Բռնկվող աստղերի ֆիզիկան եւ զարգացումը

Բռնկվող աստղերի ճառագայթման յուրահատկությունները, մասնավորապես` բռնկման ընթացքում դրանց ճառագայթման մեջ անընդհատ առաքման ի հայտ գալը Վ. Համբարձումյանին հիմք են տվել տակավին 1953 թ. եզրակացնել, որ իրենց ֆիզիկական բնույթով բռնկվող աստղերը հարում են T Ցուլի տիպի աստղերին: Մեքսիկացի աստղագետ Գուիլերմո Հարոյի կողմից տարբեր աստղային համակարգերում` աստղասփյուռներում եւ համեմատաբար երիտասարդ աստղակույտերում բռնկվող աստղերի հայտնաբերումը ծանրակշիռ փաստարկ եղավ հօգուտ այս եզրակացության եւ ցույց տվեց բռնկվող աստղերի էվոլյուցիոն նշանակությունը:

1968 թ. Համբարձումյանին հաջողվեց ցույց տալ, որ բռնկվող աստղերը, իրոք, արտահայտությունն են թզուկ աստղերի զարգացման ամենավաղ փուլերից մեկի: Նա մշակեց աստղային համակարգում եղած հայտնի բռնկվող աստղերի մասին առկա դիտողական տվյալների հիման վրա ֆիզիկական խմբի մեջ եղած բռնկվող աստղերի լրիվ թվի գնահատման ինքնքտիպ վիճակագրական եղանակ: Այդ եղանակի կիրառությամբ Վ. Համբարձումյանը ցույց տվեց, որ Բույլք (Pleiades) համեմատաբար երիտասարդ աստղակույտում (տարիքը` շուրջ 70 միլիոն տարի) պետք է լինի առնվազն մի քանի հարյուր բռնկվող աստղ: Ապա, հաշվի առնելով աստղակույտի հայտնի ամբողջական զանգվածը, ինչպես նաեւ աստղակույտի մեջ մտնող չբռնկվող աստղերի զանգվածը, նա գնահատեց աստղակույտի մնացյալ աստղերի զանգվածը: Պարզվեց, որ վերջինս գործնականորեն համընկնում է գիտնականի կողմից ստացված` բոլոր ենթադրվող բռնկվող աստղերի գումարային զանգվածին: Այս կերպ ցույց տրվեց, որ աստղակույտի մեջ եղած ցածր լուսատվության բոլոր աստղերը պիտի լինեն բռնկվող:

Նկատի առնելով, որ այդ աստղերը կազմում են ֆիզիկական խումբ` աստղակույտ, նրանց համատեղ առաջացումը տարակույս չի առաջացնում: Հետեւաբար, հարկ է համարել, որ բռնկվելու ունակությունը զարգացման այդ փուլում գտնվող աստղերի բնորոշ առանձնահատկությունն է, իսկ ինքը` բռնկվող աստղի փուլը, օրինաչափ փուլ է թզուկ աստղերի կյանքում: Այսպիսով, հաստատվեց, որ բռնկվող աստղի փուլը, երբ աստղը ունակ է ժամանակ առ ժամանակ բռնկվելու, զարգացման ընթացքի մի փուլ է, աստղերի զարգացման ամենավաղ փուլերից մեկը, որով անցնում են բոլոր թզուկ աստղերը:

Աստղերի զարգացումը հետազոտելու տեսանկյունից շատ կարեւոր այս եզրակացությունը հիմք դրեց աստղակույտերում եւ աստղասփյուռներում բռնկվող աստղերի կանոնավոր ծրագրավորված լուսանկարչական դիտումներին: Գլխավորապես Ասիագոյի (Իտալիա), Բուդապեշտի, Բյուրականի եւ Տոնանցինտլայի (Մեքսիկա) աստղադիտարաններում իրականացված դիտումները ամբողջովին հաստատեցին վերոնշյալ եզրակացությունը եւ արժեքավոր տեղեկություններ տվեցին աստղերի զարգացման այդ վաղ փուլի մասին:

Այդ դիտումների հիման վրա Համբարձումյանը քննարկեց աստղերի զարգացման երկու վաղ փուլերի` T Ցուլի տիպի եւ բռնկվող աստղի փուլերի միջեւ ծագումնաբանական կապի խնդիրը եւ ցույց տվեց, որ բռնկվող աստղի փուլը հաջորդում է T Ցուլի փուլին, սկսվելով տակավին նախքան այդ փուլի ավարտը: Աստղի կյանքի այդ շրջանում T Ցուլի եւ բռնկվող աստղի փուլերը փոխադարձաբար վերադրվում են եւ T Ցուլի տիպի աստղերը, պայծառության անընդհատ եւ անկանոն փոփոխությունների հետ մեկտեղ դրսեւորում են նաեւ բռնկումային տիպի փոփոխություններ:

Աստղային համակարգերում բռնկվող աստղերին նվիրված հետազոտությունների շարքում առանձնահատուկ ինքնատիպ է Վ. Համբարձումյանի աշխատությունը` նվիրված տվյալ համակարգում բռնկումների միջին հաճախությունների բաշխման ֆունկցիայի դուրս բերմանը այդ համակարգում աստղային բռնկումների դիտումների հիման վրա: Այդ աշխատության մեջ նշված ֆունկցիայի որոշման խնդիրը հանգեցվում է հակադարձ խնդրի լուծման` բռնկվող աստղերի հայտնաբերման (առաջին բռնկումների) եւ դրանց բռնկումային ունակության հաստատման (երկրորդ բռնկումների դիտման) ժամանակագրության միջոցով: Այս նոր եղանակը Վ. Համբարձումյանը կիրառեց Բույլք (Pleiades) աստղակույտի բռնկվող աստղերի համար: Ստացված` բռնկումների միջին հաճախությունների բաշխման ֆունկցիան բավարար չափով ներկայացնում է բռնկվող աստղերի այդ ամենաուսումնասիրված համակարգի դիտումների արդյունքները եւ վերստին հաստատում է բռնկվող աստղերի առատությունը այդ աստղակույտում:

Հարկ է նշել, նաեւ, որ ելնելով նախաստղի վարկածից, եւ երիտասարդ աստղերում դեպի մակերեւութային շերտեր նախաստղային նյութի թանձրուկների` ներաստղային եռանդի կրիչների արտավիժման գաղափարից, Համբարձումյանը կանխագուշակեց գոյությունը «արագ» եւ «դանդաղ» բռնկումների, որոնք ունեն տարբեր առանձնահատկություններ: Հետագայում դրանք հայտնաբերվեցին: Բացի այդ, այս նույն պատկերացումների հիման վրա Համբարձումյանը տվավ ֆուօրի զարմանալի երեւույթի բացատրությունը: Վ. Համբարձումյանը «ֆուօր» անվանեց այն աստղերը, որոնք ի հայտ են բերում այնպիսի փոփոխություններ, որ առաջին անգամ դիտվել են FU Օրիոնի փոփոխական աստղի մոտ (պայծառության արագ եւ ուժեղ աճ եւ աստղի տեւական մնալը պայծառության առավելագույնին մոտ վիճակում):

(Լ. Վ. Միրզոյանի «Виктор Амбарцумян», Ереван, 1985 г. գրքից)

Վիկտոր Համբարձումյանը ընտրել է իր վերջին գրքի “A Life in Astrophysics” (Allerton Press, 1988) համար այն հոդվածները, որոնք լրիվ տեղադրված են սայթի անգլերեն մասում ։ Այս հոդվածները առաջի անգամ լույս են տեսել հետևյալ հանդեսներում։

  • “Flare stars,” Inter. Astron. Union, Colloq. no. 15, Bamberg, 31 August-3 Sept. 1971, in New Directions and New Frontiers in Variable Star Research, Bamberg, pp. 98-108, 1971.
  • “Фуоры,” Астрофизика, vol. 7, no. 4, pp. 557-572, 1971.
  • Սույն հոդվածները վերահրատարակվել են հետևյալ գրքերում։
  • «Научные труды» [в 3-х томах] Под ред. В.В.Соболева. Изд-во АН АрмССР, 1960-1988.
  • “A Life in Astrophysics” Allerton Press, 1988.