Քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում

Մարիամ Մարգարյան, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ

Տեղեկատվական դարաշրջանն արմատապես փոխել է առկա մարտահրավերներին պատասխանելու հնարավորությունների մասին արդիականացող հասարակությունների պատկերացումները: Գտնվելով տեղեկացվածության տարբեր մակարդակներում` հասարակությունները փորձում են կերպափոխել իրենց գիտելիքները և քաղաքացիական ինստիտուտները` լեգիտիմացնելով իշխանական հարաբերությունները: Վերջիններն իրենց զարգացման ռազմավարական կանխատեսելիության այլընտրանքային ուղիների մշակմամբ` գիտակցելով տեղեկատվա-հաղորդակցական մեխանիզմների գերակայությունը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում, բախվել են սոցիալական նոր կապերի այլընտրանքային զարգացումների և հեռանկարների լեգիտիմացմանը: Առնոլդ Թոյնբիի այն թեզը, թե քաղաքակրթությունների հաջող գործառնությունը ենթադրում է համարժեք պատասխաններ մարտահրավերներին, այսօր առավել քան արդիական է1: Համեմատելով պատմական տարբեր ժամանակներում տեղի ունեցող քաղաքակրթական փոխակերպումները` ակնհայտ է, որ այդ գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մի կողմից քաղաքական լեգիտիմության հաստատմամբ, մյուս կողմից` ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում սոցիալական արժեքների փոխազդեցությունների մեխանիզմներով: Այս դեպքում քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել լեգիտիմության հիմնախնդիրը դիտարկել որպես հորիզոնական և ուղղահայաց մակարդակներում դրսևորվող քաղաքական դերակատարների համագործակցություն` հիմնված հավատի, կամքի և աջակցության վրա: Որպես սոցիալ-հոգեբանական երևույթ լեգիտիմությունն արդիականացող հասարակություններում հնարավորություն է տալիս դիտարկել քաղաքակրթական փոխակերպումները, որոնք, բացահայտելով ժողովրդավարական քաղաքական մշակույթի և բանավեճի, բանակցության ինստիտուտների ձևավորման շուրջ ծավալված  այլընտրանքները, ենթադրում են ներքին հավասարակշռություն, բարեհաճություն (conviviality), որոնք էլ հին իրողությունը  և գիտելիքները կրողներին հնարավորություն են տալիս ինքնակամ ընդունել նորը: Այս ամենը, լեգիտիմացնելով նոր գիտելիքները և վերարժևորելով նրա սկզբնական ձևերի մեկնաբանումը, բացահայտում է ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում քաղաքակրթական փոխակերպումների  առանձնահատկությունները:

Այս իմաստով լեգիտիմության հիմնախնդիրն արդիական է հայ հասարակությունում, որը քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում  մարտահրավերներին նպատակամետ պատասխանելու ակնկալիքով խնդիր ունի նոր գիտելիքներով հարստացնել հանրային և քաղաքական կառավարման գործընթացը` բարձրացնելով իշխանության իրականացման մշակույթի լեգիտիմությունը: Լեգիտիմացումը որպես գործընթաց ընդունելը հայ հասարակությանը հնարավորություն կտա նորմավորել իշխանական հարաբերությունները և´ սահմանադրաիրավական, և´ բարոյահոգեբանական կարգի մեջ: Քաղաքական զարգացման տարբեր փուլերում (սեփականաշնորհում, ազատականացում, մասնակցություն) հայ հասարակությունում քաղաքական լեգիտիմության հիմնախնդիրը քննարկման առարկա է դարձել ինչպես ՀՀ նախագահական (1996, 1998, 2003, 2008), այնպես էլ խորհրդարանական (1995, 1999, 2003, 2007) ընտրություններով պայմանավորված: Հայկական քաղաքական բանավեճը ստեղծված տեղեկատվական աններդաշնակության պայմաններում ՙնոր ժողովրդավարներին՚ հնարավորություն է տալիս կամայականորեն օգտագործել սոցիալական կապերի այլընտրանքային զարգացման հեռանկարները` կասկածի տակ դնելով նոր գիտելիքների լեգիտիմությունը ինչպես քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման, այնպես էլ քաղաքակրթական փոխակերպումների համատեքստում:

ՀՀ-ում 1990-ական թվականներից իրականացվող առաջին սերնդի բարեփոխումների արդյունքում ծագած քաղաքական զարգացման առաջին ճգնաժամը բաշխման ճգնաժամն էր: Անցումը շուկայական հարաբերություններին ՀՀ կերպափոխման առաջին (1990-1996թթ.) փուլից հետո արդեն ուղեկցվեց սոցիալական որոշ խմբերին քաղաքական, տնտեսական և այլ արտոնությունների տրամադրումով, հասարակության վտանգավոր բևեռացումով: Արդյունքում` քաղաքական դերակատարների համար հասարակության գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակվեց մասնակցությունըª նրանց մղելով մասնակցության ճգնաժամի, կամ մարգինալ-պոպուլիստական մասնակցության: Սոցիալական-քաղաքական-տնտեսական խմբերից հաճախակի դեգերումները, օտարվածությունը, սահմանայնությունը, սոցիալական շարժունակության անկումն առաջ բերեցին շարժունակության ճգնաժամ: Այդ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ՙնոր ժողովրդավարների՚ առաջին սերնդի կողմից ներդրվող ազատական ժողովրդավարական արժեքները կորցրին գրավչությունը, ինչը հանգեցրեց հակասոցիալական վարքագծի աճի` փախուստ ազատությունից և իշխանությունից, փախուստ սեփական իրավունքներից և պարտականությունից: Հաստատված վարքի նոր ձևաչափերի, արժեքների նկատմամբ ձևավորված անվստահությունը հարուցեց նույնականացման ճգնաժամ: Այս գործոնի ազդեցության տակ ՀՀ քաղաքացիները կորցրին հավատն ու վստահությունն իշխանության նկատմամբ, իսկ քաղաքական վարչակարգն ընկղմվեց լեգիտիմության ճգնաժամի մեջ: Հարկ է նշել, որ այս ճգնաժամերը ոչ միայն պայմանավորեցին մեկը մյուսին, այլ նաև ընթացան և ընթանում են գրեթե միաժամանակ: Սոցիալական բևեռվածությունը, աղքատությունը, կոռուպցիան, իշխանության իրականացման ցածր մշակույթը նպաստավոր միջավայր են ստեղծում մասսայական մարգինալացման ոչ միայն առաջացման, այլև տրոհված և աններդաշնակ խմբիշխանական շահերի արտահայտման համար, որոնք էլ պարբերաբար ստեղծում են լեգիտիմության հիմնախնդիր:

1. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԲԱԶՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Լեգիտիմությունը համապատասխանում է իրավունքի և արդարության մասին մարդկանց գաղափարներին, դրանց հիմքում ընկած արժեքներին ու նորմերին, ինչպես նաև ընտրազանգվածի – էլիտայի – լիդերության ինստիտուտների միջև առկա այն փոխհարաբերություններին, որոնց վրա ձևավորվում է քաղաքական իշխանությունը: Իսկ վերջինը լեգիտիմ է, եթե ա) ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան. այսինքն` պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ էլ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել, բ) պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան: Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքն ինչպես մեկը մյուսի, այնպես էլ ընտրազանգվածի նկատմամբ:

Ժամանակին Մաքս Վեբերը2, ելնելով քաղաքակրթական տարաբնույթ փոխակերպումներից, որոնց ժամանակ տեղի է ունեցել գերիշխանության սահմանակարգում, եզրակացրել է, որ լեգիտիմության (legitimacy) հաստատման համար որոշիչը հասարակության տնտեսական կյանքի, սոցիալական տարբեր խմբերի և կրոնական գիտակցության միջև առկա կապերի բացահայտումն ու վերլուծությունն է:

Համաձայն Վեբերի, քաղաքական լեգիտիմության կառուցվածքում գերակա նշանակություն ունի կառավարողների հեղինակությունը և միաժամանակ նրանց նկատմամբ վստահությունը (credulitas, trust, fides): Այս նկատառումներով նա գտնում է, որ արդիականացման (ազգային պետության առաջացում, արդյունաբերականացում, կողմնորոշում դեպի նորարարությունը, գիտությունը, ժողովրդավարացումը) արդյունքում առաջացած սոցիալական փոփոխությունները ռացիոնալացրին իշխանության լեգիտիմացման մեխանիզմները` ամրապնդելով այն խարիզմով և ավանդույթով. «…Հավերժ արժեքի` բարքերի, ինչպես նաև անհատական հեղինակություն, առաջնորդին լիարժեք անհատական նվիրվածություն և վստահություն` նրա որակով, տեսակով` խարիզմով պայմանավորված: Եվ վերջապես` ռացիոնալ կերպով ընդունված օրենքներով` պայմանավորված գերիշխանությամբ, հիմնված բանիմացության, հավատի և հեղինակության վրա»3: Այս ելակետային մոտեցումը Վեբերին հնարավորություն է տվել ենթարկման հակվածությունը դիտարկել որպես որոշակի կամքի և հավատի արդյունք, որը մի կողմից` որոշակիացված շահերի և սովորույթների, մյուս կողմից` գերզգայականության, օտարվածության, հուսահատության հետևանք է: Որպես այդպիսին, այն կուռ կառուցակարգ է, որի գործունեությունը պայմանավորված չէ առանձին անձանց (նկատի ունենք ինչպես լիդերներին, այնպես էլ ընտրազանգվածն ու էլիտան) վարքաբանությամբ:

Հանրագումարելով ավանդականից և արդիականից դեպի հետարդիականացում հասարակությունների անցման փորձը` ակնհայտ է, որ այդ հարահոս կերպափոխությունների համակարգում, այնուհանդերձ, լեգիտիմության հիմնախնդիրը մնում է գերակա, քանի որ կառավարվելու հակված մարդիկ իշխանության իրականացման լեգիտիմ իրավունքը որպես վարկ տալիս են նրանց, ովքեր ցանկանում են կառավարել: Այս ամենը նրանց փոխկախվածության մեջ է գցում`fides-auctoritas, քանի որ առաջինը, վստահելով երկրորդին, վերջինին օժտում է վստահության մեծ պաշարով: Ուստի, քաղաքակրթական փոխակերպումների գործընթացում լեգիտիմացման ապահովման համար անհրաժեշտ է կարևորել փոխադարձ ինքնորոշված քաղաքական տարածությունների իսկությունը և նրանում փոփոխություններ կատարելու բանավեճային գիտելիքների կարողությունը մանավանդ ժամանակակից ցանցակենտրոն համակարգում¤, երբ քաղաքակրթական փոխակերպումներին ակտիվ մասնակցելը դարձել է քաղաքական զարգացման գործընթացի յուրաքանչյուր դերակատարի գերակա ռեսուրս: Կարդալ ավելին

http://nationalidea.am