Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները

Սուրեն Սարյան

Այս տարվա նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը եւ դրան հաջորդած զարգացումներն առանձնահատուկ նշանակություն ունեցան Թուրքիայի համար` Արեւմուտքի հետ հարաբերություններում իր դերակատարությունը ճշտելու տեսանկյունից: Թուրք քաղաքագետներն այդ իրադարձությունները բնորոշեցին որպես Արեւմուտքի հետ հարաբերություններում Թուրքիայի համար շրջադարձային կետ, որն իբրեւ համարժեք է 1950թ. Ա.Մենդերեսի կառավարության` Կորեական պատերազմին թուրքական զորքեր ուղարկելու որոշմանը. հենց այդ որոշումից հետո` 1952 թվականին հնարավոր դարձավ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Շուրջ չորս տասնամյակ այս երկիրը համարվել է ՆԱՏՕ-ի հարավային պատվարը խորհրդային էքսպանսիայի դեմ: «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի ողջ ընթացքում Թուրքիան իր անվտանգության ապահովումը վստահել էր ՆԱՏՕ-ին: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը փոխվեց:

Վերջերս արեւմտյան փորձագետները կարծիք են հնչեցրել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապն աստիճանաբար թուլանում է, ինչը կրում է գաղափարախոսական բնույթ: Համաձայն Ահմեդ Դավութօղլուի առաջ քաշած «Ռազմավարական խորություն» հայեցակարգի, Թուրքիան պետք է միակողմանիորեն կախված չլինի ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից` կապեր զարգացնելով Ռուսաստանի, Իրանի եւ մահմեդական աշխարհի հետ:

Վերջին ժամանակաշրջանում Թուրքիան էապես ակտիվացրել է ռազմական կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մասնավորապես, ներկայում Մոսկվայի հետ քննարկվում է S-300 հրթիռների գնման հարցը, իսկ Չինաստանի հետ վերջերս անցկացվեցին համատեղ զորավարժություններ: Ավելին, այս տարի թույլ չտալով Իսրայելին իր տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել, Անկարան անցկացրեց համատեղ զինավարժություններ Սիրիայի հետ:

Անշուշտ, այս ամենը չի նշանակում Անկարայի ռազմաքաղաքական կողմնորոշման փոփոխություն. այդ քայլերը պետք է դիտել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետություններին ուղղված ազդանշան` նրանց համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունը կրկին շեշտելու եւ համապատասխան զիջումներ կորզելու նպատակով:

Այսպես, թուրքական կառավարությունը չձեռնարկեց որեւէ իրական քայլ, որը կարող էր խափանել ՆԱՏՕ-ի ծրագրերի իրականացումը, ներառյալ` հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայումը Հարավային Եվրոպայում: Հայտնի է, որ ԱՄՆ-ը դիմել էր թուրքական կառավարությանը` ՀՀՊ համակարգի տարրերը երկրի տարածքում տեղակայելու առաջարկով: Այս ծրագիրը թուրք որոշ փորձագետների կողմից համարվում է որպես ծուղակ, որով Թուրքիային փորձում են հակադրել հարեւաններին: Սակայն այլ փորձագետներ նշում էին, որ Անկարայի կողմից այդ ծրագրին մասնակցելու մերժումը կբերի Արեւմուտքից Թուրքիայի վնասակար մեկուսացմանը:

Լիսաբոնի գագաթաժողովում ունեցած իր ելույթում Թուրքիայի նախագահ Գյուլը նշեց, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ նոր համակարգը պետք է ընդգրկի դաշինքի բոլոր անդամ երկրների տարածքը եւ ընդունելի լինի բոլորի կողմից: Այսինքն` Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հանգում էր նրան, որ պետք է լինի մեխանիզմ, որը թույլ կտա անհրաժեշտ պահին օգտվել վետոյի իրավունքից:

Միեւնույն ժամանակ, շեշտում էր Գյուլը, այն չի կարող ուղղված լինել որեւէ կոնկրետ պետության դեմ: Թուրքական իշխող վերնախավն ակնհայտորեն չէր ցանկանում, որպեսզի ամերիկացիների կողմից առաջարկվող ՀՀՊ ծրագիրն ուղղվի Ռուսաստանի կամ Իրանի դեմ, որոնց անունները վերջերս հանվեցին Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգում նշվող հավանական հակառակորդների ցանկից: Ա.Դավութօղլուն այդպես էլ հայտարարեց, որ Թուրքիան այլեւս թույլ չի տա, որպեսզի նրան դարձնեն «մերձճակատային երկիր», ինչպես դա եղել է «սառը պատերազմի» դարաշրջանում. «Մենք չունենք վտանգի զգացում, որը կարող է բխել մեր հարակից տարածաշրջաններից, ներառյալ` Իրանից, Ռուսաստանից, Սիրիայից»: Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նշում էին, որ Թուրքիան գտնվում է առաջնային գծում` Իրանի հետ հավանական հակամարտության դեպքում:

Ի վերջո, Անկարային հաջողվեց իր համաձայնությունը պայմանավորել Իրանի (որպես հավանական թիրախի կամ սպառնալիքի աղբյուրի) անունը Լիսաբոնի գագաթաժողովի որոշումներից հանելու պարագայով: Չնայած Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին ուղղակի նշեց, որ ծրագիրն ուղղված է լինելու Եվրոպան իրանական հրթիռներից պաշտպանելու նպատակին: Նաեւ բալկանյան պետությունները` Ռումինիան եւ Բուլղարիան, համաձայնեցին տրամադրել իրենց տարածքները ՀՀՊ կայանների համար` դիտարկելով Իրանը որպես հիմնական հակառակորդ:

Գյուլն իր ելույթում շեշտեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է եւ չի կարող գործել որեւէ երկրի դեմ: ՀՀՊ համակարգի ծավալման հիմնական նպատակը, ըստ Անկարայի, պետք է լինեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունն այն ռիսկերից եւ վտանգներից, որոնք իր հետ բերում է հեռահար հրթիռների գլոբալ տարածումը: Գյուլը նաեւ շեշտեց, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում որոշումներ կայացնելիս Թուրքիան առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, հետո միայն դաշնակիցների հետ համերաշխության սկզբունքով:

Լիսաբոնի գագաթաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիայի մտահոգությունները տեղ գտան ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգում: Թուրքիան համարում է, որ Իրանի անունը չհիշատակելը` որպես ՆԱՏՕ-ի հավանական հակառակորդ, իր դիվանագիտության հաջողությունն է: Կարդալ ավելին

http://www.noravank.am/