Արևմուտքը, «Օձը» և նրա զոհերը

Վահան Հունանյան

«Միգուցե և նա շան տղա է, բայց նա մեր շան տղան է» ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտը Նիկարագուայի դիկտատոր Սամոսայի մասին

Ամբողջ Եվրոպան ցնցած զեկույց է պատրաստել և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին ներկայացրել շվեյցարարցի պատգամավոր Դիկ Մարտին: Զեկույցում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին անվանվել է խոշոր հանցագործ ցանցի ղեկավար և Կոսովոյի Ազատագրման բանակից դուրս եկած մաֆիայի «ամենավտանգավոր» առաջնորդ, որի ղեկավարած խմբավորումը  զբաղվում էր հերոինի և մարդկային օրգանների վաճառքով, ինչպես նաև մարդկանց մասսայական առևանգումներով և սպանություններով: Հիշեցնենք, որ Հաշիմ Թաչին(մականունը «Օձ»), ով անցած կիրակի հաղթեց Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում և վերընտրվեց Կոսովոյի վարչապետ, հանդիսացել է «Կոսովոյի ազատագրման բանակի» հիմնադիրներից  և Կոսովոյի ալբանացիների ռազմական ուժերի հիմնական հրամանատարներից մեկը:

Դիկ Մարտին իր զեկույցը կազմել է  երկու տարվա ընթացքում` վկաների հարցումների, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայությունների  և ՆԱՏՕ-ի հետախուզության զեկույցների հիման վրա: Արդյունքում նա պարզել է, որ  Թաչիի ղեկավարծ հանցագործ խմբավորումը(այն անվանվում էր «Դրենիցայի խումբ») մասսայաբար սպանել է սերբ և այլազգի  գերիներին, այնուհետև նրանց օրգանները վաճառել է «սև շուկայում»: Համաձայն վկայությունների, այս հանցագործությունները Կոսովոյում շարունակվում են մինչև այսօր: Հավելենք, որ բելգրադյան «Պրեսս» թերթի տվյալներով, օրգանների առևտրի շնորհիվ Կոսովոյի վարչապետը վաստակել է 4 միլիոն գերմանական մարկից ոչ պակաս:  Բացի այդ, համաձայն Մարտիի զեկույցի,  Թաչիի խմբավորումը հանդիսանում է Եվրոպայում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենախոշոր ցանցերից մեկը:  Հաշիմ Թաչիի և Կոսովոյի ազատագրման բանակի հանցագործ գործունեության մասին  դեռևս 2008-ին տվյալներ է հրապարակել Հաագայի Միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն` իր «Որս: Ես և ռազմական հանցագործները» հուշագրությունում, համաձայն որի դեռևս 1999-ին տեղեկություններ են ստացվել 300 կոսովյան սերբերի առևանգման մասին` նրանց օրգանները վաճառելու նպատակով:

Զեկույցի հեղինակը նշում է, որ դեռևս 11 տարի առաջ ներկայիս վարչապետի «բիզնեսի» մասին շատ լավ տեղյակ էին ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցինչները: «Առանձնապես մտահոգիչը այն է, որ Կոսովոյում ներկա ամբողջ միջազգային հանրությունը` ԱՄՆ-ի կառավարությունից  մինչև այլ դաշնակից արևմտյան պետությունները, անկասկած, տիրապետում էր “Դրենիցայի խմբի” հանցագործ գործունեության մասին ամբողջական տվյալներին, բայց ոչ ոք պատրաստակամություն չի հայտնել արձագանքել տեղի ունեցածին»- նշվում է փաստաթղթում:

Գերմանացի քաղաքագետ  Ալեքսանդր Ռարը ասում է, որ Արևմուտքում հայտնի էր, որ Թաչին աշխատում էր հանցագործ ոլորտում, ուղղակի ՆԱՏՕ-ի և ամերիկացիների Կոսովո ներխուժման ժամանակ շատ հասկացություններ փոխվեցին. «Նա անցավ Ամերիկայի կողմը: Նա դարձավ այն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար տիկին Օլբրայթի ընկերը և դաշնակիցը: Եվ այդպիսով իրեն մաքրեց` վատ մարդուց դարձավ ձեռք սեղմող քաղաքական գործիչ»:

ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում Մարտիի զեկույցի հրապարակումից հետո որոշվել է այն քննարկել և վերջնական որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Կարդալ ավելին

http://blog.armenianherald.com