Aug 182011
 

Հեղինակ` ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության մագիստրատուրայի բաժնի 2 կուրսի ուսանող Խորեն Գրիգորյան 

Գիտական ղեկավար` պ.գ.թ., դոցենտ Մ. Գաբրիելյան

Սիւնի վանք որոյ եկեղեցին չքնաղ և նորակերտ ձևով կանգնեալ գնբեթայարկ խորան երկնանման ի մեծ բարեպաշտուհւոյն Վարազդխտոյ`Սիւնեաց տիկնոջէ յառաջ քան զհայ թուականն, յանուն սրբոյ Լուսավորչին: Եվ առաջև վանացն ի մէջ քաղցրահայեաց մէյդանին դնեն իշխանքն տուն արքունի և ապարանք իշխանանիստ, և յամենայն աւուր ասեն գային ի ժամ պատարագին…»:[1]

Ահա Սյունի վանքի վերաբերյալ մեզ հայտնի ամենահին հիշատակությունը, որը պատկանում է Ստեփանոս Օրբելյանի գրչին:

Սյունի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հյուսիսարևմտյան մասում: Սիսիանը վաղ միջնադարում բերդավան էր ու կրում էր «Սյունիք» անունը:[2] Սյունիք ավանը նշված է «Աշխարհացոյց»-ում:[3] Այս փաստը և այն, որ չորրորդ դարի Սյունիքի աշխարհիկ և հոգևոր կենտրոն Շաղատ ավանի կամ Ծղուկքի այլ բնակավայրի անվան բացակայությունը «Աշխարհացոյց»-ում ցույց են տալիս, որ Սյունիքի իշխանանիստ և եպիսկոպոսանիստ կենտրոնը Շաղատից տեղափոխվել է Սյունիք ավան:[4]

Ըստ Թաթուլ Սյունու` Սյունիք ավանը Սյունիքի իշխանանիստ և եպիսկոպոսանիստ կենտրոնն է դարձել 4-րդ դարի վերջերին` 364-368թթ. հայ-պարսկական քառամյա պատերազմի ժամանակ պարսից արքա Շապուհ 2-րդի զորքերի կողմից Սյունիքի աշխարհիկ և հոգևոր կենտրոն Շաղատ ավանի և Շաղատի վանքի ավերումից հետո:[5]

Իհարկե, այս կարծիքը հաստատվում է Ստ. Օրբելյանի հաղորդած հետևյալ տեղեկություններով: Ըստ Օրբելյանի` պարսկական զորքերը, հասնելով Սյունյաց աշխարհ, ամեն ինչ ավերված են գտնում:[6] Ավերվելուց հետո Շաղատը դադարել է Սյունիքի աշխարհիկ և հոգևոր կենտրոնը լինելուց, իսկ Շաղատ ավանը տեղի եպիսկոպոսանիստ Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցիով հանդերձ Բաբիկ Սյունին (378-399թթ.) հանձնել է քրիստոնեացած պարսիկ զորապետ Գազանին:[7]

Իսկ այն, որ աշխարհիկ և հոգևոր կենտրոնը տեղափոխվել է Սյունիք ավան, կան մի քանի հստակ փաստեր: Նախ այն, որ Ստ. Օրբելյանը նշում է. «… եւ առաջև վանացն ի մէջ քաղցրահայեաց մեյդանին դնեն իշխանքն տուն արքունի և ապարանք իշխանանիստ, և յամենայն աւուր ասեն գային ի ժամ պատարագին…» ցույց է տալիս Սյունի վանքի իշխանանիստ տաճար լինելու հանգամանքը:[8] Նույն Ստ. Օրբելյանի տեղեկության համաձայն` Սյունիքի եպիսկոպոսանիստ Աթոռը Տաթև է տեղափոխվել Սյունիք ավանից, որտեղ «Սյունիք»-ը որպես տեղանուն է նշված:[9]

Այսպիսով, 4-րդ դարի վերջին` Բաբիկ Սյունու օրոք, ավերված Շաղատի վանքից Սյունյաց եպիսկոպոսական Աթոռը տեղափոխվել է Սյունի վանք:

Սյունի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարը հիմնվել է հնագույն հեթանոսական տաճարի տեղում: Այդ մասին փաստում է 1988թ. տաճարի բարեկարգման և սալահատակման աշխատանքների ժամանակ տաճարի արևմտյան մուտքի մոտ` հիմքի մակերևույթից մոտ 1 մ խորության վրա պատահաբար հայտնաբերված հեթանոսական զոհարանը (բագին):[10] Զոհարանն այժմ մնում է սալահատակի տակ ու կարիք ունի գիտական ուսումնասիրության: Այս փաստը վկայում է այն մասին, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղը, իսկ այն, որ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, դարձյալ վկայում է Ստ. Օրբելյանը. «… այնուհետև Սյունյաց իշխանը, արքայից թույլտվություն ստանալով, Սուրբ Գրիգորից վարդապետներ և ուսուցիչներ է խնդրում, որպեսզի իր աշխարհեն քարոզի քրիստոսյան Ավետարանը ու կործանի կուռքերի բագինները… », ապա շարունակելով այս խոսքը. «… ու իր ամբողջ աշխարհը քրստոնյա դարձրեց, բագինների տեղերն էլ հատկացրեց եկեղեցիների ու աղոթատների շինությանը»:[11]

Անշուշտ, Սյունի վանքի վաղ քրիստոնյա եկեղեցին դժվար է ասել, թե ինչ ոճ է ունեցել, իսկ հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը: 15-րդ դարից սկսած, ելնելով այն հանգամանքից, որ Սյունիքի հայկական իշխանությունը կորցրեց տիրապետությունը` տեղը զիջելով թյուրքալեզու քոչվոր ցեղերի տիրապետությանը` գավառի հայկական տեղանունները սկսեցին փոխարինվել օտարահունչ անուններով: Դրանից ելնելով էլ` մոռացության է տրվել վանքի «Սյունի» և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» անունները: Իսկ վանքի մոտ գտնվող հայաբնակ գյուղը կոչվել է «Ղարաքիլիսա»: Այն, որ այս գյուղի բնակիչները Սյունի վանքը կոչել են «Ս. Հովհաննես», վկայում է Ղևոնդ Ալիշանը իր «Սիսական» երկում. «Գեօղ մեծ է և Գարագիլիս է (Սեաւ եկեղեցի), այսպէս կոչեցեալ վասն գունոյ քարանց հին եկեղեցւոյն…: Եկեղեցին յանուն Ս. Յովհաննու, հին է…»:[12]

1897թ. Երվանդ Լալայանը, այցելելով Ղարաքիլիսա, նկարագրել է գյուղն ու «Սուրբ Հովհաննես» եկեղեցին:[13]

1935թ. Ղարաքիլիսան վերանվանվել է Սիսավան և այդ անունը կրել միայն 5 տարի` այնուհետև անվանվելով Սիսիան:

Ինչ վերաբերում է Ղևոնդ Ալիշանի վկայությանը, ապա պետք է նշել, որ նա չգիտեր Սյունի վանքի գտնվելու վայրը և ենթադրում էր, որ այն կառուցված է եղել Սյունիքի երբեմնի աշխարհիկ և հոգևոր կենտրոն Շաղատում, և հենց Շաղատի վանքն է:[14] Այդ ենթադրության սխալ լինելու մասին նշում է Թ. Խ. Հակոբյանը իր «Սյունիքի թագավորություն»-ում, որտեղ նշում է նաև վանքի` 7-րդ դարում կառուցվելու մասին:[15] Ստ. Օրբելյանի պատմության թարգմանությունը կատարած Ա. Աբրահամյանը ծանոթագրության մեջ ևս նշում է Ղ. Ալիշանի այս ենթադրության սխալ լինելու մասին, սակայն նա, Սյունի վանքի տաճարը տեղադրելով Սիսիանում, փաստում է, որ այն այժմ էլ կա և գտնվում է ավերված վիճակում:[16] Նշենք, որ Սյունի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը երբեք չի ավերվել: Փլվել է վեղարը, թմբուկի մի փոքր մասը, ընկել են քիվաքարերը, տանիքի սալերը և այլն: Սյունիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը հիմնական վերանորոգման է ենթարկվել 1959-1960թթ. ընթացքում:[17] Շրջապատը հողաշերտից ազատվել և սալահատակվել է, ինչպես նաև մայթեզրով ճանապարհ է կառուցվել դեպի տաճարը 1980-1988թթ.:[18]

Սյունի վանքի գիտական ուսումնասիրությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Առավել հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Ս. Բարխուդարյանը 1960թ. հրատարակված «Դիվան հայ վիմագրության» երկրորդ պրակում: Նախ և առաջ, նրա շնորհիվ հաստատվեցին վաղուց մոռացված վանքի «Սյունի» և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» անունները: Ապա վիմագրերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ վիմագրերից 11-ը պատկանում են 6-րդ դարին:[19]

Անդրադառնալով Ստ. Օրբելյանին` Ս. Բարխուդարյանը նշում է. «Պատմագրի այն խոսքերը, որ եկեղեցին շինվել է «յառաջ քան զհայ թուականն» իհարկե չեն վերաբերում ներկայումս կանգուն շենքին: Այդ հնագույնը կարող էր լինել բազիլիկ շենք. ժողովրդի մեջ մնացած հիշողության հիման վրա Օրբելյանը այդ խոսքերով նրա հիմնադրման հնությունն է միայն շեշտում: Ներկա կենտրոնագմբեթ շենքը իր ճարտարապետական առանձնահատկություններով վերաբերում է այդ տիպի վաղագույն հուշարձանների խմբին և, ամենայն հավանականությամբ, 6-րդ դարի վերջերի գործ է»:[20]

Ս. Մնացականյանը 2 հոդվածներով ևս անդրադարձել է Սյունի վանքի տաճարի կառուցման ժամանակի խնդրին:[21]

Նախ նշենք, որ տաճարը նրա մոտ նշվում է «Սիսավան» անվամբ և հիշենք` Սիսավան անունը Սիսիան քաղաքը կրել է ընդանենը 5 տարի` 1935-1940թթ.: Անդրադառնալով Մնացականյանի առաջին հոդվածին` նշենք, որ այնտեղ բերված տվյալները կառուցման ժամանակի վերաբերյալ ավելի հավանական են տաճարի վերանորոգման առումով: Այստեղ Մնացականյանը տաճարի կառուցման ժամանակը հասցնում է 7-րդ դար: Իսկ երկրորդ հոդվածում Ս. Մնացականյանը նշում է, որ տաճարի կառուցումը կարող է 6-րդ կամ 7-րդ դարին պատկանել:[22]

Տաճարի թվագրմանը զգալի չափով նպաստում են պատերին եղած տաճարը կառուցող վարպետների նշանները: Այս նշաններից ոմանք հանդիպում են Պտղնիի, Դվինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցիների վրա: Կարելի է ենթադրել, որ այս 4 տաճարների շինարարությանը մասնակցել են միևնույն վարպետները: Դրանով իսկ վարպետների նշանները ցույց են տալիս, որ Սյունի վանքի եկեղեցու կառուցման հավանական ժամանակահատվածը ընդգրկում է 6-րդ դարի երկրորդ կեսը և 7-րդ դարի առաջին քառորդը:[23]

Այսպիսով, Սյունի վանքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցումը հանդիսանում էր գիտության և արվեստի ոլորտներում կուտակած դարավոր փորձի արդյունքը, 4-6-րդ դդ. Սյունիքում խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների շինության ավանդույթի զարգացման դրսևորումը:

Եկեղեցին սկսել է մշտապես գործել 1979թ.-ից: Այժմ եկեղեցու բակում գտնվում է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը, իսկ արևելյան լանջին արցախյան հերոսամարտի տարիներին զոհված սիսիանցի ազատամարտիկների պանթեոնն է:

Օգտագործված գրականության ցանկ

1.Աբրահամյան Ա., Ստեփանոս Օրբելյան Սյունիքի պատմություն, Երևան, 1986թ

2.Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1983թ.

3.Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Երևան, 1960թ.

4.Դավթյան Շ., Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երևան, 1997թ.

5.Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան , 1965թ.

6.Թաթուլ Սյունի, Սյունի վանք, Մոսկվա, 2007թ.

7.Լալայան Ե., Զանգեզուր գավառ նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար, հատոր Ա, Սիսիան, Թիֆլիս, 1898թ.

8.Հայ ժողովրդի պատմություն, Հ. 3, Երևան, 1976թ.

9.Մնացականյան Ս. Խ., Սիսավանի պատկերաքանդակները և տաճարի կառուցման ժամանակը, ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր ՊԲՀ, Երևան, 1961թ.

10.Մնացականյան Ս. Խ., Սիսավանի տաճարը ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր ՊԲՀ, թիվ 4, Երևան, 1965թ.

11. Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփանոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սյունյանց, Թիֆլիս, 1910թ.

 


[1] Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփանոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս 1910թ., էջ 338

[2] Հայ ժողովրդի պատմություն, Հ.3, Երևան 1976թ., էջ 125

[3] Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան 1963թ., էջ 80

[4] Նույն տեղում

[5] Թաթուլ Սյունի, Սյունի  վանք, Մոսկվա 2007թ., էջ 6

[6] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 34

[7] Նույն տեղում, էջ 35

[8] Նույն տեղում, էջ 202

[9] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 202

[10] Թաթուլ Սյունի, նշվ. աշխ., էջ 8

[11] Ա. Աբրահամյանի թարգմանությունը Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1986թ., էջ 75

[12] Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893թ., էջ 213-214

[13] Ե. Լալայան, Զանգեզուրի գաւառ, նյութեր ապագայ ուսումնասիրութեան համար, Հ. Ա Սիսիան, Թիֆլիս, 1898թ., էջ 87-89

[14] Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 212

[15] Թ. Խ. Հակոբյան, Սյունիքի թագավորություն , Երևան 1966թ., էջ 82

[16] Ա. Աբրահամյան, նշվ. աշխ, ծանոթ. բաժին, էջ 489,

[17] Ս. Խ. Մնացականյան, Սիսավանի տաճարը, ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր, ՊԲՀ, թիվ 4, Երևան, 1965թ., էջ 224

[18] Շ. Դավթյան, Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երևան 1997թ., էջ 95

[19] Ս. Բսրխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Երևան 1960թ., էջ 85-94

[20] Ս. Բարխուդարյան, նշվ. աշխ, էջ 85

[21] Ս. Խ. Մնացականյան, Սիսավանի պատկերաքանդակները և տաճարի կառուցման ժամանակը, ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր ՊԲՀ, 1961թ., Երևան, էջ 63-76

[22] Ս. Խ. Մնացականյան, նշվ. աշխ., էջ 221-230

[23] Թ. Սյունի, նշվ. աշխ, էջ 31-33

Sorry, the comment form is closed at this time.