Իրաքյան Քուրդիստանի գազը NABUCCO–ի համար, թուրքական շահ

Սերգեյ Սարգսյան

Ս.Սարգսյան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

2009թ. սեպտեմբերին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յլդըզը հայտարարեց, որ Թուրքիան և Իրաքը քննարկել են Թուրքիայի տարածքով իրաքյան գազը ծրագրվող Nabucco գազատարով Եվրոպա տեղափոխելու հարցում փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրելու հնարավորությունը։

Սա փոքր-ինչ անսպասելի էր՝ նկատի ունենալով այն, որ «իրաքյան գազը» ենթադրում է դրա արդյունահանում Քուրդիստանի տարածքում, ինչը կնպաստի այդ տարածաշրջանի տնտեսական ինքնուրույնության զարգացմանն ու ինքնաբավությանը և, որպես հետևանք, կաշխատի այս տարածաշրջանի՝ որպես անկախ պետական կազմավորման, ամրապնդմանը, ինչի հանդեպ Անկարայի բացասական վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն պատմական, այլ նաև աշխարհաքաղաքական հիմնավորումներով։

Հետևաբար, տրամաբանական կլիներ ենթադրել, որ Թուրքիայի շահագրգռությունն իր տարածքով Իրաքի գազի արտահանմամբ պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական իրողություններով։ Իսկ ինչպիսի՞ն են Թուրքիայի իրական շահերը, և որքանո՞վ են իրականանալի Անկարայի և Բաղդադի համատեղ պլանները Իրաքյան Քուրդիստանը ԵՄ հիմնական այլընտրանքային գազամատակարարներից մեկի վերածելու վերաբերյալ։

Իրաքի տարածքում հետախուզված գազի պաշարները կազմում են 3,17 տրլն մ3, որի շուրջ 90%-ը՝ մոտ 2,8 տրլն մ3, Քուրդիստանի տարածաշրջանում է։ Սակայն ներկայումս բնական գազ Իրաքում չի արդյունահանվում, քանի որ չկան անհրաժեշտ արտադրական հզորություններ և համապատասխան ենթակառուցվածք։ Իհարկե, Իրաքի կառավարությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել օտարերկրյա կապիտալի և ընկերությունների ներգրավման վերաբերյալ ուղղակի բանակցությունների և միջազգային մրցույթների անցկացմանը՝ երկրում գրեթե «զրոյից» գազարդյունահանման և գազի տեղափոխման ճյուղեր ստեղծելու նպատակով։

Այսպես, 2009թ. մայիսին ավստրիական էներգետիկ «OMV» և հունգարական «MOL» ընկերությունները գնեցին «Pearl Petroleum Company»-ի բաժնետոմսերի 10-ական տոկոսը, որն զբաղվում է Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող Խոր Մոր (Kor Mor) և Չեմչեմալ (Chemchemal) հանքավայրերի մշակմամբ, որոնց ենթադրվող հզորությունն արդեն 2015թ. կկազմի մոտ 85 մլն մ3 օրական, ինչը նշանակում է, որ կդրվի համաշխարհային շուկաներ գազի արտահանման սկիզբը։ Այդ ծավալները պետք է, առնվազն, բավականացնեն Nabucco նավթամուղի գործարկման համար։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Իրաքի նավթագազային հատվածում, զուտ տնտեսական բարդություններից բացի, սպասում են նաև իրավաբանական և քաղաքական բնույթի դժվարություններ, որոնք առաջիկայում հազիվ թե հաջողվի հաղթահարել և կապիտալ ներդրումներն ավելի պաշտպանված դարձնել։

Նախ՝ Իրաքում ներկայումս չկա ամբողջական իրավաբանական-իրավական բազա ներդրումների ներգրավման և կիրառման համար։ Մասնավորապես, ածխաջրածինների մասին շրջանակային օրինագիծը, որը դեռ 2007թ. փետրվարին է արժանացել Իրաքի նախարարների կաբինետի հավանությանը, առ այսօր այդպես էլ չի ընդունվել։

Երկրորդ՝ լուրջ տարաձայնություններ կան երկրի Կենտրոնական կառավարության և Քուրդիստանի տարածքի իշխանությունների միջև Իրաքի սահմանադրության այն դրույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ընդերքի օգտագործման կանոններին։

Վեճերը հիմնականում վերաբերում են օտարերկրյա ներդրողների հետ համաձայնագրերի կնքման և էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների բաշխման ընթացակարգերին։

Իրաքի սահմանադրության 113-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Քուրդիստանը ստացել է դաշնային շրջանի կարգավիճակ՝ ինքնավարության բարձր աստիճանով, ընդհուպ մինչև սեփական օրենսդրության իրավունք, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգ, անվտանգության սեփական ուժեր և այլն։

107-րդ հոդվածի համաձայն, կենտրոնական իշխանության լիազորությունների բացառիկ ոլորտում մնացին արտաքին և ազգային պաշտպանական քաղաքականության իրականացումը, Իրաքի շրջանների և նահանգների միջև առևտրային քաղաքականության կազմակերպումը, ջրային ռեսուրսների հետ կապված քաղաքականության պլանավորումն Իրաքից դուրս և այլն։

Որպես հետևանք՝ Քուրդիստանն սկսեց արագացված տեմպերով ընդունել տարածաշրջանային օրենքներ իր տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ չսպասելով դրանց մշակմանն ու դաշնային կառավարության կողմից ընդունմանը։ Արդեն 2006թ. ընդունվեց «Օտարերկրյա ներդրումների մասին» տարածաշրջանային օրենքը, իսկ 2007-ին՝ «Ածխաջրածինների մասին» օրենքը, ըստ որի՝ օտարերկրյա ներդրումները կարող են ներգրավվել ոչ միայն երեք նահանգների՝ Էրբիլի, Սուլեյմանիայի և Դոհուքի ածխաջրածնային ճյուղում, այլ նաև Քիրքուքի շուրջ գտնվող տարածքում։ Կարդալ ավելին

http://www.noravank.am