Ազգերի լիգան իբրև նոր աշխարհակարգի հարացույց

Առաջին աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո համաշխարհային քաղաքականության ծանրության կենտրոնը տեղափոխվեց համապարփակ միջազգային կազմակերպության ստեղծման` իբրև խաղաղության երաշխիքի և պատերազմի այլընտրանքի, գաղափարի վրա: Արդյունքում` ստեղծվում է Ազգերի լիգան, որը միջազգային հարաբերությունների պատմության մեջ մտավ իբրև բազմակողմ դիվանագիտական հարաբերությունների զարգացման մի նոր շրջափուլ: Միջպետական հարաբերությունների կարգավորման համապատկերում այդ իրողությունը կարևոր էր հատկապես երկու դիտանկյունից: Առաջին` իբրև միջազգային օրգան` Ազգերի լիգան միտված էր միջազգային հարաբերությունների կարգաբերմանն ու պատերազմների վտանգավորության նվազեցմանը: Երկրորդ` Ազգերի լիգան և նրա Կանոնադրությունը կոչված էին մեծ տերությունների քաղաքականությանը իրավական և բարոյական անհրաժեշտ պաշար ներարկելուն, այն հասարակական կարծիքի առջև (որը արդեն XX դարում վերածվել էր քաղաքական կարևորագույն գործոնի) օրինականացնելուն:

Չնայած այդ ամենին` ակնհայտ էր, որ քաղաքակրթական այս նոր պայմաններում միջպետական հարաբերությունների մեջ վերելք էր ապրում «ապաբարոյականացման գործընթացը», որի համապատկերում առաջ է մղվում զուտ քաղաքական և տնտեսական նպատակահարմարության հայեցակարգը: Ըստ այդմ` սույն հոդվածում փորձելու ենք տալ միջազգային հարաբերությունների մշակման Մեծ տերությունների հայեցակարգերի լուսաբանումը, որոնց տրամաբանական ավարտն հանդիսացավ Ազգերի լիգան` իբրև նոր աշխարհակարգի հարացույց:

Տնտեսական կյանքի միջազգայնացումը բերում էր միջազգային տնտեսական կապերի ինտենսիվացմանն ու խնդիրների քանակական ընդարձակմանը, որոնք հաջողությամբ կարելի էր լուծել ոչ միայն երկկողմ, այլև` բազմակողմ կապերի ու զգալի թվով  պետությունների մասնակցության միջոցով: Ուժերի նոր համահարաբերակցությունը, որը ստեղծվել էր 1918 թվականի վերջին և 1919 թվականի սկզբին, արձանագրվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Ուստի` պատահական չէր, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում գրեթե բոլոր պետություններն արդեն իսկ ունեին միջազգային կազմակերպության սեփական հայեցակարգերը, որոնք արտացոլում էին միջազգային հարաբերությունների բնագավառում յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքական նկրտումները:

Դեռ Վուդրոու Ուիլսոնն իր «Տասնչորս կետեր»-ում ենթադրում էր միջազգային Ազգերի լիգայի ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի «մեծ ու փոքր պետությունների համար հավասարապես քաղաքական անկախության ու տարածքային ամբողջականության երաշխիքներ ապահովել»[1]: Այն է` առաջադրվում էր միջազգային կարգի նոր հարացույց ու դրա պաշտպանության համապատասխան մեխանիզմներ[2]: Նախագահ Վ. Ուիլսոնն ու նրա դիվանագետները գտնում էին, որ առաջին համաշխարհային պատերազմը վերջակետ դրեց Միացյալ Նահանգների մեկուսացմանը` վերածելով այն «մարդկության պատմության վճռական գործոնի»:[3] Այդուհետ, ինչպես Վ. Ուիլսոնն է հայտարարում. «Ֆինանսական ղեկավարությունը լինելու է մերը (այն է` ամերիկյանը:- Լ. Մ.): Արդյունաբերական ղեկավարությունը լինելու է մերը: Առևտրական գերազանցությունը լինելու է մերը: Աշխարհի մյուս երկրները հետևելու են մեր ղեկավարությանն ու ուղղությանը»:[4] Ստացվում էր` Միացյալ Նահանգներն իր տնտեսական ու ռազմական հզորության միջոցով, գաղափարախոսական գրավչությամբ ու բարոյական առավելությամբ կարող էր ստանձնել «համաշխարհային մակարդակի միջնորդ դատավորի» դերակատարումն ու ի վիճակի կլիներ աշխարհը փոխակերպել ըստ իր մտայնության ու հայեցակարգի: Ուստի` Եվրոպա ներթափանցումի գործընթացը ևս ընթանում էր «ըստ որոշակի կարգի», որի կարևորագույն նախապայմանը կարող էր լինել նախ` Ազգերի լիգան, իսկ ապա` մանդատային համակարգի գաղափարը: Ընդ որում` Լիգայի ամերիկյան կողմնակիցները ենթադրում էին, որ իրենց նախագծով «կանոնավորում»  ու «առողջացնում» են Վերսալյան խաղաղության պայմանագիրը[5]:

«Ուիլսոնյան հայեցակարգի» մեջ մասնավորապես առաջնակարգ նշանակություն ունեին «բաց դիվանագիտության», «ծովերի ազատության» և «վեճերի ազատ կարգավորման» հասկացությունները: Իրականում, սակայն, Միացյալ Նահանգները բոլորովին էլ չէր հրաժարվում գործող «գաղտնի դիվանագիտությունից» այլ միայն դեմ էր այն պայմանագրերին ու համաձայնագրերին, որոնք ռազմավարի բաժանման մասին կնքել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մյուս տերությունները` առանց Միացյալ Նահանգների մասնակցության:  Ավելին`  ամերիկյան մոնոպոլիստական շրջանակները Ազգերի լիգան դիտարկելով իբրև համաշխարհային տիրապետության հասնելու միջոց, ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ մանրազնին մշակել էին «բաց դռների» քաղաքականությունը ամենուրեք կիրառելու հարցը: «Մոնրոյի դոկտրինայի» իրականացմամբ նրանք մտադիր էին ստիպել Մեծ Բրիտանիային և ուրիշ եվրոպական երկրներին  հրաժարվել Լատինական Ամերիկայից` հօգուտ ԱՄՆ-ի: Այսու` «Ճիշտ այնպես, ինչպես այդ դոկտրինան տվեց արևմտյան աշխարհին, Ազգերի լիգան կարող է տալ մնացյալ աշխարհին»:[6]

Մեծ Բրիտանիայի լուրջ հակադրությանն հանդիպեց հատկապես «ծովերի ազատության» սկզբունքը, քանի որ Վ. Ուիլսոնը պահանջում էր Ազգերի լիգան ստեղծել այնպես, որը կապահովեր «ծովային ճանապարհների անձեռնամխելիությունը բոլոր տերությունների անարգել ու ընդհանուր օգտագործման համար»[7], այն է` կենսագործել «ծովերի ազատության»  սկզբունքը: Այսու` «ծովերի ազատության» խնդրի վերաբերյալ հիմնական դիվանագիտական պայքարը երկու  տերությունների ռազմածովային նավատորմների մրցակցության մեջ էր, որում համաշխարհային պատերազմի ավարտից և Գերմանիայի ջախջախումից հետո առավելությունը անցել էր Մեծ Բրիտանիային: «Ծովերի ազատության» տեսությամբ Ազգերի լիգայի ամերիկյան հիմնադիրները միջազգային կազմակերպության միջոցով  տնտեսական ու տարածքային նվաճումներ իրականացնելու ծրագրեր էին մշակել:

Ամերիկյան  «ներթափանցման» ծրագրերից էր նաև Մերձավոր ու Միջին Արևելքում, կամ գաղութային ու կախյալ երկրներում հաստատվելու ձգտումը: Այդ նպատակով ամերիկյան դիվանագետները պաշտպանում էին մանդատային համակարգի գաղափարը: Դա իրականացնելու համար նրանք մշակել էին իրենց ծրագրերին համապատասխան մոտեցում, որը հնարավորություն կտար մանդատները վերաբաժանել հօգուտ ԱՄՆ-ի: Մանդատային համակարգի ամերիկյան օրինակի հիմքում դրված էր վերոդիտարկյալ «բաց դռների», «հավասար հնարավորությունների» և գաղութային տիրույթները «միջազգայնացման» սկզբունքները, որոնք արտացոլված էին 1918 թվականի հոկտեմբերի 29-ի Պետդեպարտամենտի հուշագրում[8]: Ըստ այդմ` ԱՄՆ-ը առաջարկում էր  ինքնուրույնությունից զրկել մանդատներին, «ինտերնացիոնալիզացիայի» ենթարկել դրանք, այն է` նախատեսել Ազգերի Լիգայի բոլոր անդամների իրավունքների ու արտոնությունների հավասարությունը ենթամանդատային տարածքներում: Այդպիսի «խաղաղ» քայլերով ամերիկյան կողմը հաշվարկել էր ներթափանցել ոչ միայն պարտված Գերմանիայի ու Թուրքիայի, այլև`  դաշնակից տերությունների նախկին գաղութային տիրույթները: Նկատենք, սակայն, որ ամերիկյան հայեցակարգի մեջ հասկացությունները բավականին անորոշ կողմեր ունեին: Այդ հանգամանքը նկատի ուներ և Դ. Լլոյդ Ջորջը, երբ գրում էր. «Մանդատների մասին նախագահ Ուիլսոնն ուներ իր պատկերացումները: Դժվար թե դա կարելի է կոչել ծրագիր, քանի որ պարզ էր, թե նա չէր մշակել իր առաջարկները և չկարողացավ կոնֆերանսին ներկայացնել քիչ թե շատ մանրամասն նախագիծ»:[9] Իրականում, սակայն ամերիկյան կողմն այդ անորոշությունների վրա էր կազմակերպելու իր մանևրումները:

Միջազգային հարցերի կարգավորման սեփական հայեցակարգն ուներ և Մեծ Բրիտանիան: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո նրա արտաքին քաղաքական առաջնային սկզբունքը մնում էր «ուժերի հավասարակշռության» հայեցակարգն, որը համաշխարհային քաղաքականության մեջ կարող էր ապահովել նրա միջնորդ դատավորի դերակատարումը: Ընդ որում` մինչև Փարիզի հաշտության կոնֆերանսի սկսվելը Մեծ Բրիտանիան արդեն հասել էր այն նպատակներից շատերին, որոնց հետամուտ էր հընթացս աշխարհամարտի: Այն է` խորտակվել էր Գերմանիայի տնտեսական հզորությունը և նրա մրցակցությունը համաշխարհային շուկաներում, վերացվել էր գերմանական ռազմածովային նավատորմի սպառնալիքը: Մեծ Բրիտանիան տիրացավ ռազմավարական և հումքային տեսակետից գերմանական կարևոր գաղութային տիրույթներին: Եվ հույժ կարևոր էր դարձել Փարիզի կոնֆերանսում պահպանել, ամրապնդել ու օրինականացնել իր բոլոր ձեռքբերումները:

Ուստի` Մեծ Բրիտանիան փորձում էր եվրոպական պետություններին միմյանց հակադրելու ու բախման  հասցնելու, նրանց փոխադարձ թուլացնելու ճանապարհով հասնել Եվրոպայի արտաքին քաղաքականության վրա իր վերահսկողության հաստատմանը: Եվ դա էլ կազմում էր Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան տարիների արատաքին քաղաքականության հիմքը, որն իր արատցոլումը գտավ նաև Ազգերի լիգայի ստեղծման նրա ծրագրերում: Այն է` Անգլիայի կառավարող շրջանակները մտադիր էին Ազգերի լիգան կիրառել որպես «ուժերի հավասարակշռման» քաղաքականության գործիք, որը թույլ կտար Մեծ Բրիտանիային եվրոպական պետությունների մեջ հանդես գալ միջնորդ դատավորի կարգավիճակով, միևնույն ժամանակ` թույլ չտալով կողմերից որևէ մեկի ուժեղացմանը: Ընդ որում` Մեծ Բրիտանիան չէր ցանկանում ավելի թուլացած տեսնել իր պարտված թշնամուն, այն է` Գերմանիային: Ու. Չերչիլի ձևակերպմամբ, Գերմանիան «գրեթե աննկատ […] դաժան պայքարից կանցնի մեր բոլորի հետ բնական համագործակցության»:[10] Ուստի` նա փորձելու էր Գերմանիան կազմակերպել իբրև հակակշիռ մի կողմից` Ֆրանսիային, մյուս կողմից` Խորհրդային Միությանը:

Ըստ էության, անգլոսաքսոնական նախագծերի հիմքում ընկած էր «ըմբռնման» և «համաձայնության» սկզբունքները[11], որոնք իրենց նախնական արտացոլումը գտել էին Ու. Ֆիլիմորի հանձնաժողովի նախագծում: Հանձնաժողովի 1918 թվականի մարտի 20-ին նախապատրաստվող զեկույցի մեջ նախատեսվում էր դիվանագիտական դաշինքի ստեղծում` միջնորդ դատարանի երաշխավորված գործընթացի ճանապարհով: Սակայն վերոհիշյալ նախագիծը չէր շոշափում նվաճված վիթխարի գաղութների և կախյալ պետությունների հետ Ազգերի լիգայի փոխհարաբերությունների հիմնախնդիրը: Ուստի` այն հանձնարարվեց Յա. Սմեթսին, ով 1918 թվականի դեկտեմբերի 16-ի «Գործնական առաջարկներ»-ի մեջ ամրագրում է Ռուսաստանի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի տիրազուրկ տարածքների նկատմամբ հաղթող դաշնակիցների ժառանգական իրավունքի գաղափարը: Ըստ Յա. Սմեթսի` Ազգերի լիգան պետք է դիտել «իբրև իրավահաջորդ»[12]: Այսու` Մեծ Բրիտանիայի նախագիծը նպատակաուղղված էր Բրիտանական կայսրության ամրացմանը և նրա ծովային հզորության պահպանմանը, ինչը, նշանակում էր «Բրիտանիայի գաղափարների տարածումն հանուր աշխարհով»[13]:

Այս համապատկերում ֆրանսիական նախագիծը հստակորեն տարբերվում էր անգլո-ամերիկյան ծրագրերից: Ֆրանսիան, լինելով ցամաքային ռազմական հզոր տերություն, Ազգերի լիգան նախ և առաջ դիտարկում էր իբրև դաշնակցային պայմանագրերի վրա հիմնված ռազմական մեխանիզմ ու համակարգ: Հենվելով այդ գործոնի վրա` նա  կարող էր միջազգային կազմկերպությունը օգտագործել մայրցամաքում իր տիրապետությունը հաստատելու և Գերմանիային որոշակիորեն թուլացնելու նպատակով[14]: Ուստի` ֆրանսիացի դիվանագետները պահանջում էին Ազգերի լիգային տալ ռազմական բնույթ[15]:

Միջազգային կազմակերպության ֆրանսիական սխեման իրենից ներկայացնում էր համաշխարհային քաղաքականության մեջ  Ֆրանսիայի գերիշխանությունը և Գերմանիայի նկատմամբ Ֆրանսիայի ռազմական գերակշռությունը ամրացնելու ընդհանուր հայեցակարգի մի մասը: Ֆրանսիայի տնտեսական, ռազմական, դիվանագիտական պաշտպանության ծրագրերը համաձայնեցվում և ուղղորդվում էին առ այն, որ «Ազգերի լիգան ձևավորվի ռազմական միության տեսքով, որը  կկարողանար ներխուժում իրականացներ ցանկացած պետության նկատմամբ` կոչված պաշտպանելու քաղաքակրթության հետաքրքրությունները…»[16]: Ռազմական կազմակերպության գաղափարը հիմնվում էր «առանձին վտանգավորության» ֆրանսիական հայեցակարգի վրա, ըստ որի` մի շարք երկրներ իրենց աշխարհագրական դիրքով ավելի շուտ կարող են ենթարկվել ռազմական հարձակման, քան` ուրիշները, որը պահանջում էր սահմանել մեծ չափով սպառազինություն և տրամադրել ավելի շատ երաշխիքներ, քան մյուս ազգերին:

Ազգերի Լիգայի Ֆրանսիայի նախագծում ցույց էր տրվում, որ Լիգայի Միջազգային դատարանի որոշմամբ կարելի էր ստիպել անդամ-պետությանը  ընդունել սահմանված որոշումը: Մեծ տեղ էր հատկացվում Լիգայի գործադիր օրգանին` միաձայնության սկզբունքով գործող Միջազգային Խորհրդին: Թեպետ Խորհրդի աշխատանքային ընթացակարգը նախատեսվում էր խաղաղ միջոցներով իրականացնել, սակայն շեշտադրությունը կատարվում էր «դիվանագիտական ու ռազմական միջոցներով» նրա կիրառման իրավունքի վրա:

Սակայն առավել լուրջ խնդիր, որը բերեց անգլո-ամերիկյան ու ֆրանսիական կողմերի բախմանը, հանդիսացավ Միջազգային Կազմակերպության լիազորությունների ու բնույթի մասին հարցը: Ֆրանսիական կողմը համառորեն ձգտում էր միջազգային բանակի կամ թեկուզև միջազգային շտաբի (սպայակույտ) ստեղծմանը: Ավելին` ֆրանսիացիների առաջնային խնդիրներից մեկն  էր Լիգային տալ դատական ու պատժիչ գործառույթներ` մտցնելով այն Կանոնադրության  ներածականի մեջ: Բացի այդ, ցանկացած հարցի քննարկման դեպքում ֆրանսիական պատվիրակությունը մշտապես հարց էր բարձրացնում Ազգերի լիգայում Գերմանիայի հանդես գալու անթույլատրելիության մասին: Նկատենք, որ այս առումով միմյանցից տարբերվում էին անգլո-ամերիկյան ծրագրերն` իրենց «անորոշությամբ-ճկունությամբ» և ֆրանսիական ծրագիրն` իր «որոշարկվածությամբ»: Չնայած դրան` անգլո-ամերիկյան բլոկը, ուղղված լինելով ընդդեմ Ֆրանսիայի, կարող էր վերաճել և անգլո-ֆրանսիական բլոկի` ուղղվելով ԱՄՆ-ի դեմ:

Նկատենք, սակայն, որ միջազգային խորը հակասությունները ոչ միայն խթանում էին Համաշխարհային գերիշխանության ձգտող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջազգային կազմակերպության հարացույցերում առկա կենտրոնախույս միտումներին, այլև կյանքի էին կոչում Ազգերի լիգայի վերաբերյալ այլ երկրների տարբեր մոտեցումները:

Չեզոք պետությունները և փոքր երկրները ևս ակտիվորեն ներառված էին Միջազգային Կազմակերպության նախագծի կազմման աշխատանքներում:    Առանձին երկրների տարբեր տեսակետները ողջ ծավալով դրսևորվեցին Փարիզի խաղաղության կոնֆերանսում (18 հունվարի 1919թ. – 21 հունվար 1920 թ.), որտեղ բարդ ու հանկարծակի փոփոխվող քաղաքական պայքարի, հակամարտությունների ու փոխհամաձայնությունների, հրապարակային նստաշրջանների և կոալիցիոն գաղտնի բանակցությունների  արդյունքում ծնվեց Միջազգային Կազմակերպությունը: Փարիզի խաղաղության կոնֆերանսի նպատակն էր վերաբաժանել աշխարհը մեծ տերությունների միջև ուժերի նոր հարաբերակցության հիմքի վրա, որը ձևավորվել էր առաջին համաշխարհային պատերազմից հետո:

Այսու` Միջազգային Կազմակերպության ստեղծման հետ կապված տարբեր պետությունների նախագծերը արտացոլում էին ետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ վերջիններիս միջև առկա խորը հակասությունները: Չնայած այդ ամենին` ի վերջո 1919 թվականի ապրիլի 28-ին կազմավորվում է Ազգերի լիգան:

Ամփոփենք: Փարիզի կոնֆերանսում մշակված պայմանգրերի մեջ առանձնահատուկ դերակատարում ուներ Վերսալյանը, որն իր մեջ էր ներառում Ազգերի լիգայի կանոնադրությունը: Ընդ որում` վերջինս հանդիսանում էր այդ պայմանագրի անքակտելի բաղկացուցիչը: Ուստի` պատահական չէր, որ բավականին սուր պայքար ծավալվեց միջազգային նոր կազմակերպության Ազգերի լիգայի բովանդակության ու գործառույթների շուրջ: Արդյունքում` հաստատվում է «կոմպրոմիսային» տարբերակը, որն իր բովանդակությամբ բավականին մերձ էր անգլիական հիմնական հայեցակարգին: Այդուամենայնիվ` ստեղծված լիգան իր տրամադրության տակ չուներ միջազգային խաղաղության պահպանման համար անհրաժեշտ ռեալ իրավունքներ ու միջոցներ: Իսկ արդեն 1930-ական թվականներին պարզ դարձավ, որ «հավաքական անվտանգության» համակարգի միջոցով միջազգային զինված հարձակումների կանխման գաղափարը պատրանք է: Ազգերի լիգան, սակայն, շարունակեց իր ձևական գոյությունը մինչև Երկրորդ աշխարհամարտի վերջը, երբ նրան պաշտոնապես փոխարինեց Միավորված ազգերի կազմակերպությունը:


[1] President Woodrow Wilson’s Fourteen Points, URL:// http://avalon.law.yale.edu/20th_century/wilson14.asp; (13.11.2010).

2 Системная история международных отношений в двух томах, Под ред. А. Д. Богатурова, т. Первый, Собития 1918-1945 годов, М., Культурная история, 2009, с. 37.

3 R. S. Baker and W. E. Dodd [Ed.], The Public Papers of Woodrow Wilson, N. Y.; L., 1927, v. 6, p. 18-19.

4 F. R. Dulles, America’s Rise to World Power, 1898-1954, New York, Harper and Brothers, 1955, p. 128.

5 Մեջբերումն ըստ`Lettres on the League of Nations. From the Files of Raymond B. Fosdic, Prinsceton, 1966, p. 9.

6  Մեջբերումն ըստ` Р. М. Илюхина, Лига Наций, 1919-1934, М., Изд.: “Наука”, 1982, с. 43.

7  W. A. Foster, The New Freedom of Seas, L., 1942, p. 70.

8 Ավելի մանրամասն տես` А. Е. Кунина, Прoвал американских планов завоевания мирового господства, 1917-1920, М., 1954

9 Д. Ллойд Джордж, Правда о мирных договорах, В 2-х т., т. 1, М., 1957, с. 463.

10 В. Черчилль, Мировой кризис, М., 1932, с. 6.

11  H. W. V. Temperley, A History of the Peace Conference of Paris, L., 1924, v. 6, p. 461.

12   Д. Ллойд Джордж, указ. соч., с. 527.

13     G. Murray, An Unfinished Autobiography, L., 1960, p. 178.

14     З. С. Белоусова, Франция и европейская безопасность, 1929-1939, М., 1976, с. 11-13.

15      J. B. Duroselle, Histoire diplomatique de 1919 anos jours, P., 1971, p. 75.

16       Р. С. Бэкер., Вудро Вильсон. Мировая война. Версальский мир, М., 1923.

ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, Համաշխարհային պատմության ամբիոն,  մագիստրատուրա II կուրս, Լևոն Սուրենի Միրզոյան

mirzoyan.levon@gmail.com