դրամաշնորհային ծրագրերի և գիտաժողովների մասին, տեղեկացնել՝ անգամ այն մասին, թե ինչպես պետք է կազմել մոտիվացիոն նամակները, CV-ները և այլն:

Գիտական ցանցում այսօր կարելի է գտնել թվայնացված գրականություն՝ տարբեր հայագիտական բառարաններ, գիտական հոդվածներ, մի խոսքով՝ ցանցից կարելի է ներբեռնել արժեքավոր գիտական գրականություն:

Գիտական ցանցի համահիմնադիրները Հայաստանում տեղի ունեցող միջազգային գիտական ծրագրերի մասին պարբերաբար հրապարակումներ են կատարում միջազգային ամենամեծ գիտական ցանցերում, ինչպիսիք են` https://www.h-net.org/http://www.eastchance.com/index.asp,http://scholarship-positions.com/ և այլն:

– Ինչպե՞ս որոշեցինք գիտական ցանց ստեղծել: Ինչո՞ւ հենց հումանիտար և հասարակագիտական ուղղվածության ցանց ստեղծեցիք:

Մինչ ցանցի ստեղծումը մենք որոշ ուսումնասիրություններ կատարեցինք եւ հասկացանք,որ  հայաստանյան գիտական ցանցերը շատ քիչ են կամ գրեթե չկան, եւ որոշեցինք նման կայք ստեղծել: Ի սկզբանե որոշվել էր, որ այլ ուղղվածությունն պետք է ունենա՝ ֆիզիկա, աստղագիտություն եւ այլն, քանի որ ընկերներիցս մեկը, ով նաեւ ARMSCOOP-ի  համահիմնադիրն է, այդ ուղղության լուրջ մասնագետ է, սակայն հետո հասկացանք, որ նման ուղղությունները այս կամ այն կերպ զարգացած են եւ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել հումանիտար-հասարակագիտական ուղղվածությանը եւ գնացինք հենց այդ ուղղությամբ: Կայքի գործունեության նպատակն էր հանրությանը ներկայացնել գիտական հոդվածներ, որոնք, սակայն, մինեւնույն ժամանակ հանրությանը մատչելի կլինեին՝ մենագրություններ,  հայագիտական ամենատարբեր կարեւոր աշխատություններ: Սկզբնական շրջանում ուղղվածությունը այդպիսին էր, հետագայում արդեն ցանցում տեղ գտան դրամաշնորհային և կրթաթոշակային տարբեր ծրագրերի, գիտաժողովների մասին հայտարարություններ: Գիտական ցանցի գործունեության մեկ ու կես տարիների ընթացքում բավականին թվով մարդիկ են մեր միջոցով տեղեկացել նման ծրագրերի մասին և նրանց մի մասն իրենց ուսումը շարունակել է աշխարհի առաջատար համալսարաններում կամ մասնակցել տարբեր գիտաժողովներին:

– Երբեմն նման տեղեկատվությունը դրականիսկ մյուս կողմից գուցե բացասակա՞նազդեցություն է ունենում:  Խոսքն այն մասին էոր հաճախ նման ծրագրերովՀայաստանից մեկնելիս շատերը հետ չեն վերադառնումեւ անգամ իրենցընտանիքներով են տեղափոխվում արտերկիրԴուք ունե՞ք որեւէ վիճակագրություն այսմասին:

– Հստակ վիճակագրություն, ցավոք, դեռևս չունենք, թե նրանցից քանիսն են վերադառնում Հայաստան, սական տեղեկություններ ունենք, որ նրանց մեծ մասն ամեն դեպքում վերադառնում է,  դա շատ դեպքերում կապված է նրա հետ, որ այդ անձինք ցանկանում են ստացած գիտելիքները ծառայեցնել հայրենիքի գիտության զարգացմանը, կան դեպքեր, երբ նրանք ամենատարբեր պատճառներով ուղղակի հնարավորություն չեն ունենում շարունակել բնակվել և աշխատել այդ երկրներում և ամեն դեպքում ստիպված են լինում վերադառնալ Հայաստան, իսկ հետ չվերադարձածների մի մասն էլ փորձում է այնտեղից նպաստել Հայաստանի գիտության զարգացմանը, իհարկե կան նաև այնպիսիք, որոնք ամեն կապը խզում են Հայաստանի հետ, իհարկե սա վատագույն տարբերակն է, սակայն ամեն դեպքում նրանց իրավունքն է այդպես վարվել:

Շատ դեպքերում մեր պաշտոնյաները, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս կոչ են արել, որպեսզի արտասահմանյան տարբեր համալսարաններում գիտական գործունեություն ծավալող գիտնականները վերադառնան Հայաստան և այստեղ շարունակեն իրենց գործունեությունը, սակայն նման կոչերով դիմել և առաջարկել վերադառնալ հայրենիք և վերջինիս համար նորմալ պայմաններ չստեղծել, այլ միայն փորձել որգևորել հայրենասիրական գաղափարներով, կարծում եմ՝ անընդունելի է:  Ես ընկերներ ու մտերիմներ ունեմ, որոնք սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը և շարունակում են իրենց գիտական գործունեությունը ծավալել այնտեղ, վերջինիս համար նրանք ունեն հիանալի հնարավորություններ և այդ համալսարաններից լուրջ միջոցներ են ստանում իրենց գիտական ծրագրերն իրականացնելու համար, վստահորեն կարող եմ ասել, որ այդ երիտասարդներին փայլուն ապագա է սպասվում, և նրանք ամեն ինչով փորձում են այնտեղից աջակցել Հայաստանի գիտության զարգացմանը և ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ նրանք վերադառնան Հայաստան և այստեղի շատ սուղ պայմաններում փորձեն գիտությամբ զբաղվել, ստանալ չնչին աշխատավարձ և ստիպված լինեն իրենց կարևոր գիտական գործունեությունը մասամբ մի կողմ դնել և փորձել օրվա հացի խնդիրը լուծել, այն դեպքում, երբ նրանք արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում կարող էին զբաղվել միայն գիտական գործունեությամբ և բավականին ապահովված լինել, դրա հետ մեկտեղ ավելի մեծ նպաստ կբերեին Հայաստանի գիտության զարգացմանը: Իհարկե կատարյալ տարբերակ կլինի, եթե այդ գիտնականները արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում իրենց գործունեությունը ծավալելուն զատ, պարբերաբար գան Հայաստան և փորձեն հենց դասախոսություններ կարդալ՝ փոխանցելով ստացած գիտալիքները, համագործակցություն հաստատեն տեղի գիտնականների հետ և փորձեն նրանց ներգրավել միջազգային գիտական ծրագրերի մեջ և այլն, նշեմ, որ մի շարք գիտնականներ հենց այսպես էլ վարվում են։

– Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում գիտության խնդիրների մասին, խնդիրներից  որո՞նք կառանձնացնեիք:

– Գիտության խնդիրների մասին այնքան է խոսվել, որ եթե որեւէ բան ասեմ, ապա իմ ասածը արդեն մոտ 100 անգամ ասված պետք է լինի: Ամենակարևորներից, թերևս, կնշեմ սոցիալական անապահովվածության խնդիրը և պետության՝ գիտության նկատմամբ շատ տեղերում անտարբեր վերաբերմունքը: Այսօր գիտնականը չի ստանում բավարար աշխատավարձ, որպեսզի կարողանա ապահովվել իր եւ իր ընտանիքի գոնե նվազագույն կարիքները, որպեսզի ինքը կարողանա հանգիստ խղճով գիտությամբ զբաղվել: Մի շարք պաշտոնյաներ վստահեցնում են, որ դա էդպես չէ, քանի որ գիտնականները միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերի են դիմում, ստանում են որոշակի ֆինանսավորում, այո, իհարկե դա բացառված չէ, եւ շատ ֆիզիկոսներ, քիմիկոսներ եւ այլ ոլորտի գիտնականներ, տարբեր դրամաշնորհային ծրագրերի մեջ են ներառված եւ բավականին նորմալ աշխատավարձ են ստանում՝ 200-400 հազ. դրամ և գուցե նաեւ ավել, սակայն դա չի հիմնավորում պետության կողմից վարվող ոչ ճիշտ քաղաքականությունը, քանի որ ներկայումս մեր երկրում կան գիտանակններ, ովքեր մոտ 40 հազ. դրամ աշխատավարձ են ստանում, այն դեպքում, երբ մեր ակադեմիկոսները բավականին լուրջ գումարներ են ստանում, սակայն հայտնի է, որ նրանց ճնշող մեծամասնությունը ակտիվ գիտական գործունեությամբ արդեն վաղուցվանից չի զբաղվում:

Մի բան հստակ է, գիտությունը տնտեսության և դրա արդյունքում պետության զարգացման հիմքն է հանդիսանում, եւ եթե մենք իսկապես լուրջ ուշադրություն չդարձնենք գիտությանը եւ շարունակենք անտարբեր մնալ երիտասարդ գիտանակնների անվերադարձ արտագաղթին, մենք 5-10 տարիների ընթացքում շատ լուրջ խնդիրների առջև կկանգնենք,  գուցե նաեւ ավելի շուտ.  վերջինս մեծապես կխոչընդոտի տնտեսության զարգացմանը:

Կպատմե՞ք ձեր կայքի հաջողությունների մասինի՞նչն եք համարում ձեր գլխավոր ձեռքբերումը:

– Մենք գիտական ցանցի շնորհիվ ոչ միայն տեղեկացում ենք արժեքավոր գիտական նորությունների, հայտարարությունների, թվայնացված գիտական գրականության մասին, այլ նաև ցանցի շնորհիվ փորձում ենք տարբեր ոլորտների լուրջ գիտնականների օգնությամբ պայքար տանել հակագիտական տեսությունների դեմ, որոնք, ցավոք, երբեմն ներկայացվում են որպես գիտական իրողություն: ARMSCOOP-ի համահեղինակներն այն կարծիքին են, որ ֆիզիկոսը պետք է զբաղվի ֆիզիկայով, այլ ոչ թե հնագիտությամբ կամ պատմությամբ, կենսաբանը՝ կենսաբանությամբ, մաթեմատիկոսը՝ մաթեմատիկայով և ոչ թե լեզվաբանությամբ և այսպես շարունակ, այսինքն՝ բոլորը պետք է զբաղվեն այն գործով, որին լավագույնս են տիրապետում, պրակտիկան ցույց է տալիս, որ նման գիտնականները, մուտք գործելով նշված ասպարեզներ, ավերածություններ են գործում, իրենց՝ այսպես կոչված «հայրենասիրական» տեսություններով շատ երիտասարդների են հրապուրում, և վերջիններիս կուրորեն հետևում են նրանց, վերջինս բավականին վտանգավոր է: Այս պարագայում մենք ինքներս մեզ ենք վնասում և մեծապես խորընդոտում գիտության բնականոն զարգացմանը։ Իհարկե խոսքը միայն հիմնարար գիտությունների ներկայացուցիչների մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են ոչ իրենց մասնագիտական գործունեությամբ՝ չտիրապետելով այդ ոլորտի մեթոդաբանությանը, նրբություններին և այլն։ Օրինակ՝ «գիտնական»-ը կարող է «վերլուծություններ» կատարել լեզվաբանության ասպարեզում, տեսություններ առաջ քաշել, այն դեպքում, երբ չի տիրապետում անգամ գիտական հասարակ մեթոդաբանությանը, կատարում է նկատառումներ, որոնց հիմնավորման համար առնվազն պետք է լավ տիրապետել հնդեվրոպաբանությանն ու գրաբարին, սակայն նա անգամ տեղյակ չէ վերջիններիս ամենահասարակ կանոնների մասին։ Ի՞նչ ասել այն գիտնականներին, որոնց տեսությունների համաձայն մենք աշխարհի առաջին ազգն ենք, ունենք մի քանի տասնյակ հազար տարվա պատմություն, որ Քրիստոսի մայրը հայ է եղել, որ մենք ենք կառուցել եգիպտական բուրգերը և այսպես շարունակ, կարծում եմ՝ նորմալ գիտնականներն ու քիչ թե շատ տրամաբանող անձինք այս տեսություններին դժվար՝ լուրջ վերաբերվեն, անգամ կծիծաղեն դրանց վրա. ցավով պետք է նշել, որ նման հակագիտական տեսություններով մենք միայն ադրբեջանցիների ջրաղացին ենք ջուր լցնում ու նման գործելաոճով կարծես՝ նրանցից շատ բաներով չենք տարբերվում, ընդհանուր առմամբ կարելի էր այդ տեսություններին շատ լուրջ չվերաբերվել, աչք փակել դրանց վրա, կարծելով, որ դրանք երկար կյանք ունենալ չեն կարող, սակայն ցավոք դրանք շատ դեպքերում մեծ տարածում են գտնում, որոշ դեպքերում անգամ մտնում են դասագրքերի մեջ, որոշ ակադեմիական հաստատություններ էլ իրենց հովանու ներքո նման բովանդակությամբ աշխատանքներ են հրատարակում ու այս ամենից հետո ոլորտի կոմպետենտ գիտնականները ստիպված են լինում իրենց գիտական լուրջ գործունեությունը մի պահ մի կողմ դնել ու զբաղվել այդ հակագիտական տեսությունների ոչնչացմամբ, իսկ մեր նախաձեռնությունը հարթակ է հանդիսանում նման գիտնականների համար, որպեսզի իրենց նկատառումներն ու հակափաստարկները ներկայացնեն հասարակական լայն զանգվածներին և հուրախություն մեզ այս ոլորտում զգալի արդյունքներ արդեն իսկ գրանցել ենք։ Ընդհանրացնելով վերոհիշյալը՝ պետք է նշել, որ հայ ազգը փառահեղ պատմություն է ունեցել, հարուստ մշակույթ, գիտական մեծ ձեռքբերումներ, մենք սրանք պետք է արժևորենք, հպարտանանք սրանցով, մենք կեղծ, հակագիտական տեսություններ առաջ քաշելու կարիք ամենևին չունենք, հակառակ դեպքում, ինչպես արդեն վերը նշեցի, ոչնչով չենք տարբերվի մեր թշնամուց։

Ինչպես նշեցիքՁեր կայքում հրապարակվել են  հայագիտական արժեքավորգրականությունկթվարկե՞ք դրանցից ամենակարևորները։

Գիտական ցանցը հրապարակել է հայագիտական մի շարք կարևոր աշխատանքների էլեկտրոնային տարբերակները, որոնք համացանցում հանդիսացել են սկզբնաղբյուրներ, դրանցից հիշատակության արժանի են՝ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան», Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին», Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան», Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» , Գ. Ջահուկյանի «Զրույցներ հայոց լեզվի մասին», «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարան, Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատանք և այլ արժեքավոր գրականություն:

Վերջերս գիտական ցանցի կայքում հրապարակվեց «Պատմաբանասիրական» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների համարների էլեկտրոնային տարբարեկները, որոնք թվայնացվել են ՀՀ ԳԱԱ-ի կողմից, այդ հրապարակումները նույնպես մեծ արձագանք գտան: Թեեւ վերջիններս վաղուցվանից են թվայնացված, սակայն մինչ այսօր դրանց գոյության մասին ոլորտի մասնագետների մի մեծ մասն անգամ չգիտեր, մեզ շնորհակալություն էին հայտնում այդ աշխատանքները հրապարակելու ու դրանք ավելի հասանելի դարձնելու համար: Պետք է նշեմ, որ ներկայումս, շատ գիտնականներ հսկայական թվային գրականություն ունեն, սակայն ոչ բոլորն են պատրաստ տրամադրել այդ աշխատանքները, որպեսզի հարսարակությանն ավելի հասանելի դարձնենք, ինչևէ, թեպետ ինձ համար դա անհասականալի է, բայց ամեն դեպքում իրենց իրավունքն է։

– Եթե չեմ սխալվում գիտական ցանցը աջակցում է նաեւ Հայաստանում գիտաժողովների անցկացմանը: Կպատմե՞ք այդ մասին:  

– Այո, մեր գիտական ցանցը նման գործունեություն նույնպես ծավալում է, օրինակ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված վերջին միջազգային գիտաժողովներից մեկի տեղեկատվական աջակիցը մենք էինք: Գիտաժողովի մասին համապատասխան տեղեկատվությունը հրապարակում ենք մեզ մոտ և տարածում ենք ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային տարբեր խոշոր գիտական ցանցերով, այսինքն՝ հրապարակելով այնտեղ մենք ավելի ճանաչելի ենք դարձնում եւ Հայաստանը, եւ տվյալ գիտական կենտրոնը: Շատերը չգիտեն անգամ Հայաստանի գոյության մասին, իսկ նման միջազգային գիտաժողովների անցկացումը ճանաչելի է դարձնում մեր երկիրը միջազգային գիտական հանրության շրջանակներում:  Տարբեր դեպքեր են եղել, որ մեր ցանցերի միջոցով գիտաժողովի կազմակերպիչների հետ կապվել են աշխարհի առաջատար համալսարաններից, ինչպիսիք Քեմբրիջն ու Հարվարդն են, դիմել են որոշակի համագործակցության առաջարկներով։

Որքա՞ն ակտիվ հետևորդ ունի գիտական ցանցը։

ARMSCOOP-ի պարագայում մենք ունենք մոտ 3000 ակտիվ հետեւորդ, միայն կայք օրական այցելում են ամենաքիչը 400-500 հոգի, ինչը գիտական կայքի համար լավ ցուցանիշ է: Հարկ եղած դեպքում, տեղեկությունը կարող ենք հասցնել տաս հազարից ավել անձանց՝ հիմնականում թիրախայի լսարանի։ Մեր լսարանը, համեմատած այլ կայքերի ու ցանցերի այցելուների հետ, մի քիչ տարբերվող է, մեր հրապարակումներին պարբերաբար հետևում են անձինք, ովքեր իսկապես հետաքրքրված են գիտությամբ ու կրթությամբ, պատահական այցելուներ շատ քիչ են լինում:

Սկզբնաղբյուրը՝ http://168.am/2012/08/25/119335.html