Ինչպե՞ս օգտագործել նախադեպը Հայաստանում

ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ժամանակակից աշխարհում դատական համակարգերի մեծամասնությունը վերաճել են խառը կամ հիբրիդ համակարգերի, որոնք օժտված են ինչպես քաղաքացիական (մայրցամաքային), այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերի հատկանիշներով: Ընդհանուր իրավունքի համակարգ ունեցող երկրների արդարադատության համակարգերը երկար զարգացման ընթացք են անցել օրենքներում ձևակերպելու այն բոլոր կանոնները, որոնք հայտնի են եղել միայն որպես նախադեպային իրավունքի կանոններ: Այսպիսի ընդհանուր իրավական համակարգում գործող փաստաբաններն ու դատավորներն ներկայումս իրենց հետազոտությունները սկսում են օրենքներից (ինչպես որ քաղաքացիական իրավունքի համակարգում), այնուհետև` վերանայում են նախկին դատական որոշումները, որպեսզի պարզեն, թե ինչպես են օրենքները մեկնաբանվել վերադաս դատարանների կողմից: Եվրոպայում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան համարվում է «կենդանի փաստաթուղթ», քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին դատական վճիռները պետք է ժամանակի ընթացքում մեկնաբանվեն դինամիկ և ժամանակին համապատասխան` ապահովելու առավելագույն պաշտպանությունը: Ներպետական կիրառման հարթությունում «կենդանի փաստաթուղթ» դոկտրինը նշանակում է, որ ՄԻԵԴ դատական վճիռները փաստաբանների և դատավորների համար այնպիսի աղբյուր են, որը նրանք կարող են և պետք է կիրառեն հասկանալու, թե ինչպես են փոխվում Կոնվենցիայի հոդվածների կիրառման շրջանանկները:
Ներկայումս Հայաստանը միացել է խառը համակարգերի այս ուղղությանը` ամրագրելով նախադեպային իրավունքի ներդրումն իր դատական համակարգում: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանը ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը (ՀՀ Սահմանադրություն, հ.92): Սա նշանակում է, որ որոշակի տեսակի վեճերի համար կանոնները պետք է կիրառվեն նույն կերպ, որպեսզի նույնանման որոշիչ փաստեր ունեցող վեճերի դեպքում ստացվի միևնույն արդյունքը:
Այս նպատակի համար ՀՀ դատական օրենսգիրքը սահմանում է`

  • Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) (15-րդ հոդվածի 3-րդ մաս):
  • Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ (15-րդ հոդվածի 4-րդ մաս):

Սա նշանակում է, որ ՀՀ որևէ դատարանում հանդես գալիս փաստաբանը պետք է փնտրի ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի այնպիսի որոշումներ, որոնք համապատասխանում ենայն վեճին կամ խնդրին, որը նա ներկայացնում է դատարանում: Դատական որոշումը համապատասխանում է, եթե գործի որոշակի կողմի համար դատարանի դրական կամ բացասական որոշման հիմնական պատճառն ուղղակիորեն վերաբերում է դատարանի կողմից խնդրի առանձնահատուկ փաստի նկատմամբ կանոնի կիրառմանը, և առանձնահատուկ փաստի նկատմամբ կանոնի կիրառման նույն հարցն առկա է այն գործում, որն այժմ փաստաբանը ներկայացնում է դատարանում: Եթե ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական որոշումը կայացվել է փաստաբանի վստահորդի հետ նմանատիպ խնդիր ունեցող անձի օգտին, ապա փաստաբանը պետք է նշի, որ դատական որոշմամբ լուծված խնդիրը և իր վստահորդի խնդիրն իրենց էությամբ նույնն են, այդ պատճառով էլ որոշումը նույնպես պետք է լինի նույնը: Եթե Վճռաբեկ դատարանի կամ ՄԻԵԴ-ի դատական որոշումը փաստաբանի վստահորդի հետ նմանատիպ խնդիր ունեցող անձի օգտին չի կայացվել, ապա փաստաբանը պետք է նշի, որ դատական որոշմամբ լուծված խնդիրը և իր վստահորդի խնդիրը տարբեր են, այդ պատճառով էլ որոշումը նույնպես պետք է լինի տարբեր (Ծանոթություն. երկու իրավական խնդիրներ երբևիցե չեն կարող նույնական լինել, քանի որ կյանքում փաստացի դեպքերը բազմաթիվ են: Կարևորը պարզելն է, թե ինչու են երկու իրավական խնդիրներն իրար նման կամ տարբեր` կարևոր և էական կողմերով): Կարդալ ավելին

Հեղինակ` Վահան Բուրնազյան

Հայ Բաց Իրավաբանական Բլոգ